Կարծիք

04.01.2021 16:11


Մեզ ադրբեջանցիներին պատանդ են թողնում, որ իրենց իշխանությունը փրկեն

Մեզ ադրբեջանցիներին պատանդ են թողնում, որ իրենց իշխանությունը փրկեն
Նիկոլ Փաշինյանին սատարող զանգվածը նրա իշխանությունը պահելու մի կարգախոս է հորինել, իբր իրենց ընդդիմախոսները վախի մթնոլորտ են ստեղծում երկրում: Իբր այդ մթնոլորտը անհիմն է, իբր «սահմանազատումն» անվտանգություն է բերում, իբր …
Նայում եմ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ադրբեջանցիների կադրերն ու մտածում՝ սրա անվտանգությունը ո՞րն է: Գյուղի մեջ ադրբեջանցիները պոստ դրեցին հայ ընտանիքի տան լուսամուտից 30 մետր հեռու: Հիմա էս ընտանիքի անվտանգությունն ո՞վ է պահելու, ո՞նց: Ռուս սահմանապահները 24 ժամ կարաուլ են կանգնելո՞ւ:
Անվտանգությունից հասկացող յուրաքանչյուրը գիտի, որ այս մարդիկ կամ պետք է թողեն իրենց պապական օջախն ու հեռանան, կամ պետք է պատանդ մնան: Պարտադիր չէ, որ պատանդը թշնամու բանտում լինի, տվյալ դեպքում այս մարդիկ իրենց տան մեջ են պատանդ: Նրանք ստիպված են լինելու տեսնել ադրբեջանցի զինվորների հաց ուտելն ու զուգարան գնալը, լսելու են նրանց լուտանքն ու հայհոյանքը՝ միաժամանակ մնալով ուղիղ նշանառության տակ: Ո՞ւմ են բողոքելու, բողոքը բանի տեղ դնող լինելո՞ւ է: Այսպիսի «ականներ» դրվում են Հայաստանի գրեթե ամբողջ արևելյան սահամանի երկարությամբ՝ պատանդ պահելով մեր հազարավոր քաղաքացիների: Իսկ մեր իշխանությունը դեռ մի շաբաթ ամանորյա արձակուրդ է վայելում:
Ես Պատանդ բառը գիտակցաբար եմ առանց չակերտների գրում: Տեսեք, եթե հանկարծ օրերից մի օր առիթ կամ հնարավորություն լինի ետ բերել այսօր հանձնված մեր պատմական տարածքները, սահմանամերձ գյուղերի բնակիչներն առաջինն են գնդակոծվելու, որովհետև նրանց հնարավոր չի լինելու թշնամուց ծածուկ տարհանել հնարավոր մարտական գործողությունների տարածքից: Նունը լինելու է, երբ զգանք, որ թշնամին է պատրաստվում հարձակվել: Իսկ այդպիսի տարհանումը թշնամու համար ուղիղ ազդանշան է լինելու: Հասկանո՞ւմ են մեր իշխանությունները դա, այո՛, հասկանո՞ւմ են, որ սրանով մեզ ուղղակի զրկում են հույսից, երազանքից, ապրելու կամքից, այո՛: Սա մե՞ր անվտանգության ապահովում է, թե՞ ադրբեջանցիների անվտանգության երաշխիք: Դավաճանությունն էլ ինչպե՞ս է լինում, երկիրը ծախելն էլ ինչպե՞ս է լինում: Չզարմանաք, որ եթե վաղը Երևանում զանգվածային հակաիշխանական միջոցառումներ լինեն, ապա այս տների վրա կրակելու են, այս մարդկանց ահաբեկելու են, որովհետև Ադրբեջանի անվտանգության երաշխավորը ոչ թե իր բանակն է, այլ Փաշինյանը և նրա իշխանությունը:
Մեր ձեռքերը Շուռնուխում ու Որոտանում են կապում, Սոթքում ու Կութում: Սրանով վախ չեմ տարածում՝ այդ վախն արտահայտում եմ:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը