Մեկնաբանություն

04.01.2021 23:35


70-ականների զենքի տակ մնացած խաբեբան կամ՝ երբ հոդվածագիրը կեղծ է

70-ականների զենքի տակ մնացած խաբեբան կամ՝ երբ հոդվածագիրը կեղծ է

Կառավարության շենք հաճախող մեկը կա, որ անուն-անզգանունից հետո մի հատ էլ հավելում է «ՀՀ վարչապետ»: Իրեն թվում է, որ եթե այդպես գրի, ապա ինքը կշարունակի լինել ՀՀ վարչապետ:

Երկրի ու, կներեք՝ ծեծված բառ գործածելու համար, ժողովրդի ողբերգությունն այն է, որ չնայած նա ամբողջ գիտակից կյանքում, ասում են, երազել է պետության ղեկավար լինել, նույնիսկ հարայ-հրոցով հայտնվեց այդ աթոռին, բայց այդպես էլ վարչապետ չդարձավ, ոչ էլ, բնականաբար՝ ղեկավար: Ինչպես զազրախոս ու գավառամիտ «բանգյուղթղթակից» կար իր էությամբ, այդպիսին էլ մնաց: Սահմանափակ մտահորիզոնով, միջակ գիտելիքներով ու ճղճիմ մտածումներով: Բրդուճամի՛տ:

Սա (դե, կռահեցիք, թերևս, որ խոսքը նիկոլ փաշինյանի մասին է) ինչ-որ հոդված է գրել: Սրան թվում է, որ եթե անհամարժեք հոգեվիճակում և ծռված դեմքով «լայվ մտած» չի ճղճղում իր հեռախոսի խցիկի վրա, այլ գրավոր է արտահայտվում, դրանից ավելի ընկալելի կամ ընդունելի է դառնում: Իրեն թվում է նաև, որ եթե երկար-բարակ է ստախոսում ու կրկնում նախկինում ասած մակերեսային ու քննադատության չդիմացող «պոստուլատները», իր ստերն ու նենգափոխումները այդպես հալած յուղի տեղ անցնում են:

Առհասարակ, հետաքրքիր է, թե ո՞ւմ համար էր հոդված գրել փաշինյանը: Եթե ֆեյքամիտ և ուղեղազուրկ իր ադեպտների համար, ապա նրանք, նախ՝ այդքան երկար կարդացողը չեն, երկրորդ՝ նրանց համար դա առհասարակ կարևոր չէ, քանզի փաշինյանը հանգիստ կարող է դիմել իր ադեպտներին և, օրինակ, ասել՝ «բարև, իմ սիրելի նիկոլազգիներ, խոնարհվում եմ, սիրում եմ բոլորիդ...»: Եվ նրա հետևորդները, «օ՜, փրկի՜չ...» բացականչություններով կնետվեն «ջուջուլակերությամբ» զբաղվելու: Դա արդեն կլինիկական դեպք է ու անբուժելի:

Եթե փաշինյանը հոդված էր գրել իր հեռացումը պահանջող հայության համար, ապա էլի անհասկանալի է այդ մղումը: Նա ինքը վաղուց հատել է բոլոր հնարավոր ու անհնար գծերն ու սահմանները, վերացրել բոլոր կամուրջները՝ դառնալով բացարձակապես անընդունելի, մերժելի կերպար: Նման մեկին կարելի է միայն մեկ դեպքում լսել. դատարանում՝ մեղադրողի հարցերին պատասխանելիս: Մնացած բոլոր դերքերում ու կարգավիճակներում փաշինյանը հետաքրքրություն չի ներկայացնում:

Ըստ երևույթին, նրա հոդվածագրության հիմնական նպատակն այն է, որ առաջիկա օրերին զանազան-զարմանազան «արմանբաբաջանյաններ» նույն տոնայնությամբ ելույթներ ունենան, իսկ նիկոլազգի ֆեյքերն էլ այն կտոր-կտոր տարածեն: Մյուս կողմից, փաշինյանի հոդվածը կամ երկարաշունչ բարբաջանքը ամփոփումն է վերջին 2 ամսվա ընթացքում պոակ-ային քարոզչության այն ցինիկ ու անպատկառ «թեզերի», թե՝ «հողերը նախկիններն էին տվել, խեղճ փաշինյանն ի՜նչ կարող էր անել» կամ՝ «30 տարի ոչ մի բան չէին արել, եկել խեղճ նիկոլից ի՞նչ եք պահանջում» և այլն, և այդպես շարունակ:

Այլ բան ուշադրություն գրավեց փաշինյանի այդ «հոդվածում»:

Առաջինը այն, որ նա նախկիններին մեղադրում է այն բանում, թե խեղաթյուրել են Արցախի խնդրի էությունը՝ այն վերածելով տարածքային վեճի: Այնինչ հանրահայտ է, որ նախկինում Հայաստանի կողմից բոլոր գլխավոր բանակցողները մշտապես ընդգծել են Արցախի հայության ինքնորոշման իրավունքը և Արցախի կարգավիճակի ճանաչման խնդիրը:

Միակը, ով հրապարակայնորեն Արցախի հիմնախնդիրը տարածքային վեճի հարց դարձրեց, եղել է հենց ինքը՝ փաշինյանը, երբ հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Ավելին, հենց փաշինյանն ու իր իշխանության նկատելի դեմքերն էին, որ կաշվից դուրս էին գալիս՝ Արցախն ընդամենը որպես Հայաստանի ևս մեկ մարզ ներկայացնելու համար: Ինչո՞ւ էին նրանք իրենց այդպես «կոտորում» դա հնչեցնելու, բարձրաձայնելու համար: Հիմա արդեն կարելի է գրեթե լիարժեք վստահությամբ ասել, որ փաշինյանն ու մյուս նիկոլիկներն այդպես էին վարվում, քանի որ հենց դա էր պետք էրդողան-ալիև տանդեմին:

Էլ ավելի ուշադրություն գրավեց այն, որ փաշինյանը, պարանոյիկի նման սևեռվել է «80-ականների զենքեր» արտահայտության վրա: Նպատա՞կը: փաշինյանին թվում է, թե այդպիսով հիմնավորում է այն տխմար «թեզը», թե 30 տարի «բան չի արվել»:

Չէ, բայց իսկապես, որևէ մեկը որքան պետք է ողորմելի ու թշվառ լինի մտոք, ինչպես փաշինյանը, որպեսզի փորձի մատի փաթաթան դարձնել այդ ֆրազը՝ «մոռանալով», որ հենց ինքը հավանություն է տվել 60-70-ականների «թույն» զինատեսակը Հորդանանից գնելու կասկածելի գործարքին:

Այո, խոսքը չարաբաստիկ «Оса-АКМ» զենիթահրթիռային համալիրների կամ ՀՕՊ միջոցների մասին է: Դա, ի դեպ, 1970-ականների զենք է, ավելի ճիշտ՝ մշակվել է 1960-ականներին, իսկ 1971 թվականից ԽՍՀՄ զորքերի սպառազինության մեջ է եղել: Հիմա, այս ձախավերների կառավարությունը, ինչպես հայտնի է ու բազմիցս դրա մասին ասվել-գրվել է, Հորդանանից գնել էր այդ բարոյապես ու ֆիզիկապես մաշված ՀՕՊ միջոցների խոշոր խմբաքանակը: Մի՛միայն այն բանի համար, որ դրանք շարի ու իր «փի-ար»-ի համար հայտարարի, թե՝ «օդը փակ է» (չհաշված՝ «ատկատները»): Կհիշեք, թերևս նիկոլ փաշինյանն իր հերթին, Արցախի «նիկոլ փաշինյանն» էլ իրեն հերթին նման հայտարարություններ էին անում նախքան պատերազմի մեկնարկը: Մինչդեռ պատերազմի առաջին իսկ ժամերին պարզվել էր, որ ոչ միայն «օդը փակ» չէ՛, այլև երկինքը ի սկզբանե տանուլ է տված, իսկ թուրքական ու ադրբեջանական անօդաչուներն էլ ազատորեն շրջում ու սարսափելի կորուստներ էին պատճառում Արցախի զինված ուժերին:

Մեկը, ով գնացել և ահռելի գումարով 4 հատ անպետք գերժամանակակից ռազմական օդանավ էր գնել՝ Սու-30-նները, որոնք փաստորեն անհրաժեշտ զինամթերք չունեին՝ պիտանի լինելու համար, մատնացույց է անում «80-ականների զենքերին»:

Խելքի՜ աշեցեք...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը