Քաղաքական

28.12.2020 16:04


«Թուրքերը եկել են, Որոտանի 12 տունը՝ իրենց հողատարածքներով, վերցնում են». Առուշ Առուշանյան

«Թուրքերը եկել են, Որոտանի 12 տունը՝ իրենց հողատարածքներով, վերցնում են». Առուշ Առուշանյան

Այսօր թշնամին արդեն Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Որոտան գյուղում է: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ թշնամին այժմ փորձում է Որոտան համայնքի 12 տունը վերցնել:

«Վտանգը ինչ կար, սպասվում էր, էդ նույնն է: Թուրքերը եկել են, այդ 12 տունը՝ իրենց հողատարածքներով, վերցնում են: Այսինքն՝ գյուղի մի հատվածը վերցնում են, ու մի քանի մետրի վրա պետք է գյուղի տները, մի կողմը պետք է թշնամին լինի, մի կողմում՝ մեր ազգաբնակչությունը»,-ասաց Առուշ Առուշանյանը:

Հարցին, թե ընթացող գործընթացներին ՊՆ-ից որևէ ներկայացուցիչ մասնակցո՞ւմ է, նա արձագանքեց.

«Այսպիսի մի բան ասեմ՝ էս սաղ պրոցեսների մեջ միակ սուբյեկտը, որը առհասարակ եղել է, դա առաջին բանակային կորպուսն է, ինքը միշտ ներկա է եղել։ Այս պահին չեմ իմանում՝ տեղո՞ւմ են, թե՞ տեղում չեն, բայց բոլոր տեղերում միշտ ներկա են եղել»:

Որոտանում տեղի ունեցող իրադարձությունների ու մամուլում արդեն մի քանի ժամ շրջանառվող տեղեկությունները, կարծես, ՀՀ կառավարության համար առաջնային հարցերից չեն:

Մեր հարցին, թե կառավարությունից որևէ մեկը գտնվո՞ւմ է Որոտանում, կամ զանգե՞լ են, հետաքրքրվել ընթացող զարգացումներով, Առուշան Առուշանյանը կարճ պատասխանեց.

«Ոչ»:

Գորիսի համայնքապետը նաև հայտնեց, որ այս րոպեներին Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ճանապարհվում է Որոտան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ դեռ նախորդ շաբաթ՝ դեկտեմբերի 24-ին, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր Սյունիքում ընթացող սահմանազատման աշխատանքներին, նշել, թե Որոտանի և Շուռնուխի սահմանային հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել:

«Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Մեկը Սյունիքի մարզի Որոտան համայնքի, գյուղի, բնակավայրի մասին է, երկրորդը՝ Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այդ հարցերը կարող են որոշակի, որոշակի ցավոտ իրավիճակների բերել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Հ.Գ. Իսկ գո՞ւցե կառավարությունում դեռ նախորդ շաբաթ էին տեղյակ այսօր հայտնի դարձած զարգացումների մասին:

Այս խորագրի վերջին նյութերը