Մեկնաբանություն

02.01.2021 23:35


«Թուրքական ցուգցվանգը» ու նիկոլ փաշինյանի «արտահերթը»

«Թուրքական ցուգցվանգը» ու նիկոլ փաշինյանի «արտահերթը»

Տեղյակ ենք, անշուշտ, որ ընդունվածը «գամբիտ» տարբերակն է, այսինքն՝ հարձակողական սկզբնախաղը: Գուցե կարելի էր կիրառել «էնդշպիլ» շախմատային եզրույթը՝ վերջնախաղի իմաստով: Բայց թող ներեն մեզ շախմատասեր հայրենակիցները, ընտրեցինք «թուրքական ցուգցվանգ» կապակցումը:

Խնդիրն այն է, որ փաշինյանի հետևողական ջանքերով ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ նրա՝ վարչապետ մնալով ու այդ կարգավիճակում արած ցանկացած հաջորդ քայլով (կամ միտումնավոր անգործությամբ) ստեղծվում է Հայաստանի համար է՛լ ավելի աննպաստ դրություն, և հակառակը՝ թուրքական ու ադրբեջանական միացյալ շահերին համապատասխանող վիճակ: Դրա համար էլ նշում ենք՝ փաշինյանի «թուրքական ցուգցվանգը»:

Դիտարկենք միասին: Վերջին օրերին փաշինյանը հետևողականորեն առաջ է հրում «արտահերթ ընտրությունների», իբր թե ներկա իրավիճակից այլընտրանքային ելք նախանշող նախաձեռնությունը կամ գաղափարը: Իրականում միայն կործանման ու վերջնական կամ ամբողջական տապալման նպատակ հետապնդողը կարող էր նման տարբերակ առաջարկել:

Գերազանցապես նիկոլ փաշինյանի հետևողական ջանքերով խարխլված Հայաստանին այսօր հենց միայն արտահերթ ընտրությունների լրացուցիչ քաղաքական ու ներհասարակական ցնցումն է պակասում՝ լիովին տապալվելու և փլուզվելու համար:

Հիմնական շարժառիթը, որ փաշինյանն այդպես կառչել է «արտահերթ ընտրությունների» տարբերակին, այն է, որ նա դրանով ցանկանում է քաղաքական օրակարգում իր և իր իշխանության հեռացման հարցը փոխարինել այդ կեղծ ու մտացածին օրակարգով: Ավելին, նա այդտեղ տեսնում է հնարավորություն՝ պատասխանատվությունից և դատից խուսափելու, իսկ հնարավորության դեպքում՝ ընտրակեղծիքներով վերարտադրվելու և քաղաքական դաշտում առնվազն իր գոյությունը ապահովելու համար:

«Արտահերթ ընտրությունների» փաշինյանական կեղծ օրակարգին քաղաքական ուժերի արձագանքները կարելի է բաժանել երեք խմբի:

Մի մասը, պատկերավոր արտահայտված, փաշինյանին ասում է՝ կորիր գրողի ծոցը, քո արհեստական ու կեղծ օրակարգով: Ասում է՝ «քո խաղը և հետապնդած բուն նպատակները ակնհայտ են ու ակնհայտորեն մերժված, ինչպես մերժված ես ինքդ, նիկոլ փաշինյա՛ն»:

Երկրորդ խումբը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն են, որոնց արձագանքը հանգում է այն մտքին, որ՝ այո, թող լինեն արտահերթ ընտրություններ, բայց այն պայմանով, որ ա) նիկոլ փաշինյանը չի լինելու վարչապետ, և բնականաբար՝ բ) նրա գլխավորած իշխանության վերահսկողության պայմաններում չպետք է լինեն արտահերթ ընտրություններ:

Երրորդ խումբը կազմում են արդեն քաղաքական մարգինալները, որոնց շարքում են փաշինյանական իշխանության սպասարկուները, հիմնականում՝ սորոսաթուրքական շրջանակները: Ընդհանրացված՝ այս «երրորդ խումբը» նրանք են, որոնց կարելի է բնորոշել արման բաբաջանյաններ: Սրանց ասածն այն է, թե՝ այո, թող լինեն արտահերթ ընտրություններ, բայց պարտադիր՝ նիկոլ փաշինյանի վարչապետության պայմաններում: Այդպիսով Թուրքիան բացահայտորեն խաղում է նիկոլի իշխանության ու իր պետության շահերի օգտին։

նիկոլ փաշինյանը «ոսկյա» գտածո է Անկարայի, Բաքվի, էրդողանի ու ալիևի, ու առհասարակ, Հայաստանի ցանկացած թշնամու համար: Ինչո՞ւ պիտի նույն այդ թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանա փաշինյանի հեռացումը, եթե նրա պաշտոնավարումը լիովին սպասարկում է նրանց շահերը, եթե այդ կապիտուլյանտը վազեվազ կատարում է ալիևի ու էրդողանի բոլոր քմահաճույքները, Արցախը թուրքին նվիրելուց հետո, քայլ առ քայլ հանձնում է Հայաստանը...

Եվ հակառակը, միանգամայն բնական է, որ սորոսաթուրքական շրջանակները, թուրքական «5-րդ շարասյունը» ջղակծկվում և ցնցումների մեջ են ընկնում՝ փաշինյանի անհապաղ հեռացման կամ պետության ղեկավարի պաշտոնից մեկուսացման պահանջներից, մանավանդ, եթե այդ պահանջները հնչեցվում են հրապարակ ելած հայրենակիցների բազմության կողմից: Հասկանալի է, որ փաշինյանի անհապաղ հեռացումն ինքնաբերաբար կնշանակի ինչպես թուրքական շահերի սպասարկմանը լծված «հայկական» կառավարության, այնպես էլ՝ թուրքական գործակալական ցանցի կամ «5-րդ շարասյան» չեզոքացում:

Մնում է, որ իրապես հայկական շրջանակները և ուժերը ներդնեն իրենց ամբողջ կարողականությունը՝ նիկոլ փաշինյանի հեռացումն իրականացնելու և նրա առաջադրած կեղծ օրակարգը «ջրելու» համար:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը