Քաղաքական

28.12.2020 13:39


Պատերազմը դեռ չի ավարտվել․ եթե մարդկանց թվում է՝ Փաշինյանը, այդ թուղթը ստորագրելով, զիջումների գնալով, պատերազմը կանխեց, չարաչար սխալվում են․ Արա Զոհրաբյան

Պատերազմը դեռ չի ավարտվել․ եթե մարդկանց թվում է՝ Փաշինյանը, այդ թուղթը ստորագրելով, զիջումների գնալով, պատերազմը կանխեց, չարաչար սխալվում են․ Արա Զոհրաբյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո 3 օր «իշխանությունն ընկած էր հրապարակում», և որևէ մեկը չվերցրեց այդ իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանն էլ տեսավ, որ իշխանությունը վերցնող չկա, և հետ վերցրեց։ Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Նրա կարծիքով՝ եթե հասարակությունը տեր կանգներ իր իրավունքներին, ապա հավաքված անձինք կկարողանային ստիպել հատուկ ծառայություններին, իրավապահ մարմիններին՝ իրենց քայլերը կատարել։ «Ցրտի, վիրուսի և շատ այլ հանգամանքներով պայմանավորված՝ շատ մարդ դուրս չի գալիս փողոց, իշխանությունն էլ, դրանից օգտվելով, փորձում է երկարաձգել իշխանությունը»,-նշեց նա։

Արա Զոհրաբյանն ընդգծեց՝ երկու տարբերակ կարող է լինել՝ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է կամ չի դավաճանել, բայց հետևանքը նույնն է։ «Այսինքն՝ առնվազն այս մասով պետք է կոնսենսուս լինի, որ նա չի կարող լինել վարչապետ։ Պատերազմը դեռ չի ավարտվել․ եթե մարդկանց թվում է՝ Նիկոլ Փաշինյանը, այդ թուղթը ստորագրելով, զիջումների գնալով՝ պատերազմը կանխեց, չարաչար սխալվում են։ Նիկոլ Փաշինյանը մինչև ո՞ւր է պատրաստ զիջելով գնալ»,-ասաց նա։

Նա նշեց՝ ադրբեջանցիների հետ պարզապես խաղաղասիրությամբ, առանց պաշտպանվելու ունակության հնարավոր չէ ապրել։

«Այսօր մենք պարտվողի հոգեբանությամբ ենք առաջնորդվում։ Ես կարծում եմ՝ եթե վարչապետը հայրենասեր լիներ, պետք է այս առիթից օգտվեր, հեռանար, որ նոր վարչապետ գար։ Նիկոլ Փաշինյանի՝ զրոյական կետից սկսելը ի վերջո բերեց հայրենիքի կորստի։ Եթե մենք չունեինք ներուժ, ռազմական հնարավորություններ, ինչու էինք հրահրում պատերազմ։ Առնվազն Նիկոլ Փաշինյանի բառապաշարը պատերազմ հրահրող էր։ Հաջորդ ռազմական բախման դեպքում կարճ ժամանակահատվածում Կապանն էլ կգրավեն, Հայաստան-Իրան կապն էլ կկտրեն»,-նշեց նա։

Փաստաբանների պալատի նախագահն անդրադարձավ նաև Հայ Առաքելական Եկեղեցուն առնչվող իրադարձություններին՝ նշելով, որ 2018-ին, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, առաջնային թիրախներից մեկն ընտրվել էր Հայ առաքելական եկեղեցին։ «Դա պատահական չէր, քանի որ եկեղեցին ազգային ինստիտուտ է։ Եկեղեցու թուլացումը և հասարակության մոտ եկեղեցու նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորումը իշխանության օրակարգային հարցերից մեկն էր»,-նշեց նա:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը