Կարծիք

26.12.2020 14:32


Պատմական արդարության վերականգնումը

Պատմական արդարության վերականգնումը
Այս ճակատագրական օրերին, երբ վճռվում է բառիս բուն իմաստով մեր երկրի լինելիության հարցը, մեր ազգային անվտանգության և ապագայի հարցը, բազմաթիվ մտահոգ քաղաքացիներ ունեն երկու գերխնդիր` հեռացնել պետական դավաճանին և փոխարենը իշխանության ղեկը տրամադրել պետականամետ որևէ գործչի: Այս համատեքստում Վազգեն Մանուկյանի առաջադրումը որպես ընդդիմության միասնական թեկնածու, ոչ միայն ստեղծված օրհասական վիճակը շտկելու, այլև պատմական արդարությունը վերականգնելու խորհուրդ ունի: Բոլորս շատ լավ հիշում ենք հեռավոր 1996-ը, երբ ՀՀ-ում առաջին անգամ ընտրություններ կեղծվեցին, սահմանադրական կարգ տապալվեց, և այդպիսով Մանուկյանից գողացան հաղթանակը: Նա փաստացի ընտրված նախագահ էր, սակայն պայքարում նախընտրեց տանուլ տալ, քան թե գնալ սուր բախումների և ապակայունացնել երկիրը: Կարճ ասած` նա այն եզակի խաղացողներից էր, ով պետական շահը վեր էր դասում անձնական շահից, պաշտոնամոլ չէր` ի տարբերություն ոմանց, պոպուլիստ չէր և փառասեր չէր /թեպետ կարող էր լինել` ընդունակությունները ներում էին լիովին/:
Այսօր, երբ մենք ծանր դավաճանական պարտությունից հետո մտել ենք փակուղի, երբ առաջացել է ներքաղաքական թնջուկ, երբ հասարակությունը խորը ապատիայի մեջ է, անհրաժեշտ է կազմակերպված ձևով լուծել հարցը:
Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի, և Վազգեն Մանուկյանը Ազգային Ժողովի կողմից պետք է ընտրվի ՀՀ վարչապետ: Դրանից հետո անհրաժեշտ է մինիմում 6 ամիս կամ մեկ տարի, որպեսզի մեր ժողովուրդը նորովի և սթափ հայացքով գնահատի 2020-ի ողջ տեղի ունեցածն ու ասի իր խոսքը` նոր ընտրությունների միջոցով: Հիմա` այս պահին, գնալ արտահերթ ընտրությունների, ինչպես առաջարկում է Փաշինյանը, կնշանակի ձևական շղարշ ստեղծել, բեմադրել իմիտացիոն ժողովրդավարություն, ինչը կբերի դավաճանի և նրա խմբակի վերարտադրությանը: Մի բան, որը արժանապատիվ ժողովուրդը պարզապես չի կարող թույլ տալ: Ուստի եթե հանկարծ կգտնվի որևէ ընդդիմադիր ուժ, որը պատրաստակամություն կհայտնի քննարկել ներկա պահին արտահերթ ընտրության անցկացման հարցը, նման ուժը /կամ ուժերը/ հավասարապես կկիսեն դավաճանության ողջ պատասխանատվությունը: Հաշվի պետք է առնել նաև այն հանգամանքը, որ Փաշինյանի հովանու տակ անցկացվելիք ընտրությունները ուղեկցվելու են կեղծիքներով և վարչական ռեսուրսի կիրառմամբ:
Այս ամենից հետևություն կարելի է անել, որ միակ ելքը ժամանակավոր կառավարության ստեղծումն է` Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը