Կարծիք

04.01.2021 13:01


Ազգային-ազատագրական պայքար․ վերջին գրեթե 2 ամսվա իրավիճակը համադրելի չէ սովորաբար դիտարկվող ներքաղաքական պայքարին ու դրա բաղադրիչներին

Ազգային-ազատագրական պայքար․ վերջին գրեթե 2 ամսվա իրավիճակը համադրելի չէ սովորաբար դիտարկվող ներքաղաքական պայքարին ու դրա բաղադրիչներին
Ազգային-ազատագրական պայքար
Գոնե տողերիս հեղինակին ակնհայտ է, որ վերջին գրեթե 2 ամսվա իրավիճակը համադրելի չէ սովորաբար դիտարկվող ներքաղաքական պայքարին ու դրա բաղադրիչներին։ Նմանապես ակնհայտ է, որ առկա իրադրությունը դուրս է սովորական կամ դասական՝ ընդդիմություն-իշխանություն դիմակայության շրջածիրից։
Նախ՝ բուն իրադրությունն է ոչ ստանդարտ։ Ունենք կապիտուլյանտ, պետությունն ու բանակը պարտության և աղետի մատնած անգործունակ իշխանություն, որը նոյեմբեր 10-ից միայն նոմինալ իշխանություն է, և որը ոչ միայն նպատակադրվել է խուսափել պատասխանատվությունից, ոչ միայն մեղքը փորձում է բարդել այլոց վրա, ոչ միայն հույս ունի պլստալ ու վերարտադրվել, այլև շարունակում է սպասարկել ցեղասպան նպատակներ հետապնդող թշնամու շահերը, բացառապես։
Եվ սա առանցքային կետն է՝ առկա իրավիճակի իմ սուբյեկտիվ ընկալման։
Մինչ այդ նկատեմ, որ օրինապահ ու պարկեշտ քաղաքացիները, այդ թվում՝ որոշակի ընդդիմադիր գործիչներ և ուժեր ներքին հակադրության ու կոնֆլիկտի մեջ են. նրանք առաջնորդվում են դասական ներքաղաքական պայքարի տրամաբանությամբ և գործիքակազմով, որոնք ակնհայտորեն անբավարար են՝ արդյունքի հասնելու համար։
Այնինչ, ըստ իս, պետք է ելնել այն իրողությունից, որ սա անոմալ վիճակ է և «դասական քաղաքական պայքար» չէ։
Համենայն դեպս, իրավիճակի ընկալման իմ ելակետն այն է, որ ներկա դրությամբ լիովին տեղին ու հիմնավորված է մեկ այլ «դասական եզրույթ» ՝ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ բնորոշումը։
Այսինքն՝ եղելությունն ու երևույթները պետք է կոչել իրենց ճիշտ անուններով։
Ներկայում լիովին կիրառելի է ազգային-ազատագրական պայքար բնորոշումը՝ առաջնահերթ խնդիր ու նպատակ ունենալով երկրի պետական իշխանության ու կառույցների ազատագրումը։ Եթե անվիճելի է, որ պետական իշխանությունն ուզուրպացված է ապազգային, անգամ՝ հակազգային և, ի լրումն՝թշնամու շահերն սպասարկող, «թուրքի կողմից խաղացող» ուժի կամ խմբավորման կողմից՝ նիկոլ փաշինյանի պարագլխությամբ, ապա նույնքան տրամաբանական ու հիմնավորված է, որ այդ սուբյեկտին ու նրա խմբավորումը հեռացնելու նպատակով ծավալվող պայքարը բնորոշվի որպես՝ ազգային-ազատագրական։
Իսկ դրանից ուղղակիորեն բխում է այն, որ պայքարի գործիքակազմն ու ակտիվ գործողությունները պետք է համապատասխանեն պայքարի բովանդակությանը։
Դա նաև ձերբազատում է «դասական քաղաքական» մոտեցումների ակամա պատանդը մնալու՝ այս պայմաններում դժվարընկալելի կեցվածքից կամ մոտեցումից։
Ավելին, ազգային-ազատագրական պայքարը և այդ պայքարի բնույթը լիարժեք հնարավորություն են տալիս առնվազն համադրել ու մեկտեղել բոլոր հնարավոր շրջանակների, հասարակական խմբերի, անգամ՝ ապաքաղաքականացված շերտերի ներուժը, հնարավորություններն ու ջանքերը։
Ավելին, կարող է բնականորեն ստեղծվել իրավիճակ, երբ հրապարակ ելնեն միանգամայն նոր մարդիկ, որոնց նպատակն ու ցանկությունը նույնն է՝ Հայոց պետության ազատագրումն ու փրկությունն այն ամենի, ինչ դեռ հնարավոր է փրկել։
Նման հավանական զարգացման դեպքում, հուսով եմ, որ պայքարի ելած ուժերն ու գործիչները կունենան բավարար լայնախոհություն՝ առնվազն համաձայնեցված գործելու որոշման համար։
Ի գործ։ Իսկ առաջին ու այս պահին ուղղակի կենսականորեն անհրաժեշտ միակ գործը Հայաստանի ազատագրումն է։
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը