Մեկնաբանություն

07.01.2021 00:36


Պաշտպանյալի ան-պաշտպանության նախարարները

Պաշտպանյալի ան-պաշտպանության նախարարները

Այս «տարօրինակ պատերազմի» ձախողումների հետ կապված, սովորաբար, ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է նիկոլ փաշինյանի վրա: Մի կողմից դա, իհարկե, ճիշտ է և արդարացված, բայց մյուս կողմից՝ անարդարացի է, ինչպես նախկին, այնպես էլ՝ գործող պաշտպանության նախարարների նկատմամբ: Ելնելով այն սկզբունքից, որ ոչ մի ոճիր և ոչ մի դետալ չպետք է անուշադրության մատնվի, փորձենք հակիրճ անդրադարձի սահմաններում լրացնել այդ բացը:

Բնականաբար, սկսենք Դավիթ Տոնոյանից: Նախկին բառից մանիակալ դեպրեսիայի մեջ ընկնող նիկոլն ու իր նիկոլիկները թե՛ առաջ, թե՛ առավել ևս հիմա միտումնավոր մոռացության են մատնում այն, որ պետության համար ամենակարևոր ոլորտի ղեկավար նշանակված անձնավորությունը՝ Դավիթ Տոնոյանը, լավ էլ նախկին էր: Համենայն դեպս, նա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք եղել է պաշտպանության փոխնախարար, ապա նաև՝ ԱԻ նախարար:

Հարցը միայն այն չէ, որ այս ուրույն կերպարը «նախկին» է: Դա կարևոր է փաշինյանի և իր զոմբիների համար: Մեր ընկալման տեսանկյունից էականը այն է, որ Դավիթ Տոնյանն ակնհայտորեն դարձել է Հայաստանի ամենից կայացած ու ամենից պետական կառույցի՝ բանակի քայքայման ու կազմաքանդման գործում նիկոլ փաշինյանի հանձնակատարը: Հենց Դավիթ Տոնոյանի միջոցով է նիկոլ փաշինյանը իրականացրել զինվորական ղեկավարության հաճախակի փոփոխությունները, ինչը մեծ հաշվով հանգեցրել է կազմակերպչական ու կարգապահական մակարդակի անկման, չհաշված ցանկացած նոր ղեկավարի նշանակմամբ պայմանավորված բնական շփոթը:

Հենց Դավիթ Տոնոյանի պաշտոնավարման շրջանում ու անմիջական մասնակցությամբ են իրականացվել, ինչպես բարոյապես մաշված 70-ականների ՀՕՊ միջոցների ձեռքբերման կասկածելի ու կոռուպցիոն ակնհայտ ռիսկեր պարունակող գործարքը, այնպես էլ՝ ոչ պակաս անտրամաբանական գործարքը՝ խաղալիք ՍՈՒ-30-ների ձեռքբերման հետ կապված:

Ճակատագրի ծաղր է, որ Դավիթ Տոնոյանը, ինչպես բազմիցս նշվել է տարբեր հրապարակումներում, պատերազմի մեկնարկին եղել է արտասահմանում՝ մտերիմ մեկի ծնունդը նշելու նպատակով: Իսկապես ծաղր է, քանզի 2016 թվականին նիկոլ փաշինյանն ու հետագայում նրա խմբակցության «նիկոլիկ» դարձած մեկն էին մարմնի որոշակի հատվածները պատառոտում՝ տարածելով բացահայտ սուտ ու միտումնավոր վարկաբեկիչ տեղեկություն, թե այն ժամանակվա ԳՇ պետ Խաչատուրովը, իբր, «ապրիլյան պատերազմի» սկսվելու մասին իմանալով չի շտապել ՊՆ:

Մի փոքր էլ դիտարկենք նորանշանակ Վաղարշակ Հարությունյանի պարագան: Նա նախկինից էլ նախկին է: Սակայն հարցը միայն դա չէ: Հենց Վաղարշակ Հարությունյանն է եղել նիկոլ փաշինյանի գլխավոր խորհրդականը, ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ՝ ընթացքում: Դժվար է կարծել, թե Վաղարշակ Հարությունյանը բացարձակ որևէ դերակատարում չի ունեցել պատերազմից առաջ և մարտական գործողությունների ընթացքում նիկոլ փաշինայնի կայացրած կործանարար որոշումները ընդունելու հարցում: Եվ նման մեկը նշանակվում է ՊՆ նախարար: Տրամաբանական է նկատել, որ այդօրինակ անձնավորության նշանակման ու ընթացիկ պաշտոնավարման հիմնական առաքելությունը պաշտպանական համակարգի ու բանակի մնացորդների վերջնական կազմաքանդումը կարող է լինել: Ուրիշ՝ ոչինչ:

Մեկը, որին, հիշեցնենք, նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն պաշտոնանկ էր արել, այլև աստիճանազրկել էր (ինչպես խոսակցականով են ասում՝ «ռազժալըվատ էր արել»):

Եվ այդքանը երևի արդեն բավարար էր, որ նա փաշինյանի պես ձախավերի համար վստահելի մեկը դառնար: Դրանից, միգուցե փաշինյանն ու Վաղարշակ Հարությունյանն իրենց լավ են զգում: Բայց հարցն այն է, որ բանակի ու երկրի մնացորդներն են վատանում:

Առհասարակ, փաշինյանի դեպքում Հայաստանը չի կարող պաշտպանության նախարար ունենալ: Միայն... ա՛ն-պաշտպանության: Ինչպիսին «գերագույնն» է, այնպիսին էլ իր նշանակած անպաշտպանության նախարարներն են:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը