Մեկնաբանություն

31.12.2020 21:17


Լրիվ են «տափաշշվե՞լ»... Նայեք, չտափաշշմեք

Լրիվ են «տափաշշվե՞լ»... Նայեք, չտափաշշմեք

Հունից վերջնականապես հանեցին այսօր սոցցանցում տարածված այն տեղեկությունները, որ պետությունը կամավորագրված և մարտական գործողություններին մասնակցած մեր հայրենակիցներից հետ է պահանջում ուսապարկերը, սրբիչները, որոնք դրանց մեջ եղել են, էլի՝ ինչ-որ պարագաներ: Եվ այն հայրենակիցները, որոնք, բնականաբար, հազիվ թե մտքների ծայրով անցկացրած լինեին, որ ուսապարկի մեջ եղած ինչ-որ պարագաներ (կաթսա, տափաշիշ) իրենցից հետ են ուզելու, հարկադրված են... այո, վճարել «պետությանը պատճառված վնասի» համար կամ էլ, նրանց աշխատավարձից պահում են արել:

Համենայն դեպս, այդպիսին էր տարածված տեղեկության բովանդակությունը:

Առաջին ռեակցիան այն էր, որ պետք է փաշինյանի գլխավորած կառավարության գլխավոր մուտքը ուղղակիորեն թաղել սրբիչների, ուսապարկերի, տափաշշերի («բակլաժկա«), կաթսաների տակ: Իսկ հաշվի առնելով իրենց իշխանություն համարող «ցռան Վերգոների» հոգեվիճակը, նաև՝ գիշերանոթների («գառշոկ»): Տպավորիչ բլուր կձևավորվեր:

Չէ, սրանք հաստատ մտադրվել են անբարոյականության ու դեգեներացիայի ռեկորդներ սահմանել ամեն օր: Նույնիսկ, երբ թվում է, թե ավելի ցած ընկնել անհնար է, ասպարեզ են գալիս նիկոլ փաշինյանն ու իր դեգեներատները և բացահայտ ցույց տալիս, որ հնարավո՛ր է:

Դե լավ է, որ տղերքից չեն պահանջում վճարել... թշնամու վրա կրակած փամփուշտների համար: Ի դեպ, «Կալաշնիկովի» ինքնաձիգի մեկ փամփուշտը, եթե չեմ սխալվում, 500 դրամ է: Համենայն դեպս, հրաձգարաններում կրակելիս այդ գնով են հաշվում: Պատկերացնո՞ւմ եք, 1 պահունակը՝ 15 հազար դրամ...

Չնայած, գրեցի և մի տեսակ ափսոսում եմ, սրանք՝ նիկոլ փաշինյանի գլխավորությամբ, երևի դրան էլ են ընդունակ: Առհասարակ, մեր տղերքը երևի պիտի դեռ գոհ լինեն, որ փաշինյանի իշխանությունը իրենց չի հարկադրում փոխհատուցել ադրբեջանական զինտեխնիկային պատճառած վնասները:

Կարծում եք, թե սարկա՞զմ է: Ամենևին: Եթե նիկոլ փաշինյանն ու նրա մանկլավիկները կրծքով պաշտպանում են թշնամու շահերը, եթե իրենց մեջտեղից պատառոտելով հիմնավորում են, թե... թշնամին պետք է զբաղեցնի Սյունիքի գրեթե բոլոր բնակավայրերը կրակի տակ պահելու հնարավորություն տվող բարձունքները, վաղը, մյուս օրը կարող է ադրբեջանական զրահատեխնիկա խոցելու համար վնասի հատուցում էլ պահանջեն:

Հետաքրքիր է, իսկ քաղաքացիների՞ս ով, որ կառավարությունը, որ իշխանությունը պիտի հատուցի մեր ապականված ներկայի ու վտանգված ապագայի համար, ո՞վ է ծնողներին վերադարձնելու իրենց զոհված զավակներին, ո՞վ է հաշմված տղաներին վերադարձնելու իրենց ձեռքերն ու ոտքերը... Ո՞ր կառավարությունը, ո՞ր իշխանությունը:

Սրա՞նք: Ինչո՞վ: Ինչպե՞ս...

Այլ կողմից այս հարցին մոտենանք: Զուտ պրագմատիկ:

Եթե սրանք զինվորագրվածից հետ են պահանջում ուսապարկը, տափաշիշը, կաթսան, չգիտեմ՝ սրբիչն ու միգուցե նաև ատամի խոզանակը, ավելին՝ չվերադարձնողին, փաստորեն, տուգանում են, ապա ես էլ պահանջում եմ, որ այս ապիկար-անգործունակների իշխանությունը, նախարար առ նախարար, դեպուտատ առ դեպուտատ ՀՀ պետական բյուջե վերադարձնեն որպես պարգևավճար թալանած ու լափած գումարները:

Առնվազն պարգևավճարները: Ի դեպ, ընդհանուր առմամբ պատկառելի թիվ է: Մոտավորապես այնքան, որքան հայությունն այս վերջին անգամ հանգանակեց »Հայաստան» հիմնադրամի միջոցով: Ի դեպ, այդ միջոցներն էլ, փաստորեն, չծառայեցին իրենց նպատակին, քանի որ կառավարությունը թափով մտավ «Հայաստան» հիմնադրամի գրպանն ու ահագին գումար տարավ առաջացած ֆինանսական անցքերը փակելու համար...

Հետաքրքիր է, թե եկող տարվա առաջին երկու ամսվա թոշակնե՞րն ինչով են վճարելու: Երևի այս «տափաշշային» տուգանքներից գոյացած հասույթով:

Լրիվ են «տափաշշվե՞լ»:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը