Աշխարհ

07.01.2021 07:37


Թրամփի աջակիցները ներխուժել են Կապիտոլիում, կան զոհեր (տեսանյութ, լուսանկար)

Թրամփի աջակիցները ներխուժել են Կապիտոլիում, կան զոհեր (տեսանյութ, լուսանկար)

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել են Կապիտոլիումի շենք, ինչից հետո Կոնգրեսում ընթացող քննարկումը դադարեցվել է:

Ցուցարարները բղավել են «Մենք Թրամփին ենք ցանկանում», նրանցից շատերի ձեռքին եղել են Թրամփի լուսանկարները, ինչպես նաև ԱՄՆ դրոշը:

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ, մեկ կին է տուժել բախումների հետևանքով:

Վաշինգտոնում բողոքի ցույցերի ընթացքում չորս մարդ է զոհվել, հայտնել է տեղի ոստիկանության պետ Ռոբերտ Կոնտին, փոխնցում է Independent-ը։

Հիշեցնենք, որ Սենատն այսօր պետք է հաստատեր նորընտիր նախագահ Ջո Բայդենի՝ ընտրիչների կողմից ստացած ձայները:

Ավելի վաղը Դոնալդ Թրամփը, Վաշինգտոնում իր հազարավոր աջակիցներին դիմելով, հայտարարել էր, որ «մենք երբեք չենզ նահանջի»:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել վերջ տալ բռնություններին: «Չենք հանդուրժելու Կապիտոլիումի վրա այս հարձակումը և բոլոր մասնակիցները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-թվիթերյան իր էջում գրել է նա:

BBC-ն տեղեկացնում է, որ ոստիկանությունը ցուցարարներից մի քանիսին բերման է ենթարկել:

Ցուցարարների մի մասը ներխուժել է Սենատի նիստերի դահլիճ:

Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ նախագահի պահանջով ազգային գվարդիան է կանչվել կարգուկանոն հաստատելու համար:

Ավելի վաղ Թրամփը թվթերյան գրառման միջոցով իր աջակիցներին կոչ էր արել զերծ մնալ բռնությունից:

«ԱՄՆ Կապիտոլիումում գտնվող բոլորին խնդրում եմ խաղաղ մնալ: Ոչ մի բռնություն: Հիշե՛ք, մենք կարգ ու կանոնի կուսակցություն ենք, հարգեք օրենքը: Շնորհակալություն»,-գրել է նախագահը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից նաև տեսաուղերձով դիմել է Կապիտոլիումի շենքը գրոհած և նախագահական ընտրությունների ելքը վիճարկող բազմաթիվ աջակիցներին՝ նրանց կոչ անելով տուն գնալ:

Ինչպես հաղորդում է CNN-ը, միևնույն ժամանակ Թրամփն իր խոսքում ևս մեկ անգամ շեշտել է, որը ընտրությունները գողացված են:

«Ես գիտեմ ձեր ցավը, գիտեմ՝ վիրավորված եք: Մենք ունենք ընտրություն, որը գողացվել է մեզնից: Դուք պետք է տուն գնաք: Մեզ խաղաղություն է պետք»,-ասել է նախագահը:

Facebook-ը հեռացրել է Թրամփի՝ աջակիցներին ուղղված այս տեսաուղերձը, ինչի մասին հայտնում է CNN-ը:

Twitter սոցկայքը հայտարարել է, որ առնվազն տասներկու ժամով արգելափակում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի էջը: Այս որոշմանը նախորդել էր Թրամփի գրառումներց երեքի արգելափակումը:

Ինչպես նշում է The Guardian-ը, ընկերության պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ այս ամենն արվում է Վաշինգտոնում ստեղծված աննախադեպ իրավիճակը կարգավորելու նպատակով:

BBC-ն տեղեկացնում է, որ ցուցարարների մի մասը զինված է, նրանք քայլում են Կոնգրեսի միջանցքներով:

CNN-ը տեղեկացնում է, որ իրավապահները Կոնգրեսի շենքի տարբեր մասնաշենքերում առնվազն երկու պայթուցիկ սարք են գտել, որոնք վնասազերծվել են:

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը, անդրադառնալով Կոնգրեսում տեղի ունեցող իրադարձություններին, ասել է, որ «մեր ժողովրդավարությունն աննախադեպ հարձակման է ենթարկվում»:

«Այս պահին մեր ժողովրդավարությունն աննախադեպ հարձակման է ենթարկվում, հարձակում, ինչպիսին մենք երբեք չենք տեսել մեր ժամանակներում: Սա հարձակում է ազատության ցիտադելի վրա, Կապիտոլիումի վրա»,-ասել է նա:

Իլինոյս նահանգից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ ընտրված հանրապետական կոնգրեսական Ադամ Կինզինգերը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի գրոհը, հայտարարել է. «Սա հեղաշրջման փորձ է»:

CNN-ը հաղորդում է, որ Կոնգրեսի անդամները տարհանվել են Կապիտոլիումի շենքից: Ըստ իրավապահ մարմինները ներկայացնող պաշտոնյայի՝ նրանք տեղափոխվելու են Վաշինգտոնում գտնվող «Ֆորտ ՄըքՆեյր» ռազմակայան:

Համաշխարհային առաջնորդներն ու ղեկավարներն արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի շենքի գրոհին՝ խստագույնս դատապարտելով կատարվածը:

Մասնավորապես Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է. «Խայտառակ տեսարաններ ԱՄՆ Կոնգրեսում: Միացյալ Նահանգները հանդես է գալիս ժողովրդավարության օգտին ամբողջ աշխարհում, և այժմ շատ կարևոր է, որ տեղի ունենա իշխանության խաղաղ և կանոնավոր փոխանցում»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգ. «Շոկային տեսարաններ Վաշինգտոնում: Այս ժողովրդավար ընտրությունների արդյունքները պետք է հարգվեն»:

Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացմանն ու լիահույս են, որ ԱՄՆ-ն կհաղթահարի ներքաղաքական ճգնաժամը:

Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին ևս իր խոր անհանգստությունն է հայտնել այս առնչությամբ՝ վստահություն հայտնելով, որ ԱՄՆ-ն կպաշտպանի ժողովրդավարության օրենքները:

Իսլանդիայի, Նորվեգիայի, Իսպանիայի, Ավստրիայի վարչապետերը ևս անհանգստություն են հայտնել ու իրավիճակը շոկային որակել:

Հարձակումը դատապարտել է նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը՝ ընդգծելով, որ սա ժողովրդավարության դեմ մահացու հարձակում է:

«ԱՄՆ Կոնգրեսը ժողովրդավարության տաճար է, և այսօրվա տեսարաններն ուղղակի շոկային են: Մենք վստահում ենք ԱՄՆ-ին, որ այն կերաշխավորի իշխանության խաղաղ փոխանցումը Ջո Բայդենին»,-նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի շենքի գրոհին:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Զախարովան իր ֆեյսբուքյան էջում կիսվել է CNN-ի մոսկովյան ծառայության նախկին ղեկավար Ջիլ Դոգերտի գրառմամբ առ այն, որ հիմա ԱՄՆ-ն չի կարող աշխարհին ասել, որ ժողովրդավարության օրինակ է:

«Միացյալ Նահանգներն այլևս երբեք չի կարող աշխարհին ասել, որ մենք ժողովրդավարության օրինակ ենք»,-գրել է Դոգերտին:

ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը դատապարտել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի շենքի գրոհը՝ կատարվածը «զզվելի և միևնույն ժամանակ սիրտը կոտրող» որակելով: Նա ընդգծել է, որ «այսպես են վիճարկվում ընտրությունների արդյունքները բանանային հանրապետությունում»։

Չնայած Բուշը անունով չի նշում նախագահ Թրամփին, սակայն նրա հայտարարության մեջ հստակ հղում կա ինչպես Թրամփին, այնպես էլ հանրապետական մյուս պաշտոնյաներին. «Ես սարսափում եմ ընտրություններից ի վեր որոշ քաղաքական առաջնորդների անխոհեմ պահվածքից և այսօր մեր ինստիտուտների, մեր ավանդույթների և իրավապահ մարմինների նկատմամբ հարգանքի պակասից»:

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը դատապարտել է բռնությունն ԱՄՆ Կապիտոլիումի տարածքում՝ հայտարարելով. «Այսօր մենք բախվեցինք աննախադեպ հարձակման մեր Կապիտոլիումի, մեր Սահմանադրության և երկրի դեմ: Հարձակմանը նպաստել է կանխամտածված ապատեղեկատվություն տարածելու, մեր համակարգի նկատմամբ անվստահություն սերմանելու և ամերիկացիները միմյանց դեմ կանգնեցնելու ավելի քան չորս տարվա թունավոր քաղաքականությունը: Լուցկին վառել են Դոնալդ Թրամփը և նրա ամենաթեժ աջակիցները, այդ թվում ՝ շատերը Կոնգրեսում՝ իր կողմից պարտված ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար: Ընտրություններն ազատ էին, հաշվարկն արդար էր, արդյունքը վերջնական է: Մենք պետք է ավարտենք մեր Սահմանադրության մանդատների իշխանության խաղաղ փոխանցումը»:

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով Կոնգրեսի իրադարձություններին, ասել է, որ պատմությունը կհիշի այսօրվա հարձակումը, որը հրահրվել է նախագահի կողմից, որը շարունակաբար անհիմն կերպով ստել նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքների մասին: Նա նաև նշել է, որ սա «մեծ ամոթի» պահ է երկրի համար:

«Բայց մենք ինքներս մեզ ծաղրած կլինենք, եթե այս ամենին վերաբերվենք որպես կատարյալ անակնկալ»,-ասել է նա՝ ավելացնելով, որ հանրապետականների և նրանց ուղեկցող լրատվական էկոհամակարգի «երևակայական նարատիվը» քվեարկության վերաբերյալ ճշմարտության հարցում ապակողմնորոշել են իրենց հետևորդներին: «Եվ մենք ահիմա տեսնում ենք դրա հետևանքները»,-ասել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը, Սպիտակ տանը նրա օգնական Իվանկա Թրամփը, մեկնաբանելով իր հոր աջակիցների կողմից Կապիտոլիումի շենքի գրոհը, թվիթերյան էջում այդ մարդկանց «ամերիկացի հայրենասերներ» է անվանել, ինչպես նաև ընդգծել է, որ բռնությանը պետք է անհապաղ վերջ տրվի: Ինչպես նշում է CNN-ը, րոպեներ անց նա ջնջել է գրառումը:

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի աշխատակազմի ղեկավար Ստեֆանի Գրիշեմը հրաժարական է տվել նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի գրոհի ֆոնին։

Այժմ Սենատի դահլիճը մաքրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցներից: Ցուցարարներին դուրս են բերել Կոնգրեսի շենքից, հայտնում է CNN-ը: Հաղորդվում է նաև ձերբակալվածների մասին, սակայն ստույգ թիվ չի հրապարակվել:

Վաշինգտոնում պարետային ժամ է հայտարարվել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցների կողմից Կապիտոլիումի շենքի գրոհի ժամանակ հրազենային վնասվածք ստացած կինը մահացել է, ինչի մասին հայտնում է CNN-ը՝ ոստիկանությանը հղումով: Հայտնի է, որ կնոջը կրակել են Կապիտոլիումի շենքում. նա մահացել է հիվանդանոցում:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին գործընկերներին ուղղված նամակում հայտարարել է, որ Կոնգրեսի ղեկավարները որոշել են վերսկսել համատեղ նիստն այսօր երեկոյան՝ վավերացնելու նորընտիր նախագահ Ջո Բայդենի հաղթանակը, գրում է CNN-ը:

«Խորհրդակցելով առաջնորդ Հոյերի և Ուփ Քլայբորնի հետ, ինչպես նաև կապ հաստատելով Պենտագոնի, Արդարադատության նախարարության և փոխնախագահի հետ, մենք որոշեցինք, որ պետք է այս գիշեր շարունակենք նիստը Կապիտոլիումում, երբ այն հասանելի դառնա օգտագործման համար»,-նշել է Փելոսին:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, որը նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների գրոհի հետևանքով անվտանգության նկատառումներով տարհանվել էր Կապտոլիումի շենքից, վերադարձել է Սենատի դահլիճ, որտեղ պետք է տեղի ունենա նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի վավերացման քվեարկությունը:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ այսօր Կոնգրեսի շենքում բռնություն գործադրած անձինք չեն հաղթել և երբեք չեն հաղթի:

«Նրանք, ովքեր այսօր Կապիտոլիումում ավերածություններ էին գործում, դուք չեք հաղթել, բռնությունը երբեք չի հաղթում, հաղթում է ազատությունը»,-ասել է նա:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, բացի այդ, Սենատ են վերադարձվում ընտրիչների կոլեգիայի անդամների քվեաթերթիկները, որոնք հաստատում են ընտրություններում Բայդենի հաղթանակը:

Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԱՄՆ Կոնգրեսը վերականգնել է աշխատանքը:

Սպիտակ տան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ պատրաստվում են հրաժարական տալ, տեղեկացնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրը: Նրանց մեջ է ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Ռոբերտ Օ՝Բրայենը, ինչպես նաև նրա տեղակալ Մեթ Փոթինգերը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Քրիս Լիդդլը:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուզը հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից: «Ինձ համար պատիվ էր աշխատել Թրամփի վարչախմբում և հպարտ եմ այն քաղաքականությամբ, որ մենք իրագործել ենք: Որպես մարդ, ով աշխատել է Կոնգրեսում՝ ես խորապես հուզված եմ այն ամենով, ինչ այսօր տեսա»,-ասել է նա:

Կոնգրեսի իրադարձությունների ֆոնին աշխատանքից ազատվել է նաև Սպիտակ տան սոցիալական հարցերով քարտուղար Աննա Քրիստինա Նիսետան:

CNN-ը տեղեկացնում է, որ 1812 թ. պատերազմից ի վեր ԱՄՆ Կապիտոլիումի վրա այսօրվա հարձակումն առաջինն էր:

ԱՄՆ կառավարության մի շարք անդամներ նախնական քննարկումներ են անցկացնում՝ դիտարկելու Սահմանադրության 25-րդ փոփոխության հնարավորությունից օգտվելու հարց դիտարկելու և գործող նախագահ Դոնալդ Թրամփին ժամանակից շուտ պաշտոնից հեռացնելու համար, տեղեկացնում են CNN-ը և BBC-ին:

Սահմանադրության 25-րդ փոփոխությունը սահմանում է, որ եթե երկրի նախագահն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները, ապա նրա պատասխանատվությունը կարող է պատվիրակվել փոխնախագահին:

Սահմանադրության 25-րդ փոփոխությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ կառավարության մեծամասնությունը, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահը գրավոր կարգով դիմեն Կոնգրեսի ղեկավարությանը:

Աղբյուրը՝ tert.am

На изображении может находиться: 1 человек, стоит и в помещении

Այս խորագրի վերջին նյութերը