Կարծիք

08.01.2021 16:44


Խփե՞լ, թե՞ դատել Նիկոլ Փաշինյանին. յո՞ երթաս, Հայաստա՛ն

Խփե՞լ, թե՞ դատել Նիկոլ Փաշինյանին. յո՞ երթաս, Հայաստա՛ն

Եկեք իրերն անվանենք իրենց անուններով և խոսենք բաց տեքստով:

Նոյեմբերի 9-ից հետո մեզ մոտ ստեղծվել է անբնական, պայթյունավտանգ ու անտրամաբանական իրավիճակ: Նիկոլ Փաշինյանը մեզ տարավ պատերազմի ու կապիտուլյացիայի, բայց նոյեմբերի 9-ից հետո ինքնասպան չեղավ ու հրաժարական չտվեց:

Նրա հեռացման ու նոր կառավարության ձևավորման պահանջով քաղաքական պայքարը դեռ չի հասել արդյունքի: Նիկոլը, վախից կամ այլ մոտիվացիայից ելնելով, մնում է աթոռից կառչած: Դա նյարդայնացնում է արժանապատիվ ու պետականամետ քաղաքացիներին՝ գցելով նրանց ծայրահեղության գիրկը:

Նիկոլ Փաշինյանն իր վարքագծով ձևավորել է իր ֆիզիկական ոչնչացման հանրային պահանջ: Մարդկանց մի ստվար հատված քաղաքական ուժերից պահանջում է բառիս բուն իմաստով խփել Փաշինյանին: Ու որքան քաղաքական լուծումներն ուշացած կամ անարդյունավետ լինեն, այնքան մեծանալու է Փաշինյանի ֆիզիկական ոչնչացման պահանջը: «Վճռական գործողություններ», «հերիք է միայն խոսեք, ավելի լավ է կոնկրետ գործ արեք» ձևակերպումների տակ իրականում Փաշինյանին խփելու պահանջն է:

Ընդդիմությունը դժգոհ է, որ մեր քաղաքացիները զանգվածաբար դուրս չեն գալիս փողոց ու միայն տանը նստած պահանջում են վճռականություն, իսկ քաղաքացիները դժգոհում են, որ ընդդիմությունը քաղաքական ճանապարհով կամ վճռական գործողություններով (նկատի ունեն Փաշինյանին վերացնելը) չի կարողանում հարցին լուծում տալ: Առաջանում է փակուղի: Պետությունն անտերության է մատնվել: Կապիտուլյացիան շարունակվում է՝ շագրենու կաշվի նման փոքրացնելով Հայաստանը:

Ի դեպ, «Իմ քայլի» պատգամավորները, չմասնակցելով Փաշինյանին քաղաքական-սահմանադրական ճանապարհով հեռացնելու գործընթացին կամ չնախաձեռնելով այդպիսի գործընթաց, ևս նպաստում են ցնցումային սցենարի պահանջարկի մեծացմանը:

Ինքս՝ որպես ՀՀ քաղաքացի, կողմնակից չեմ Փաշինյանի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարին: Դա մեծ նվեր կլինի իրեն ու իր դրսի տիկնիկավարներին:

Ես կողմ եմ, որպեսզի դավաճանը դատվի և իր աչքերով տեսնի մեր երկրի վերածնունդը, ինչն անհամեմատ մեծ պատիժ կլինի իր ու մեր թշնամիների համար:

Հունվարի 11-ը կարող է նոր «նոյեմբերի 9» դառնալ՝ հնարավորություն չտալով խնդիրն, այդուհանդերձ, լուծել քաղաքական ճանապարհով:

Յո՞ երթաս, Հայաստա՛ն:

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը