Քաղաքական

05.01.2021 17:08


Այն միամիտները, որոնք մտածում են, թե թուրքերին, ադրբեջանցիներին զիջելով՝ կարողանալու են կասեցնել նրանց նկրտումները, սխալվում են. թուրքագետ (տեսանյութ)

Այն միամիտները, որոնք մտածում են, թե թուրքերին, ադրբեջանցիներին զիջելով՝ կարողանալու են կասեցնել նրանց նկրտումները, սխալվում են. թուրքագետ (տեսանյութ)

Մեր երկրում ամեն ոլորտում ապազգային, հայրենադավ կերպարներ են, որոնց համար ՀՀ տարածքներն ադրբեջանական են, ազատագրողները՝ հանցագործ օկուպանտներ: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով այն անձանց հայտարարություններին, համաձայն որոնց, օրինակ, Սյունիքի Շուռնուխ համայնքի՝ Ադրբեջանին հանձնվող տարածքները ադրբեջանական են:

«Այն ամենը, ինչ հիմա կատարվում է Շուռնուխում, որևէ կապ չունի դեմարկացիայի՝ սահմանազատման հետ: Դա կապիտուլյացիոն ինչ-որ ենթաշերտ է, որ բխում է նոյմեբերի 9-ի խայտառակ պայմանագրից: Այն, ինչին հիմա մենք ականատես ենք լինում, ոչ մի հիմք չունի՝ որ թվականի քարտեզի վրա է կատարվում, ինչի հիման վրա: ԽՍՀՄ-ում՝ ընդհանուր պետության մեջ գոյություն են ունեցել Հայաստան և Ադրբեջան, և ընդհանուր պետության մեջ գոյություն ունեցող սահմանները չի կարելի հիմք ընդունել: Սա ուղղակի կապիտուլյացիա է, որը իշխանական քարոզչամեքենան ներկայացնում է որպես ինքնախաբեության, ինքնաարդարացման գաղափար»,-ասաց թուրքագետը:

Նրա խոսքով՝ երկու հակամարտող ազգեր, որոնք կարճ ժամանակ առաջ իրար կրակում էին, չէին կարող ունենալ շփման այդպիսի մոտիկ գիծ. դա ենթադրում է նոր սպանություններ, բախումներ:

Ըստ Մելքոնյանի՝ սա նոր ճգնաժամերի սկիզբ է: «Այն միամիտները, թրքաբարո հայերը, որոնք մտածում են, թե թուրքերին, ադրբեջանցիներին զիջելով՝ կարողանալու են կասեցնել նրանց նկրտումները, չարաչար սխալվում են: Թուրքը շարունակելու է մինչև վերջ պնդել, նոր տարածք ուզել, անընդհատ լարվածություն է հարուցելու, հնարավորության դեպքում գերի է վերցնելու, սպանելու է»,-ասաց Մելքոնյանը:

Նա ընդգծեց՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար ուներ երեք նախապայման՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, Արցախի հարց, և Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարվելու հարց:

«Այս երեք նախապայմաններից Արցախի հարցը վերացավ, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմն օկուպացրել է մեր հայրենիքի մի մասը: Թուրքիան հիմա հայտարարում է, որ դեմ չէ Հայաստանի հետ սահմանների բացմանը: Եթե երեք նախապայմաններից մեկը վերացավ, այդ երկու նախապայմանները արդյո՞ք այս խեղճացած, թույլ, դիմադրողականության 0 մակարդակ ունեցող իշխանության համար լուրջ, սկզբունքային հարց է: Իհարկե ոչ: Չեմ բացառում, որ թուրքական այս երկու նախապայմաններն էլ այս իշխանության պայմաններում կարող են կյանքի կոչվել»,-ասաց Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ այս իշխանությունը պարտվել է բոլոր առումներով, բոլոր ոլորտներում, սակայն ամուր կառչում է աթոռներից ու պայքարում իր համաքաղաքացիների դեմ. «Սա որևէ քաղաքագիտական նորմի մեջ չի տեղավորվում»,-նշեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը