Մեկնաբանություն

08.01.2021 00:45


Ի՞նչ է լինելու Մոսկվայում հունվարի 11-ին... ոչնչությունը կրկնելու է նոյեմբերի 9-ը

Ի՞նչ է լինելու Մոսկվայում հունվարի 11-ին... ոչնչությունը կրկնելու է նոյեմբերի 9-ը

Որքան հայտնի է, հունվարի 11-ին նախատեսվում է զուտ «թղթի վրա» ՀՀ վարչապետ համարվող նիկոլ փաշինյանի այցը Մոսկվա: Ավելին, նախատեսվում է Պուտինի ու ալիևի հանդիպում, որին, ասում են, ներկա է գտնվելու նաև նիկոլ փաշինյանը:

Է՛լ ավելին, ենթադրվում է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը և ադրբեջանական ղեկավար ալիևը ինչ-որ փաստաթուղթ են ստորագրելու, որի տակ, ամենայն հավանականությամբ կլինի նաև ազգադավ ու կապիտուլյանտ նիկոլի ճանկռտոցը ևս:

Ի՞նչ սպասել փաշինյանի մոսկովյան այդ վոյաժից: Եթե՝ հակիրճ, ապա՝ միմիայն վատ ու շատ վատ բաներ:

Առհասարակ, հունվարի 11-ի հետ կապված հավանական ամենից մեծ սպասումն այն է, որ ա) փաշինյանն այնպես վարակված լինի, որ «ինքնամեկուսացումից» ուղղակի չկարողանա դուրս գալ, բ) Աստծո նախախնամությամբ նրա ավտոշարասյունը չհասնի օդանավակայան, գ) փաշինյանի բախտը կբերի և նրան տեղափոխող օդանավը չի հասնի Մոսկվա:

Սակայն բոլոր այդ տարբերակները կամ հավանականությունները, այսպես ասենք՝ քիչ հավանական կամ զուտ տեսական են: Այնպես որ, նիկոլ փաշինյանը ֆիզիկապես ողջ-առողջ օդանավակայան էլ կհասնի, Մոսկվա էլ, ինչ-որ դեմը դնեն՝ սուսիկ-փուսիկ կստորագրի էլ, հնարավոր է նույնիսկ, որ նույնքան ողջ-առողջ և նույնիսկ կենսուրախ վերադառնա Երևան, ասենք, իր «կիրթ ու կառուցողական» գործակցից նվեր ստացած նոր ժամացույցով և օծանելիքի սրվակով ծանրաբեռնված: Բայց դա արդեն կարևոր չէ:

Դժվար չէ կռահել կամ կանխատեսել, որ հունվարի 11-ին Մոսկվայում լինելու է նոյեմբերի 9-ը, այսինքն՝ մի նոր կապիտուլյացիա, ավելի ստույգ՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի վերաամրագրում, ն լրումն՝ Հայաստանը կտոր-կտոր թշնամուն հանձնելու վերաբերյալ սույն դավաճանական իշխանության պարագլուխ փաշինյանի «բանավոր համաձայնությունների» գրավոր արձանագրում:

Հասկանալի է նաև, որ փաշինյանի ֆիզիկական առկայությունը Մոսկվայում ամենից շատ այն բանի համար է, որպեսզի հետո ինչ-որ մեկը չասի, թե երկու երկիր երկկողմ համաձայնությամբ մեջ-մեջ են արել երրորդի տարածքը՝ առանց վերջինիս մասնակցության:

Ամեն պարագայում դժվար է պատկերացնել, թե «եռակողմ» հանդիպմանը այդ ի՞նչ է բանակցելու նիկոլ փաշինյանը և ո՞ւմ անունից է բանակցելու: Առհասարակ, ոչ միայն դժվար, այլև վիրավորական է պատկերացնել, թե դա ինչ տեսքով է նստելու նույն սեղանի շուրջ, ալիևի հետ՝ վերջինիս քամահրական ու «դավոլնի ռոժի» դիմաց:

Ինչ վերաբերում է այդ հանդիպման հետևանքներին, ապա դավաճանի պաշտամունքով տառապող նիկոլազգիները հաստատ հրճվանքից վեր կթռչեն, եթե հանկարծ պարզվի, որ հունվարի 11-ի հանդիպման հետևանքով իրենց կուռքը համաձայնել է, օրինակ, Գեղարքունիքն ու Տավուշն էլ հանձնել ադրբեջանին, իսկ հետո, ասենք, Մասիսն ու Արարատը, հատկապես՝ իր երդվյալ երկրպագու Արամ Զ.Սարգսյանի ծննդավայրը: Վերջինս նույնպես շատ կուրախանա, երևի:

Իսկ հանարավո՞ր է արդյոք որևէ այլ բան սպասել մեկից, նկատի ունենք փաշինյանին, ով հետևողականորեն տապալեց բանակցային գործընթացը, միտումնավոր արագացրեց պատերազմի վերսկսման հնարավորությունը, քայքայեց բանակը, Արցախն ու Հայաստանը հետևողականորեն տարավ պարտության, իսկ նոյեմբերի 9-ի երեկոյան էլ, ժողովրդի թիկունքում կործանարար և նվաստացուցիչ կապիտուլյացիոն ակտ ստորագրեց:

Այնպես որ, հունվարի 11-ին լինելու է ևս մեկ նոյեմբերի 9-ի երեկո:

Ի դեպ, հետաքրքիր է, թե Մոսկվայում ո՞ւմ է ներկայացնելու փաշինյանը: Տողերիս հեղինակն, օրինակ, չի ճանաչում նման անուն-ազգանունով ՀՀ ղեկավար: Վստահ եմ նաև, որ նիկոլ փաշինյանին այլևս ՀՀ ղեկավար չեն ընդունում ու չեն ճանաչում ինձանից շատ ավելի արժանավոր հազարավոր, տասնյակ հազարավոր, եթե ոչ՝ հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ:

Չէ, հասկանալի է, որ թղթերով նիկոլ փաշինյանը դեռևս հիշատակվում է որպես ՀՀ վարչապետ: Բայց ո՞ւմ է նա ներկայացնում: Իր դավաճանական խմբա՞կը: Զոմբիների՞ն: Տխրահռչակ պոակա-ֆեյքերի՞ն: Հայաստանը քայքայած «սորոսյուգենդի՞ն», իր կռապաշտ-աղանդավորների՞ն: Ո՞ւմ:

Եվ ընդհանրապես, նա ի՞նչ իշխանություն է, եթե երկրում ու նաև Սփյուռքում որքան խելքը գլխին մարդ ու կազմակերպություն կա, պահանջում են նրա հեռացումը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը