Մեկնաբանություն

01.01.2021 19:55


Մարդկային ու քաղաքական ոչնչության «զրոյական կետ»-ը. նա ուզում է ոչնչացնել Հայաստանը

Մարդկային ու քաղաքական ոչնչության «զրոյական կետ»-ը. նա ուզում է ոչնչացնել Հայաստանը

Դրա ելույթը չեմ լսել: Դրա ձայնն անգամ, անկախ նրանից, թե ինչ է խոսում, ֆիզիկական եղկանք է հարուցում, էլ ուր մնար՝ ելույթ կամ ուղերձ լսեի: Եթե չլիներ մասնագիտական անհրաժեշտությունը և պարտքը, դրա ուղերձի տեքստն էլ չէի ընթերցի:

Կարդացի:

Անհոգի արարածի պարզունակ, անշունչ խոսք: Կրկնական սաստկացման հնարքն էլ չէր օգնել: Բովանդակությունը՝ խղճուկ: Արտահայտած մտքերը՝ զարհուրելի:

Ցինիկ ու միաժամանակ զավեշտական է հնչում, երբ նիկոլ փաշինյանն ասում է, թե, օրինակ, «մեր սրտերն ու մտքերը ոստիկանության ու անվտանգության մարմինների աշխատողների հետ են, ովքեր օրնիբուն ապահովում են անվտանգությունն ու հասարակական կարգը»: Մե՞ր սրտերը: Քո վախկոտ բնույթի արյան շրջանառությունը դեռ ապահովող սրտից խոսի՛ր: Այո, նիկոլ փաշինյանի սիրտը անվտանգության մարմինների աշխատողների պաշտպանության ներքո է ու նրանց հետ: Իսկ մնացած հայերին տրվել է հեռախոսահամար, որով զանգեն ՀՀ ԱԱԾ կոչվող հիմնարկություն և տեղեկացնեն, որ գերի են ընկել՝ Գորիսից Կապան կամ Կապանից Գորիս մեկնելիս...

Ասում է, թե մեր խնդիրը պատերազմի հետցնցումներին դիմակայելն է: Երկիրն ու պետությունը, ժողովրդին ու ազգին աղետային ցնցումների մատնած ապիկարը, մարդակուլ ու երկրավեր ցնցումատորը խոսում է... հետցնցումներին դիմակայելու մասին: Ցինի՛կ: Մարդու կերպարանքով դատարկ կաղապա՛ր:

Մի ձևակերպում, այնուամենայնիվ, բավականին տեղին է հնչում, բայց միայն անհրաժեշտ մեկնաբանության դեպքում:

Սա (իհարկե, նկատի ունեմ նիկոլ փաշինյանին) ասում է (կներեք՝ մեջբերելու համար). «Քաոսի, խուճապի, վախի տրամաբանությունը պետք է հաղթահարվի րոպե առաջ, րոպե առաջ պետք է հաղթահարվեն բոլոր այն գործոնները, որոնք նպաստում են այսպիսի իրողությունների ծավալմանը...»:

Նախ, դո՛ւ և քո ապիկարաթիմդ է Հայաստանն ու Արցախը միտումնավոր ընկղմել քաոսի ու խառնակչության մեջ, ստեղծել խուճապ ու սարսափելի կորուստների հիմնապատճառ դարձել: Դու և քո գյադայական բոլուկը: Դու և քո հանցավոր խմբակն եք վախի ու սխալի «տրամաբանությամբ» առաջնորդվել և առաջնորդվում՝ ձգտելով ձեր ճղճիմ արատները՝ ժանտախտի նման տարածել ամբողջ հասարակության ու ազգի վրա:

Երկրորդ. այո, համամիտ ենք՝ րոպե առաջ պետք է հաղթահարվեն բոլո՛ր այն գործոնները, որոնք բերեցին նման խայտառակ վիճակի ու շարունակում են կործանել Հայրենիքն ու ժողովրդին: Եվ անհապաղ հաղթահարման ենթակա գլխավոր ու թիվ մեկ գործոնը այն չարիքն է, որը կոչվում է նիկոլ փաշինյան-աննա հակոբյան, որը կոչվում է ՔՊ, որը կոչվում է ԻՔ («քանդել պետությունը» կուսակցություն և «իսպառ քանդել» խմբակցություն): Ու կհաղթահարվեք, ուզում է սիրտդ չէ, երիկամներդ (պլոճիկ) ու ջիգյարդ (լյարդ) էլ ԱԱԾ մարմինների հետ լինեն, իսկ թոքերդ՝ ոստիկանության արհեստական շնչառության ապարատին միացված:

Լավ, է՛լ ի՞նչ է ասում այս չարաղետը, ինչի՞ մասին է ակնարկում իր «ամանորյա ուղերձում»:

Հիմնականը. ասում է, թե՝ «2021 թվականի առաջին իսկ րոպեները պետք է դառնան այն զրոյական կետը, որից մենք սկսում ենք մեր ազգային նոր վերելքը»:

Չէ, սա լրիվ իրեն ձեռ է առել: «Զրոյական կետ»: Մարդկային ու քաղաքական ոչնչությունը խոսում է «զրոյական կետից»: Զրոն, երևի հենց միայն այդ մի կետն էլ ունի իր մտապատկերում: Ու միանգամայն բնական է, որ դրա նմանի հետ հույս կապած հասարակությունը աղետի ու կորստի մեջ է ընկել: Դա նույնիսկ մաթեմատիկորեն է այդպես: Նախ, զրոյի վրա չեն բաժանում, իսկ ամենակարևորը՝ ցանկացած թիվ 0-ով բազմապատկելիս միմիայն զրո կարող ես ստանալ: Իսկ մեր դեպքում՝ ստացանք 0 ու մի բան էլ «մինուս շատ»: Ու հիմա էլ, սրան հանդուրժելով, երևի ուզում ենք մինչև «մինուս անվերջություն» հասնել:

Սա, ուրեմն, «զրոյական կետից» կամ իր կետից էր սկսում Արցախի խնդիր շուրջ բանակցությունները (ինքն է ասել): Հետևանքը՝ Արցախը նվիրեց թշնամուն, հարվածի տակ է դրել պահպանված կղզյակի ու Հայրենիքի մնացած մասի հետագա գոյությունը:

Սրա համար կորոնավարակը նույնպես «զրոյական կետ» էր, նոր հնարավորություն: Ջախջախեց տնտեսությունը, հազարավոր մարդկանց վարակվելու և մահվան պատճառ ու մեղավոր դարձավ (դրա համար էլ պետք է նա դատվի ու դատապարտվի):

Հիմա սա, որ ասում է՝ «զրոյական կետ», դա կարող է նշանակել միայն մեկ բան. վերջնականապես կործանել Հայաստանը: Ոչնչացնել ուղղակի: Ցավոք, բառի ամենաուղիղ իմաստով:

Հա, մեկ էլ «վստահելի դատարանների» իր հին փորացավից է կռռում նիկոլ փաշինյանը: Սույն չարագուշակը, իր կործանարար վերջապետության աններելի հետևանքների պայմաններում, Հայրենիքը, բանակը, երիտասարդ սերունդը աղետի մատնածը դեռ դատական իշխանությունը զավթելու, իր բացարձակ խամաճիկը դարձնելու վրա է մտմտում...

Լսիր, դո՜ւ... Դու դատարանների հետ կապված միայն մի բանի մասին կարող ես երազել: Այն մասին, որ համատարած նզովքի ու անեծքի ծանրության տակ ձգես մինչև դատարանի առաջ կանգնելու պահը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը