Տնտեսական

06.01.2021 14:56


«էդ ո՞ւմ, ո՞ր ներդրողի հույսով եք արհեստական թանկացում անում». Ֆերմերը՝ թռչնամսի մաքսատուրքի կտրուկ աճի մասին

«էդ ո՞ւմ, ո՞ր ներդրողի հույսով եք արհեստական թանկացում անում». Ֆերմերը՝ թռչնամսի մաքսատուրքի կտրուկ աճի մասին

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%: Էկոնոմիկայի նախարարի գրառումից տպավորություն էր ստացվում, թե վերջինիս այս լուրը բավական ուրախացրել է: Նա սրանում նոր բիզնես սկսելու և շահույթ ստանալու «լավ շանս» է տեսնում, իհարկե, 120 մլն եվրո ներդնելու արդյունքում:

Նշենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից ընտանի թռչնի մսի ներմուծման մաքսատուրքը բարձրացել էր՝ 2019 թվականին գործող 22%-ից դառնալով 25%։

Էկոնոմիկայի նախարարի գրառումն էլ ենթադրում է, որ ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը 2022 թվականին կբարձրանա մոտ 4 անգամ, ինչը պարզ տրամաբանական ու մաթեմատիկական հաշվարկի արդյունքում գալիս է փաստելու, որ ներմուծվող թռչնամիսը կթանկանա նաև սպառողի համար:

Ներմուծվող թռչնամսի մաքսատուրքի կտրուկ բարձրացման մեջ, սակայն, ոլորտի ներկայացուցիչները դրական բաներ չեն կարողանում գտնել:

Ֆերմեր Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է մաքսատուրքին՝ ներկայացնելով թռչնամսի մաքսատուրքի կտրուկ բարձրացման հետևանքները:

Ըստ նրա՝ հավի բդի գինը մինչև դոլարի թանկանալը խանութում 570-600 դրամ էր։

Հ. Մնացականյանի դիտարկմամբ՝ 570 դրամանոց բուդ կամ թռչնամթերք արտադրելու համար մենք պիտի ունենանք մի քանի տասնյակ հազար հեկտար հող՝ մի կտորով, որպեսզի սեփական կերի բազան ունենանք, պետք է ունենանք բարձրակարգ սելեկցիոն կայաններ՝ թռչունների սորտի բարելավման և տեղում ճտերի ստացման համար, շատ մեծ, մի քանի տասնյակ միլիոն թև թռչնի արտադրություն՝ արտադրական ծախսերը կրճատելու համար, և սպառման շատ մեծ շուկա։

«Մենք այս ամենից ոչինչ չունենք, և մեր տեղական թռչնաբուծությունը ձևավորվել է այսպես՝ ներմուծման բազայի հաշվին մեծացնում են բրոյլեր ճտեր և տեղական, թարմի անվան տակ շուկայում փոքր մասնաբաժնով վաճառում 900-1500 դրամի սահմաններում, երբեմն լճացում է լինում, վաճառում են 850 դրամով սուպերմարկետներում ակցիաների տեսքով։ Հիմա, 90–ականներից սկսած, ոչ վճարունակ կամ սակավ վճարունակ խավն օգտվել է ներմուծված 570 դրամանոց բդից, հիմա էլ է օգտվում։ Առաջիկա երկու տարին մեզ համար ճգնաժամային տարիներ են լինելու, այսինքն՝ սպիտակ մսի վաճառքը, ի դժբախտություն մեզ, ավելանալու է:

Հիմա հարցս՝ պետությունը մաքսատուրքը բարձրացնելու ու արհեստական բդի գինը թանկացնելու դեպքում գոնե տնտեսական հաշվարկ արե՞լ է, գոնե պատկերացնո՞ւմ է՝ դա ավելի շատ կհարվածի՞ տնտեսությանը, թե՞ կօգնի։

Զուտ հետաքրքիր է, էլի, էդ ո՞ւմ, ո՞ր ներդրողի հույսով եք արհեստական թանկացում անում, ինչո՞ւ պիտի էս նեղ օրերին բդի գինը հասնի 800 դրամի, բայց մեկ ա՝ տեղականը էդ գնով էլ չվաճառի։ Իսկ ամենակարևորը, չեք մտածո՞ւմ օլիգոպոլիայի մասին, որ մի քանի արտադրողներ պայմանավորվելու են, հանեն հավի մսի գինը մինչև 2000»,-նշված է ֆերմերի գրառման մեջ:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը