Մեկնաբանություն

03.01.2021 11:24


Հայաստանը պետությո՞ւն է, Շուռնուխը Հայաստան չէ, և վե՞րջ

Հայաստանը պետությո՞ւն է, Շուռնուխը Հայաստան չէ, և վե՞րջ

Եթե Հայաստանը նորմալ պետություն կամ ավելի ճիշտ՝ պետություն լիներ, ապա Նիկոլ Փաշինյանի պես մեկը չէր կարողանա պետության ղեկավար դառնալ։ Միայն չկայացած երկրում մարդը կարող է փողոցում գըմփ–գըմփ–հո՛ւ անելով հայտնվել պետության ղեկին։

Եթե Հայաստանը պետություն լիներ, ապա Նիկոլի վարչապետությունից շատ չանցած նա պետք է դուրս շպրտվեր պետական կառավարման համակարգից։

Եթե Հայաստանը պետություն լիներ, ապա պատերազմն սկսվելուց 3–4 անց Նիկոլին պետք է մեկուսացնեին զինվորականները։

Եթե գլխավոր շտաբը պատերազմից առաջ ու պատերազմն սկսելուց 4 օր անց զեկուցագրեր է ներկայացնում այն մասին, որ մենք բախվել ենք թուրք–ադրբեջանական զույգի հետ ու չենք կարող դիմադրել, ուստի պետք է կանգնեցնել պատերազմը, բայց Նիկոլը շարունակում է զինվորների գլուխն ուտել ու ձգում է պատերազմը 44 օր, գենշտաբն էլ Նիկոլին չի հեռացնում այդ ընացքում, ապա դա նշանակում է, որ մենք պետություն չունենք։

Եթե մեր բանակին Նիկոլը կռտած չլիներ, ապա մենք ականատեսը կլինեինք ռազմական հեղաշրջման, որը 100 տոկոսով լեգիտիմ կլիներ։ Նույնը կարելի էր ակնկալել նաև ԱԱԾ–ից, բայց մենք այլևս պետություն չենք և հենց այդ պատճառով էլ ուժային կոչված կառույցները Նիկոլին ձեռք չեն տալիս։

Եթե Նիկոլը նոյեմբերի 9–ից հետո դեռ մնում է վարչապետի աթոռին, ապա դա ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ թե պետություն է, այլ տարածք, որը օր օրի փոքրանում է Նիկոլի լայվերի ու գրառումների ներքո։

Եթե Շուռնուխն ու Որոտանը մնացել են համայնքապետերի, գյուղացիների հույսին, ադրբեջանական զորքը մտնում է Հայաստանի տարածք, իսկ դիմացը ոչ մեկ չի կանգնում, ՀՀ քաղաքացիներն անտերության են մատնվել, ապա մենք պետություն չունենք։

Եթե Նիկոլի այս արածներից հետո փողոցում հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ չկան, ապա մենք ոչ միայն պետություն, այլ նաև քաղաքացի չունենք։ Ընդամենը կա տարածք ու տարածքի բնակիչներ։

Իշխանությունը չի ապահովում մեր երկրի տարածքային ամբողջականությունը և մեր քաղաքացիների անվտանգությունը, իսկ մենք դեռ արհեստական թեմաներ ենք շոշափում։

Հիմա պարզ է, չէ՞, ինչու և ինչպես է տեղի ունեցել 1915թ․ ցեղասպանությունը․ ամեն մեկը մտածել է, որ դա իրեն չի վերաբերում և իր հետ դա չի պատահի․․․

Հայաստանի Հանրապետությունը վերականգնելու առաջին քայլը Նիկոլին վարչապետի կաբինետից դուրս շպրտելն է։ Երկրորդ քայլը՝ նոր իշխանություն ձևավորելը։ Երրորդ քայլը՝ ՀՀ տարածքային ամբողջականությանը տեր կանգնելն ու ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելը։ Մնացած քայլերն արդեն սոցիալ–տնտեսական բնույթի են։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը