Մեկնաբանություն

30.12.2020 01:16


ալիևի նիկոլն էլ գերիների ծնողներին ու հարազատներին է գերեվարել, գումարած՝ Հայաստանը

ալիևի նիկոլն էլ գերիների ծնողներին ու հարազատներին է գերեվարել, գումարած՝ Հայաստանը

Արդեն որերորդ անգամ նիկոլ փաշինյանը բացարձակ անհեթեթություններ է դուրս տալիս պատերազմից խուսափել-չխուսափելու, դրա հետևանքների, զինվորներին փրկելու, ադրբեջանցիների կողմից Արցախը կուլ տալուց հետո, նաև Սյունիքը կրծոտելու թեմաներով: Այսօրը բացառություն չէր: Բայց ոչ միայն այսօր:

Գերագույն ստախոս ու անպատկառ կապիտուլյանտի ասածն, օրինակ այն է, թե Սյունիքում, փաստորեն, իր կարգադրությամբ, բայց ալիևի հետ «բանավոր պայմանավորվածությամբ» (բանավոր... պատկերացրեք, ու սա միակ մեջբերելի ռեակցիան է) բոլոր էական ու վերահսկողություն սահմանող բարձունքներն ու դիրքերը զիջվում են... պատերազմից կամ դրա վերսկսումից խուսափելու համար: Ասում է, թե ցանկացած դեպքում Գորիսի մատույցներում ադրբեջանական ցուցանակ էր հայտնվելու...

Նախ, պատերազմի մասին: Անարյուն հեղաշրջմամբ իշխանությունը զավթելուց անմիջապես հետո նիկոլ փաշինյանը իր հրապարակային հայտարարություններով ու քայլերով արել է գործնականում ամեն ինչ՝ պատերազմի վերսկսումը ոչ միայն արագացնելու, այլև անխուսափելի դարձնելու համար (շատ ենք նշել, չկրկնենք): Նա, որ մեկ պնդում էր, թե բանակցություններն իր կետից է սկսել, մեկ գրեթե երդվում էր, որ բան էլ չեն բանակցում (չնայած, ստախոսի երդո՞ւմը որն է), մեկ էլ հիստերիկ վրա էր տալիս, թե՝ ինչ պետք է, էն էլ բանակցում է, հիմա ապարդյուն ճգնում է իր գործած ոճիրը գցել նախկինների գրպանը (մինչև այդ՝ զինվորականության ու բանակի, հետո՝ ժողովրդի, հետո՝ «էլիտաների»): Իբր, նախիններն էին նման վիճակ ստեղծել, իբր՝ «նախկինները արդեն տվել էին սաղ»: Այս վերջինը տխմարության գլուխգործոց է, նաև՝ լակմուսի թուղթ, այն իմաստով, որ եթե մեկը կրկնում է, ապա ա) նա անուղեղ զոմբի է, բ) «նիկոլի վկա», գ) բացարձակ անիմաստ է նման օրգանիզմի փորձել որևէ բան հասկացնել, զի բացարձակ անընկալունակ է:

Վերադառնանք առկա վիճակին: Սյունիքում ռազմավարական նշանակության կարևոր բարձունքները, իբր, պատերազմից խուսափելու նպատակով զիջելու «մարտավարությանը»: Դե, երևի պետք է բացականչել «purk, purk, kez mer prkich!» կամ նման մի ինչ-որ իշխանաքարոզչական պոակ-ա-ֆեյքային զառանցանք, որ ալիևը Որոտանի փոխարեն Երևանի 9-րդ զանգվածը չի «բանավոր» ուզել կամ, ասենք, Գյումրու «թուրքի մայլան»:

Երկրորդ. առհասարակ, ի՞նչ ասել է՝ «բանավոր պայմանավորվածություն» թշնամու հետ: Մանավանդ, մի պարագայում, երբ նիկոլի իսկ ստորագրած կապիտուլյացիայի կործանարար ու նվաստացուցիչ համաձայնագրում ոչինչ ասված չէ նույն Կուբաթլուի, Զանգելանի ու, առավել ևս՝ Սյունիքի, Որոտան կամ Շուռնուխի մասին: Հետևաբար, կա նաև ժողովրդից թաքուն պահվող մեկ այլ ստո՛ր-ա-գրված ինչ-որ թուղթ: Թե չէ՝ «բանավոր»: Դա ո՞րն է: Օրինակ, մեհրիբանը զանգում է աննային, վերջինիս միջոցով նիկոլին փոխանցում ալիևի քմահաճույքնե՞րը: Ասենք, «Շուռնուխը տուր, թե չէ, բայրակթարը սրած, գնամ, բերեմ, ծառը կտրե՞մ»: Այդպե՞ս:

Սա էլ, թե՝ «վայ, բա արժե՞ անհանգստանալ, տալիս եմ, տալիս եմ...», հետո էլ մտքում հավելում է, թերևս. «...մանավանդ, որ էդ փիս շուռնուխցիները էն խեղճ լգբտ-ներիս ծեծեցին, դե թող հիմա իմանան՝ նիկոլի աջակիցների ծեծելը ոնց է լինում»:

Պատերազմից խուսափելու մասին:

Սույն թյուրիմացությունը (նիկոլ փաշինյանն, իհարկե), թե՛ իր իսկ խոսքերով, թե՛ բազում այլ, շատ ավելի արժանահավատ վկայությունների համաձայն, հրաշալի տեղեկացված է եղել ինչպես պատերազմի վերսկսման, այնպես էլ՝ առկա սպառազինության հարաբերակցության ու վիճակի մասին: Բայց նա նման վիճակում բացարձակապես անտեսել է իր իսկ նշանակած ԳՇ պետի զեկույցը, բացահայտ մերժել է սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը արագ դադարեցնելու հնարավորությունները:

Այդ ընթացքում, նույն փաշինյանի հավաստիացմամբ, իբր «լրիվ փակ օդի» իրականում բացարձակ բաց լինելու, այսինքն՝ թշնամու օդային հարվածներից մեր զորքի անպաշտպան լինելու պայմաններում Հայոց բանակի զինվորները շարունակել են հարյուրներով զոհվել ու խեղվել...: Իսկ նիկոլ փաշինյանը մարտաշունչ ճառեր էր արտասանում, չնայած շատ լավ տեղյակ էր, թե իրականում ինչ վիճակ է ու ինչ է կատարվում, իսկ վիճակն էլ ամենևին «հաղթելու ենք» չէ՛:

Էհ, նույն «հանճարեղ» մարտավարությունը թող ա՛յն ժամանակ կիրառեր, ինչպես հիմա Որոտանի հայերի տներն է տալիս իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջը ու մեր ազգի ոխերիմ թշնամուն:

Մեկը, որ հետո «կռուտիտ» էր շրջանառում, թե կապիտուլյացիայով փրկել է 20-25 հազար զինվորականի կյանք, ինչո՞ւ միտումնավոր չփրկեց առնվազն 5 հազար հայ երիտասարդների կյանք, ինչո՞ւ ևս մոտ 10000 զինվորականի վիրավորվելու և հաշմվելու պատճառ դարձավ:

Նման հարցադրմանը հաջորդող մյուս «կռուտիտն» այն է, որ եթե այդպես վարվեր, իրեն կասեին... դավաճան:

Հետաքրքիր է, իսկ ո՞րն է ավելի դաժան հնչում. պարզապե՞ս դավաճանը, թե՞ «գլխակեր դավաճանը» կամ «մարդասպան դավաճանը»:

Ու, իբր դա քիչ է, նիկոլը նորից կեղտոտագույն, գերեղկելի «թեզ» է շրջանառում, թե... իր հեռացումը պահանջողների հայտարարությունները վտանգում են մեր գերեվարված զիվորների ու հայրենակիցների կյանքը: Չէ, դուք սրիկայության ու ապիկարության «մակարդակը» գնահատեք: Մեկը, ով կապիտուլյացիայի թուղթ ստորագրելով ոչ մի նախապայման չի դնում, թեկուզ ռազմագերիների անխտիր վերադարձի վերաբերյալ, մեկը, ով հանցավոր հրամաններով մեր այդ հայրենակիցների գերվելու հիմնապատճառներից մեկն է, իր բացահայտ մեղքը ուզում է բարդել այլոց վրա: Այսինքն, ալիևը հայ զինվորներին է գերի պահում, նիկոլ փաշալիևը՝ գերիների ծնողներին ու հարազատներին: Եթե մինչ այս պահը դեռ կասկածներ կային, ապա հենց միայն նման գործելակերպը ստիպում է չկասկածել, թե կոնկրետ ինչ էթնիկ ծագում ունի ոմն մեկը:

Ի դեպ, իսկ ինչո՞ւ է նման վիճակ, որ պատերազմի փոքր սպառնալիքն անգամ փաշինյանին (իբր) ստիպում է Հայաստանը կտոր-կտոր հանձնել ու հանձնել:

Ո՞վ է կործանել Հայոց Զինված ուժերը: Ո՞վ է այնպիսի տխմար հրամաններ հաստատել ու «հակահարձակումների» դիմել, որ ոչ միայն հազարավոր հայ տղաների կյանքն է, ըստ էության՝ անտեղի զոհել, այլև Հայոց բանակի սպառազինության մեծ մասը:

Դա, մեծ հաշվով, արել է նիկոլ փաշինյանը: Այն նիկոլ փաշինյանը, որին թվում է, թե ինքը «պլստալու» է և պատասխան չի տալու:

Հա, ի դեպ, մենակ չի արել: Նրա հետ, վաղ թե ուշ, հավասարապես ու անխտի՛ր պատասխան են տալու բացարձակապես բոլո՛ր իրքայլականները, բոլո՛րը: Ու ոչ միայն:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը