Քաղաքական

26.12.2020 18:53


Սուտը, կեղծիքը դարձնելով գործելաոճ՝ նա վարել ու վարում է կործանարար և դավաճանական քաղաքականություն․ Արցախցի ճանաչված մտավորականներ, քաղաքական գործիչներ պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Սուտը, կեղծիքը դարձնելով գործելաոճ՝ նա վարել ու վարում է կործանարար և դավաճանական քաղաքականություն․ Արցախցի ճանաչված մտավորականներ, քաղաքական գործիչներ պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Արցախցի ճանաչված մտավորականները, հասարակական-քաղաքական գործիչները հայտարարություն են տարածել՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Մտավորականների հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

Երկու և կես տարի առաջ զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, սուտը, կեղծիքը, դեմագոգիան դարձնելով գործելաոճ, Նիկոլ Փաշինյանն ընդգծված վարել ու վարում է պառակտիչ, քայքայիչ, կործանարար և դավաճանական քաղաքականություն։ Օգտագործելով ժողովրդի դժգոհությունը նախկին իշխանություններից, իշխանության գալով, նա ոչ միայն չի կատարել իր որևէ խոստում, այլև իր պաշտոնավարության կարճ ժամանակահատվածում երիցս ավելի մեծ վնասներ է պատճառել Հայաստանին (ներառյալ Արցախին), քան նախկին բոլոր ղեկավարները միասին։

Ժողովրդին բաժանելով սպիտակների և սևերի՝ յուրայինների և ոչ յուրայինների, Նիկոլ Փաշինյանը երկուսուկես տարում կազմաքանդել կամ էականորեն ավերել է կենսական նշանակության բոլոր ոլորտները, անօրինականությունը դրվել է օրինական հիմքերի վրա, ներքաղաքական դաշտը դարձրել է արկածախնդրության թատերաբեմ, ժողովրդի ստվար հատվածի մոտ սպանվել է հավատն արդարության, օրինականության և ապագայի հանդեպ։

Նրա գործունեության արդյունքում Հայաստանը զգալի կորուստներ է կրել նաև արտաքին քաղաքական դաշտում և փաստորեն զրկվել իր դաշնակիցներից ու մինչ այդ բարեկամաբար տրամադրված երկրների հարգանքից, որպես պետություն՝ զրկվելով սուբյեկտայնությունից։

Երկրի ներսում և արտաքին հարաբերություններում նման կորուստներ կրելով, զգալիորեն խախտվել էր հակառակորդ, թշնամի երկրի հետ ուժերի հարաբերակցությունը, որից օգտվելով, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ, որի ողջ ընթացքում հանրությանը դիտմամբ կերակրում էին ստերով ու թաքցնում մեր ունեցած կորուստները։ Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթ՝ Արցախի ոչ միայն թշնամու կողմից գրավված, այլև չգրավված տարածքները նվիրելով Ադրբեջանին։ Նրա համաձայնությամբ ու թողտվությամբ հիմա արդեն Հայաստանի Հանրապետության սահմանները, ռազմական նշանակության բարձունքներն են հանձնվում թշնամուն։ Արդեն Սյունիքն են հանձնում Ադրբեջանին։

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված ու իրականացվող ակնհայտ հակահայկական գործունեությունը, ՀՀ բնակչության մի ստվար մասի և գրեթե բոլոր քաղաքական ուժերի բացահայտ բացասական վերաբերմունքը նրա հանդեպ, նաև արտահայտելով Արցախի բնակչության ակնհայտ դժգոհությունն ու ցանկությունը, գտնում ենք, որ հանուն Հայաստանի փրկության և հայ ժողովրդի լինելության, Նիկոլ Փաշինյանը օր առաջ, ժամ առաջ պետք է հեռանա կամ հեռացվի զբաղեցրած պաշտոնից։

Վարդգես Օվյան-գրող, հրապարակախոս

Սլավի-Ավիկ Հարությունյան-բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր

Էդուարդ Աղաբեկյան-Արցախի ԱԺ պատգամավոր

Վահան Բադասյան-Արցախյան երեք պատերազմների մասնակից, հրամանատար, Միացյալ Հայաստան կուսակցության ղեկավար

Քաջիկ Հարությունյան-ժողովրդական արտիստ

Նվարդ Ավագյան-բանաստեղծ, հրապարակախոս

Ալվարո Շեկյան-Արցախյան պատերազմի վետերան, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր

Վարդան Ղուկասյան-վաստակավոր բժիշկ, վիրաբույժ

Սերգեյ Առստամյան - գեղանկարիչ

Ռազմիկ Աղասյան-իրավագետ

Վալերի Գյուլիշանյան-բժիշկ, վնասվածքաբան

Անահիտ Քոչարյան-բանաստեղծուհի

Մնացական Ազիզյան-լրագրող, դիզայներ

Սամվել Եվրիյան-վաստակավոր արտիստ

Վալերի Խաչատրյան-մանկավարժ, իրավագետ

Ալեքսանդր Համբարձումյան-ճարտարագետ

Սմեդա Բաղդասարյան-վաստակավոր մանկավարժ, թոշակառու

Փարավոն Ադամյան-վաստակավոր բժիշկ, ուռուցքաբան

Լաուրա Գրիգորյան-լրագրող

Իսկուհի Ավանեսյան-պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արթուր Բաբայան-մանկավարժ

Հայտարարությունը բաց է, ցանկացողները կարող են միանալ։

Այս խորագրի վերջին նյութերը