Կարծիք

04.01.2021 10:22


Պատերազմը միտումնավոր տարել է պարտության և միտումնավոր կոտորածների

Պատերազմը միտումնավոր տարել է պարտության և միտումնավոր կոտորածների
Վերջերս բազմաթիվ մեղադրանքներ եմ լսում ուղղված իշխանություններին: ՀՀ իշխանության վերին էշելոններում կամ տեղյակ չեն, թե մարդիկ իրենց ինչում են մեղադրում, կամ ձև են անում որ չեն լսում այդ մեղադրանքները:
Ես ցուցակագրել եմ իմ լսած մեղադրանքները և ներկայացնում եմ հանրությանը և հատկապես իմքայլականներին: Որքան էլ տհաճ թվան այս կետերը, սակայն դրանք պահանջում են հատ առ հատ և արժանահավատ բացատրություններ, եթե իհարկե այսօրվա իշխանավորները ցանկանում են երբևէ հանգիստ ապրել: Այս կետերը վաղեմություն չունեն և պարտադիր ստանալու են իրենց պատասխանները: Ասելիքս շարադրում եմ առանց վիրավորանքի հնարավորություն տալով իշխանության ներսում գտնվող ազնիվ մարդկանց (եթե այդպիսիք կան) հակադարձել այս մեղադրանքներին:
եվ այսպես Նիկոլ Փաշինյանին և իր քաղաքական խմբին մարդիկ մեղադրում են՝
1. Արցախի հիմնահարցի լուծման դիվանագիտական ճանապարհը միտումնավոր տարվել է փակուղի, այլընտրանք թողնելով միայն պատերազմական եղանակով լուծումը:
2. Արևմուտքի ծայրահեղ լիբերալ հատվածին անտաղանդ ռևերանսներով ՀՀ իշխանությունը միտումնավոր փչացրել է դաշնակցային հարաբերությունները, քանի որ ՌԴ-ն սկսել է մեզ որպես պետություն այլևս չվստահել:
3. Հայաստանում գործող օտարերկրյա գործակալական ցանցը այս իշխանությունների օրոք իր ազդեցությամբ հասել է ահռելի վտանգավոր չափերի: ՀՀ պետականորեն սկսել է սպասարկել օտարերկրյա գործակալական ցանցի օրակարգը:
4. Միտումնավոր թուլացրել է ՀՀ բանակը սխալ և չաշխատող սպառազինությամբ զինելով, բարձր հրամանատարական փորձառու անձնակազմին մեկուսացնելով, ռազմական ուղի անցած գեներալներին ձերբակալելով և մեկուսացնելով, բանակի սպառազինության կարևորությունը ելակով փոխարինելով:
5. ՀՀ իշխանությունը տեղյակ է եղել մոտալուտ պատերազմից, ռազմական գործողությունների ուղղություններից, թշնամու օգտագործած զինատեսակներից, թշնամու ռազմական պլանից, սակայն միտումնավոր որևէ քայլ չի ձեռնարկել:
6. Պատերազմի ընթացքում ՀՀ իշխանությունը միտումնավոր պարտվողական գործողություններ է իրականացրել:
7. Ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ վարչապետը և իր կինը չունենալով որևէ օրինական լիազորություն միջամտել են ռազմական գործողությունների կազմակերպման և իրականացման գործերին, դրանով վտանգավոր հարվածների տակ են դրել մեր զինվորներին:
8. Տրվել են ոչ օրինաչափ հրահանգներ, որոնց կատարման ընթացքում հայկական կողմը ունեցել է մեծաքանակ կորուստներ:
9. Վարչապետի կարգադրությամբ դադարեցվել է զորքի լրահամալրումը:
10. Ռազմական գործողությունների 44 օրվա ընթացքում միտումնավոր խաբել է հանրությանը «հաղդելու ենք» թեզով, նպատակ ունենալով բթացնել մարդկանց զգոնությունը և կտրուկ լռելեցնել անհարմար հարցեր տվողներին: Հիշեցնեմ, ովքեր չէին հավատում «հաղդելու ենք» արծրունասյունեական քարոզին հռչակվում էր դավաճան:
11. Միանձնյա որոշել է ստորագրել հայտնի հայտարարությունը, այն ինչ այդպիսի հայտարարություն (ավելի քիչ կորուստներով, զոհերով, անհետ կորածներով, վիրավորներով) ստորագրելու հնարավորություն ունեցել է դրանից առաջ:
12. Ռազմական գործողությունների ավարտից առ այսօր միտումնավոր թաքցնում է զոհերի, վիրավորների, գերիների, անհետ կորածների իրական թվաքանակը:
Ամփոփելով ստացվում է՝
1) Պետությունը միտումնավոր ներքաշել է պատերազմի մեջ:
2) Պատերազմը միտումնավոր տարել է պարտության և միտումնավոր կոտորածների:
3) Կանգնեցրել է իր իսկ կողմից հրահրված և միտումնավոր կոտորած դարձած պատերազմը՝ ծանր կապիտուլյացիոն պայմաններով ՀՀ-ն թշնամու ողորմածությանը հանձնելու գնով:
4) Իշխանությունը հորինել է արդարացում, որ կանգնեցնելով իր իսկ կողմից կազմակերպված կոտորածը՝ ինչ-որ մարդկանց փրկել է կոտորվելուց:
5) Սպասում է շնորհակալության իր իսկ կողմից հրահրված և պարտված պատերազմը 44 օր անց կանգնեցնելու համար:
Սրանք այն կետերն են, որոնց պարզաբանումների շուրջ պատրաստ եմ ժամերով լսել իշխանության ներկայացուցիչներին: Այն ներկայացուցիչներին, ովքեր ցանկանում են այս կետերի բեռը վերցնել իրենց և իրենց երեխաների ուսերին:
Շնորհակալություն։
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը