Քաղաքական

26.12.2020 08:45


Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Իրավիճակը վկայում է, որ ներկա վարչապետի և իր կառավարության գործունեության շարունակության դեպքում նշված խնդիրների առավել խորացումն անխուսափելի է նաև հետագայում, ինչն անդառնալի հետևանքներ կունենա երկրի համար։ Նման հայտարարություն է տարածել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, որը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը վկայում է, որ ՀՀ-ում խաթարվել են Սահմանադրությամբ հռչակված են ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալական և իրավական պետության հիմքերը։

2020թ. Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում ՀՀ-ում ստեղծված իրավիճակը խորացրեց քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամը։

Առկա խնդիրները համարվում են ոչ միայն համավարակի և պատերազմի, այլև սխալ և միանձնյա կառավարման հետևանք։

Նոյեմբերի 9-ին գաղտնի կերպով և հասարակության սպասելիքներին հակառակ ստորագրված եռակողմ հայտարարությունը հանրապետությունում առաջացրեց խորը ճգնաժամ, հանրության շրջանում խիստ լարված մթնոլորտ։ Ստեղծած իրավիճակը անդառնալի և ծայրահեղ ծանր հետևանքներ ունեցավ աշխատողների՝ հատկապես սոցիալապես անապահով վիճակում գտնվող աշխատող-աղքատների համար։ Արդեն առկա են աշխատատեղերի կրճատման կամ գործատուի կողմից կազմակերպության խաթարված գործունեության պատճառով հարկադիր պարապուրդի և չվճարվող արձակուրդների դեպքեր։

Իրավիճակը վկայում է, որ ներկա վարչապետի և իր կառավարության գործունեության շարունակության դեպքում նշված խնդիրների առավել խորացումն անխուսափելի է նաև հետագայում, ինչն անդառնալի հետևանքներ կունենա երկրի համար։

Ելնելով ստեղծված իրավիճակից և հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝

պահանջում ենք ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի և կառավարության հրաժարականը

կոչ ենք անում համախմբվել պետականության գաղափարի շուրջ՝ կտրականապես մերժելով երկպառակտության ցանկացած փորձ։

Այս օրհասական և վճռորոշ պահին հասարակության բոլոր շերտերի ու ունակ ուժերի, պետական և մասնավոր համակարգի ջանքերը պետք է ուղղված լինեն միասնականության վերահաստատումը՝ հանուն Հայաաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության։

Էդուարդ Թումասյան»։

Այս խորագրի վերջին նյութերը