Լրահոս

28.12.2020 14:36


Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը մեքենայի է բախվել

Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը մեքենայի է բախվել

Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը դեկտեմբերի 27-ին` ժամը 17:00-ի սահմանում, Անի-Աղին հատվածում բախվել է գծերում հայտնված ավտոմեքենայի: Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով էլեկտրագնացքը Գյումրի է ժամանել 1 ժամ ուշացումով, ինչի համար ընկերությունը ներողություն է խնդրում ուղևորներից:

«Բախումը տեղի է ունեցել ինքնակարգավորվող գծանցումում BMW X5 մակնիշի մեքենայի հայտնվելու պատճառով: Վարորդը չի տուժել, ընդունել է, որ ինքն է խախտել ճանապարհային երթևեկության կանոնները»,–նշված է հաղորդագրության մեջ։

2020 թվականին երկաթուղու վրա արտաքին ազդեցությունների քանակը (ՃՏՊ, օտար օբյեկտների անկում և անասունների արածեցում) աճել է՝ հասնելով 39 դեպքի՝ 2019 թվականին գրանցված 33-ի դիմաց: Երկաթուղային շարժակազմի հետ ավտոտրանսպորտային միջոցների բախումների քանակը 23–ից նվազել է մինչև 12։

ՀԿԵ-ն վարորդներին կրկին հորդորում է զգոն լինել երկաթուղային գծերը հատելիս և խստորեն պահպանել երթևեկության կանոնները՝ առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը