Լրահոս

30.12.2020 10:19


Հրամանատարը, ով ԱԹՍ-ի ձայնը լսելուց հետո զինվորներին հրամայել էր նստել ավտոմեքենան, կալանավորվել է. 18 զինծառայող էր զոհվել

Հրամանատարը, ով ԱԹՍ-ի ձայնը լսելուց հետո զինվորներին հրամայել էր նստել ավտոմեքենան, կալանավորվել է. 18 զինծառայող էր զոհվել

2020թ․ դեկտեմբերի 8-ին քաղաքացի Հ․ Օ․-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հայտնելով, որ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ռազմական դրություն հայտարարվելուց հետո տեղեկանալով, որ իր որդուն՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Օ.-ին, զորամասի կազմում տեղափոխել են Արցախի Հանրապետություն, իր անձնական «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է որդու մոտ՝ աջակցություն ցուցաբերելով զորակազմին։

Նա հայտնել է, որ 2020թ. հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի տարածքում ականատես է եղել, թե ինչպես է թշնամու հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ձայնի լսելիության պայմաններում զորամասի հրամանատարի տեղակալի կողմից հրաման տրվել ավտոմեքենայից դուրս եկած և տարածքում ցրված զինծառայողներին նստել ավտոմեքենան և շարունակել ընթացքը, ինչից կարճ ժամանակ անց զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենային ԱԹՍ-ի հարվածի հետևանքով իր որդին համածառայակիցների հետ զոհվել են:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարությամբ ՀՀ զինվորական դատախազության միջոցով հաղորդումն անմիջապես ուղարկվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ քննություն կատարելու համար, և դեկտեմբերի 21-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացվել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի անձնակազմը Արցախի Հանրապետության Հորադիզի շրջանից Տիլի գյուղ տեղափոխելու վերաբերյալ։

Իշխանաձոր գյուղի վարչական տարածքում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա․ Վ․-ն, նկատելով, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատարին, և նրանից տեղեկանալով, որ երթը դադարեցվել, իսկ անձնակազմը ավտոմեքենայից դուրս է եկել օդում լսվող անօդաչու թռչող սարքի ձայնի պատճառով, անձամբ ևս լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, հրամայել է ամեն դեպքում, անձնակազմին նստեցնել ավտոմեքենան և շարունակել երթը՝ նշելով, որ ԱԹՍ-ը ոչ թե նրանց, այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է։

Վաշտի հրամանատարը կատարել է հրամանը և զորամասի թվով 19 զինծառայողներ նստել են ավտոմեքենան, շարժվել։ Դրանից մոտ 5 րոպե անց ԱԹՍ-ը հարվածել է վերը նշված ավտոմեքենային, ինչի հետևանքով առաջացած հրդեհից, բացի մեկ շարքային զինծառայողից, մնացած 18 զինծառայողները զոհվել են, իսկ նշված զինծառայողը, ինչպես նաև «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի առջևից երթևեկող «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Հ․ Օ․-ն ու զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2020թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա․ Վ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։

Նույն օրը միջնորդություն է հարուցվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը բավարարվել է:

ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին վստահեցնում է, որ իր գործառույթների ամբողջ ծավալով ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները 2020թ․ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում կատարված իրադարձություններին, մարտական գործողություններին, դրանց աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառներին առնչվող առերևույթ հանցավոր դրսևորումների վերաբերյալ ստացվող բոլոր տվյալները, տեղեկությունները օբյեկտիվ և բազմակողմանի քննության առարկա դարձնելու, դրանց իրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած բոլոր անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով։ Քննությունների ընթացքի, արդյունքների մասին պարբերաբար կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն՝ հաշվի առնելով, իհարկե, նախաքննության առաջնահերթ շահերը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը