Լրահոս

29.12.2020 17:02


Մաքսային տեսուչին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու համար

Մաքսային տեսուչին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գարիկ Փիլիփոսյանը, զբաղեցնելով ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչի պաշտոնը, ՀՀ քաղաքացի Վարդան Հովհաննիսյանի կողմից ապօրինի ճանապարհով ապրանքների ներմուծումը չկանխելու և թույլ տրվող մաքսային իրավախախտումները չարձանագրելու համար նրանից ստացել է կաշառք, ինչպես նաև նրա դրդմամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Վարդան Հովհաննիսյանը, տեղեկացված լինելով, որ գործող օրենսդրության համաձայն՝ մեկ քաղաքացու անվամբ մինչև 25 կգ ուղեբեռը ներմուծվում է առանց մաքսազերծման, 2019 թվականին վաճառքի նպատակով կազմակերպել և իրականացրել է նշված չափաքանակը գերազանցող հագուստների ու կենցաղային իրերի ներմուծումը ԵՏՄ անդամ երկիր չհանդիսացող Թուրքիայից, սակայն, օրենքով նախատեսված մաքսային վճարներից խուսափելու նպատակով, Վ. Հովհաննիսյանը հավաքագրել է մի խումբ անձանց, որոնց միջև նշված ապրանքները բաժանել է 25 կգ-ը չգերազանցող չափաքանակներով և մաքսակետում դրանք ձևականորեն հայտարարագրել վերջիններիս անուններով:

Մաքսային տեսուչ Գ. Փիլիփոսյանը, տեղյակ լինելով Վ. Հովհաննիսյանի կողմից վերը նշված եղանակով ապրանքներ ներմուծելու մասին, 2019 թվականի սեպտեմբերի 18-ից 2019 թվականի դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակաշրջանում թույլատրել է վերջինիս կողմից մեծաքանակ ապրանքների ներմուծումը այլ անձանց անուններով և առանց մաքսային վճարների, որի դիմաց Վ. Հովհաննիսյանից անձամբ ստացել է կաշառք:

Մասնավորապես, 2019թ. դեկտեմբերի 5-6-ին` Գ. Փիլիփոսյանի հերթափոխի ժամանակ, Վ. Հովհաննիսյանը նույն եղանակով ներմուծել է 3.316.546 ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանքների հերթական խմբաքանակը՝ խուսափելով այդ ապրանքների համար մաքսային վճարներ կազմող 1.042.511 ՀՀ դրամի մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ վճարելուց:

Գարիկ Փիլիփոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու համար, իսկ Վարդան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի և 312-րդ հոդվածի 1-ին մասերով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու և մաքսային տեսուչին կաշառք տալու համար:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը