Մեկնաբանություն

25.12.2020 23:16


Պարզվեց՝ նիկոլի թվի «նոր Հայաստանը» Հայաստանն է` առանց ապագայի

Պարզվեց՝ նիկոլի թվի «նոր Հայաստանը» Հայաստանն է` առանց ապագայի

Ընդամենը երկուսուկես տարի պետք եղավ և մի ջախջախիչ պարտություն, որպեսզի հասկանանք՝ նիկոլի թվի «նոր Հայաստանը» Հայաստանն է՝ առանց Արցախի, բառի բուն իմաստով բաց, թուրքի համար թափանցիկ, Ալիևի ճաշակով ձևված ու կարված «առաձգական» սահմաններով` մի քանի բնակավայր, մի քանի տասնյակ տուն, ճանապարհ, ենթակառուցվածք, դիրք, բարձունք ավել-պակաս`կարևոր չէ։

Ավելին, պարզվում է` 24-ժամյա ռեժիմով առանց հայկական կողմի գոնե խորհրդանշական մասնակցության կատարվող «տեղորոշման աշխատանքների»` ադրբեջանցի ասկյարների ձեռամբ գեղական կարգով իրականացվող GPS-«սահմանազատման» հետևանքով ինչքան ավելի են նեղանում Հայաստանի, այս դեպքում` Սյունյաց աշխարհի սահմանները, այնքան «ավելանում են Սյունիքի և Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխիքները». Գերագույն Անհայրենիքը կասեր` ստեղծվում է «Սյունիքի և Հայաստանի հանրապետության անվտանգության նոր համակարգ»։

Հետո՞ ինչ, որ դա կարող է բերել և արդեն բերել է «որոշակի ցավոտ իրավիճակների»`անգամ նոյեմբերի 9-ի ղազագրով չնախատեսված տարածքային կորուստներով ու դրանցից բխող անկանխատեսելի անվտանգային մարտահրավերներով։ Դիցուք` Որոտանը և Շուռնուխը, Արցախի 70 տոկոսի պես, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, Կապանի օդանավակայանը, Գորիս-Կապան ավտոճանապարհը, բազմաթիվ գյուղեր` թշնամու ուղիղ նշանառության տակ, մարդիկ ի վիճակի չեն անգամ «ոչխար պահել»` ջիպիէսային «ճգրտումների» արդյունքում զրկվելով արոտավայրերից։ Կամ, ասենք, անվտանգության «նոր համակարգում» իրենց պաշտպանված չզգալով, ստիպված կլինեն քոչել ավելի ապահով վայրեր` Հայաստանի «խորքերը» կամ, ծայրահեղ դեպքում «այլ երկրներ»՝ ապացուցելով, որ մենք սխալ ենք, Ալիևը` ճիշտ, երբ ասում է, որ հայերը քոչվորներ են` չեն կարող տիրապետել բնակավայրերին, որտեղ ապրում են անհիշելի ժամանակներից։

Կարևորը` Գերագույն Անհայրենիքի իշխանությունը «լիարժեք պաշտպանված» լինի, «հպարտ» նախիրը` կույր, խուլ, անլեզու, և ականջ չկախի անցանկալի «ապատեղեկատվական արտահոսքերին» (սա Անհայրենիքի վերջին նորամուծություններից է. պարզվում է, բացի տեղեկատվական արտահոսքերից, լինում են նաև «ապատեղեկատվական արտահոսքեր»`փաստեր, որ պաշտոնական քարոզչամեքենան ամեն կերպ փորձում է կոծկել, չի ստացվում` պնդերեսաբար ջրի երես են դուրս գալիս)։ Մի խոսքով, «արխային» լինի` հայրենիքը սկուտեղի վրա թուրքին մատուցած անմեղսունակների կառավարությունը «լիարժեքորեն և միարժեքորեն» վերահսկում է իրավիճակը և սարի պես կանգնած է «հպարտ քաղաքացու» մեջքին։

Գերագույն Անհայրենիքը «տղամարդ է` խոսքի տերն է». ասո՞ւմ էր` խաղաղություն, ստացա՛վ ավերիչ պատերազմ։

Ասո՞ւմ էր`հաղթում ենք, հաղթելու ենք, ոչ մի միլիմետր չենք զիջելու, ամեն քառակուսի մետրի համար կռիվ ենք տալու մինչև արյան վերջին կաթիլը, ստացավ անվերապահ կապիտուլյացիայի և սողացող հայրենազրկման «համաձայնագիր», թուրքի առաջ «կզած», վիզը ծուռ, պարտված ժողովուրդ։

Հիմա ասում է` «անվտանգության նոր երաշխիքներ», «անվտանգության նոր համակարգ», որտեղ ՀՀ քաղաքացու շահերը «լիարժեքորեն և միարժեքորեն» պաշտպանված են լինելու... խոսում է «ապագայի» պլաններից...

Ի՞նչ հասկանալ դրա տակ, և ինչ կստանանք շատ մոտ` տեսանելի և նույնիսկ շոշափելի «ապագայում», եթե Անհայրենիք Տականքը շարունակի կառչած մնալ իր ողորմելի «վարչապետական» աթոռից և մինչև վերջ հասցնի Էրդողան-Ալիև զույգի «հայաստանյան» ծրագիրը, երևի պետք չէ բացատրել...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը