Մեկնաբանություն

14.04.2009 14:26


Թայլանդում՝ ինչպես Հայաստանում

Թայլանդում՝ ինչպես Հայաստանում

Այս օրերին գրեթե բոլոր լրատվամիջոցների գլխավոր լուրը Թայլանդում կատարվող իրադարձություններն են: Մենք բոլորս ամեն օր տեսնում ենք, թե ինչպես է այդ երկրի ընդդիմությունը, կարմիր վերնաշապիկներով ու  գլխակապերով, պահանջում գործող վարչապետի հրաժարականը: Հիշեցնենք, որ ներկայիս վարչապետը իշխանության եկավ անցյալ տարի՝ դեղին վերնաշապիկներ և գլխակապեր ունեցող ուժերի միջոցով: Եվ այսօրվա կարմիրշապիկավորների լիդերը, նախկին վարչապետն էր,  որի դեմ անցյալ տարի պայքարում էին ներկայիս դեղինշապիկավոր վարչապետի կողմնակիցները:  

Ո՞րն էր այս ուժերի տարբերությունը՝ դժվար է ասել (բացառությամբ, իհարկե, վերնաշապիկների և գլխակապերի գույնի), սակայն մի բան ակնհայտ է, որ պետք չէ տիրապետել թայերեն լեզվին, հասկանալու համար, որ ներկայիս կարմիրշապիկավորները իշխանություններին համարում են հանցավոր ռեժիմ, մեղադրում նրանց կաշառակերության մեջ և պահանջում նրանց հրաժարականը, մինչդեռ ներկայիս դեղինշապիկավորների իշխանությունը հակադարձում է ընդդիմությանը, որ թույլ չի տա երկիրը գցել քաոսի մեջ, իսկ ներկայիս վարչապետը նույնիսկ ներողություն կխնդրի անցյալ տարվա իր կողմնակիցների (դեղինշապիկավորների) զանգվածային անկարգությունների համար:

Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ կարմիրշապիկավորները անկեղծորեն են համարում, որ պետք է ազատել Թայլանդը  գործող հանցավոր ռեժիմից, իսկ նախկին ապստամբ ու ներկայիս դեղինշապիկավոր վարչապետն անկեղծորեն է համոզված, որ երկիրը չի կարելի թողնել քաոսի մեջ:

            Թե ինչո՞վ կավարտվի այս թայլանդական «դեժավյուն»՝ դժվար է ասել, սակայն մեկ բան պարզ է, քանի որ նրանք չունեն «ղարաբաղյան խնդիր», ապա նրանց պետականությանը ոչինչ չի սպառնում:

Մեկ նկատառում ևս. փաստորեն ոչ միայն Հայաստանում է, որ գործող վարչապետերը «սխալ» են հանում իրենք իրենց ընդդիմադիր եղած ժամանակվա գործունեությունն ու ներողություն խնդրում դրա համար։  Դրանով ևս մեկ անգամ հաստատվում է այն տեսակետը, որ ցանկացած, նույնիսկ ծայրահեղ հեղափոխական ուժ, երբ գալիս է իշխանության՝ դառնում է ծայրահեղ պահպանողական ու ծայրահեղ կայունապաշտ։

                                               Արտակ  Հակոբյան

 

Այս խորագրի վերջին նյութերը