Մեկնաբանություն

31.12.2020 21:25


Կորստի, ավերման ու աղետի տարի... նիկոլավիրուս, ժանտաքայլ

Կորստի, ավերման ու աղետի տարի... նիկոլավիրուս, ժանտաքայլ

Տարեվերջին ընդունված է ի մի բերել վերջին 365 օրերը, հիմնական արդյունքները: Համենայն դեպս, մի ժամանակ առաջ, երբ Հայաստանում կյանք կար, երբ կար Արցախը՝ որպես հայոց պետեկանություն, նման սովորություն կար:

Հիմա Արցախից հազիվ 20-25 տոկոսն է մնացել: Հիմա Հայաստանում կյանք չկա, միայն մահ է: Դրա ի՞նչը ամփոփես: Այսինքն, ովքեր արդյունքներ ունեն, ամփոփում են: Մերը գերազանցապես հետևանքներ են, կորուստներ, ավերմունք, աղետ:

Ժանտաքայլ նիկոլավիրուսը կերավ Հայաստանն ու Արցախը:

Ի՞նչ հիմնական դեպքեր ու իրադարձություններ եղան: Դրանք, ցավոք շատ էին:

Տարվա մեկնարկը, կարելի է ասել՝ «շռնդալից» էր: Սկսվեց նրանից, որ Ամանորի մեկնարկին Հանրապետության հրապարակում տոնախմբություն էր՝ «հեղափոխական բրդուճներով» ու... առանց ՀՀ պետական օրհներգի:

Դա խորհրդանշական էր, թերևս:

Համենայն դեպս նիկոլ փաշինյանի գլխավորած քայլաթիմը սկսեց Սահմանադրական դատարանի վրա ավելի վաղ կազմակերպած հարձակման ագրեսիվ փուլը: Եվ այն ժամանակ, երբ հարևանները, ասենք՝ Վրաստանը, պատրաստվում էին դիմակայել աշխարհում արագորեն տարածվող կորոնավիրուսի վարակին, Հայաստանում նիկոլ փաշինյանն ու իր քպ-ականները պատրաստվում էին «սահմանադրական հանրաքվեի», որը, մեծ հաշվով, հակասահմանադրական էր:

Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Կորոնավարակը ոչ միայն ներթափանցեց Հայաստան, այլև սկսեց արագորեն տարածվել: Երկրի պարգևավճարյալ իշխանությունները՝ իրենց քայլապետ փաշինյանի գլխավորությամբ դրսևորեցին բացարձակ անպատասխանատվություն, անձեռնահասություն, անլրջություն: Սկզբից դրանց մոտեցումն այն էր, թե լուրջ բան չկա, ամեն ինչ «օ-քեյ» է, կհիշեք՝ «տնական արաղով, պինցետով...» համաճարակի դեմ պայքարելու փաշինյանական տխմար մոտեցումները...

Հետևանքնե՞րը: Ահավոր են: Միայն պաշտոնական տվյալներով՝ 159 հազար վարակված, որից 13780-ն այս պահի դրությամբ՝ ակտիվ դեպք, ավելի քան 2800 մահացած, իսկ եթե փոխկապակցված «այլ դեպքերն» էլ հաշվի առնենք, ապա ՝ ավելի քան 3000 մահ:

Ի լրումն, համաճարակի դեմ պայքարի առումով իշխանության անպատասխանատու մոտեցումներն էապես թուլացրեցին տնտեսությունը:

Փոխարենը, փաշինյանը լիուլի օգտվեց հայտարարված ու շարունակաբար երկարաձգված արտակարգ դրությունից, սկսվեց ուղղակիորեն ոստիկանական տեռոր՝ բնակչության դեմ:

Բացի այդ, առիթից օգտվելով, փաշինյանն ի վերջո սղղացրեց նաև Սահմանադրական դատարանի դեմ ծավալած պայքարի իր տարբերակը՝ բացահայտորեն ուզուրպացնելով պետական իշխանության այդ ճյուղը:

Հուլիսին Տավուշում կարելի է ասել՝ «դիրքային մարտեր» տեղի ունեցան: Դա հաջորդող պատերազմի «նախերգանքն» էր, որը ոչ միայն մեծապես թերագնահատվեց գործող իշխանության կողմից, այլև վերածվեց քարոզչական ահռելի փուչիկներ փչելուն, թե՛ հակառակորդի դեմ ուղղված, թե՛ սեփական հանրության (ինչը շատ ցավալի է): Տեղի ունեցածը ուռճացվեց հատկապես փաշինյանի կողմից, իսկ նրա կողմնակիցները, արդեն իրականության հետ կապերն ընդհանրապես խզած, միառժամանակ ամեն ինչ սկսեցին այնպես ներկայացնել, որ քիչ էր մնում ասեին՝ թե այդ մարտերի ժամանակ նիկոլն անձամբ, սպիտակ ձին հեծած, թուրը ձեռքին արշավում էր թշնամու վրա...

Եվ դա այն պարագայում, երբ արդեն գիտենք, որ ԶՈՒ ԳՇ պետը փաշինյանին դրանից մոտ մեկ ամիս առաջ էր զգուշացրել, որ պատերազմ սկսելու դեպքում Թուրքիան ակտիվորեն ներգրավվելու է և մեր ու թշնամու ռեսուրսների անհամադրելիության խնդիր է ծագելու այդ դեպքում:

Հայաստանի, կներեք ու՝ ոչ բարով ղեկավարությունը մոտ երկու ամիս ուներ՝ բանակի կառավարման և սպառազինության բացերը լրացնելու համար: Սակայն այդ ժամանակն էլ կորսվեց անհեթեթ ու բացառապես փաշինյանի իշխանական շահերը սպասարկող քայլերի վրա:

Իսկ հետո եղավ այն, ինչը բնորոշելու համար աղետ բառը բավականին թույլ է: Մոտ երկու տարի, անպատասխանատու և չհիմնավորված քայլերով, իսկ միգուցե նաև միտումնավոր սխալներով պատերազմի վերսկսումն արագացրած նիկոլ փաշինյանը այն դարձրեց անխուսափելի:

Չէ, սեպտեմբերի 27-նոյեմբերի 9-ը տեղի ունեցած պատերազմը, և փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի հետևանքները չենք ներկայացնի: Առանց այն էլ՝ մոտ երկու ամիս է՝ դետալավորված անում ենք դա:

Բայց դա առնվազն «տարօրինակ պատերազմ» էր, որի ամբողջ ընթացքում Հայաստանի կառավարությունը կանխամտածված խաբում և մոլորության մեջ էր գցում մեր երկրի քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայությանը: Պատերազմ, որի ընթացքում նիկոլ փաշինյանի իշխանությունն արեց հնարավոր ու անհնար ամեն ինչ՝ Արցախը թշնամուն հանձնելու, Հայոց բանակը կործանելու, Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելու համար: Ու դեռ շարունակում է իր այդ կործանարար ընթացքը:

Նրա կողմից աղետային և նվաստացուցիչ կապիտուլյացիան ընդունելուց հետո անցել է 51 օր: Մինչև հիմա Հայաստնի կառավարությունը պաշտոնապես չի հայտարարել մեր զոհված զինվորականների ու կամավորների ընդհանուր թիվը, չի հրապարակել բոլոր զոհվածների անունները, չի հրապարակել վիրավորների թիվը, չի հրապարակել անհայտ կորած և գերեվարված մեր զինվորականների թիվը...

Առհասարակ, մինչև հիմա նույն այդ իշխանական «քայլաթիմը», նույնիսկ «ձևի համար» ԱԺ հատուկ հանձնախումբ չի ձևավորել՝ տեղի ունեցածը քննելու նպատակով: Իրենք ժամանակ չունեն, իրենք շատ են զբաղված... փաշինյանի աթոռը պահելու գերխնդրով:

Դրա ի՞նչը ամփոփես...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը