Քաղաքական

25.12.2020 15:11


Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Թշնամին Սյունիք բնակավայրից գտնվում է 100 մ հեռավորության վրա․ Կապանի քաղաքապետ (տեսանյութ)

Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Թշնամին Սյունիք բնակավայրից գտնվում է 100 մ հեռավորության վրա․ Կապանի քաղաքապետ (տեսանյութ)

Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այս մասին այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից նախաձեռնված աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց Կապանի քաղաքապետ Գևորգը Փարսյանը։

«Մենք ունենք երեք խնդրահարույց ճանապարհ` Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն և Կապան-Ագարակ գյուղ: Կապան-Գորիս ճանապարհը գործում է, Կապան-Ճակատենը գործում է, սակայն Կապան-Ագարակ գյուղ տանող հատվածը ստիպված ենք եղել չօգտագործել, որովհետև ամբողջովին անցել է թշնամու հսկողության ներքո»,-ասաց Փարսյանը:

Համայնքապետը նշեց, որ կա այլընտրանքային ճանապարհ, որն ամբողջովին հիմնանորոգման կարիք ունի ու մի քանի անգամ ավելի երկար է:

«Ճանապարհը չօգտագործելու պատճառով` որոշ առումով Ագարակ գյուղի, Եղվարդի և Ուժանիսի գյուղացիները շրջափակման մեջ են ընկել»,-նշեց Գևորգ Փարսյանը:

Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի Սյունիք բնակավայրից 100 մ հեռավորության վրա:

«Թշնամին մեր բնակավայրերից, օրինակ` Սյունիք բնակավայրից գտնվում է 100 մ հեռավորության վրա, Կապան քաղաքի բնակելի հատվածից` 1 կմ հեռավորության վրա: Այն բանից հետո, երբ շատ կարևոր բարձունքներ, որոնք գտնվում են Սյունիք ու Կապան համայնքի դիմաց, անցնեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, Կապան քաղաքն ու որոշ այլ բնակավայրեր կդառնան լուրջ թիրախ»,-նշեց Փարսյանը:

Նրա խոսքով`արցախյան 2–րդ պատերազմում Սյունիքը կրել է անդառնալի կորուստներ, ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքի պաշտպանությունում։

«Հոկտեմբերի 18-ին վարչապետը Գորիսում հրավիրեց խորհրդակցություն՝ համայնքի ղեկավարների մասնակցությամբ: Առաջարկեց, որ մենք անցնենք ինքնապաշտպանության, ու Սյունիքի պաշտպանության կոորդինատոր նշանակվեց գեներալ Արտակ Դավթյանը: Մենք ինքնակազմակերպվեցինք ու անցանք մեր բնակավայրերի պաշտպանությանը:

Այդ ժամանակահատվածում մենք ամբողջովին մենակ էինք, շատ ծանր օրեր էին, ընդհանրապես որեւէ աջակցություն չունեինք ո՛չ կառավարությունից, ո՛չ մնացած բոլոր ոլորտներից: Մենք ցուցում ստացանք այն ժամանակ կոնկրետ գեներալ Դավթյանից, որ զբաղեցնենք մեր համար շահավետ դիրքեր՝ դա կլինի ՀՀ սահմանների վրա, թե սահմաններից դուրս: Մենք ընտրեցինք այն բնագիծը, որը որոշակի հեռու էր մեր բնակավայրերից՝ դրանով իսկ անվտանգության գոտի ապահովելով»,–ասաց նա:

Քաղաքապետի խոսքով`Կապանում թեժ մարտեր ընթացան Դավիթ Բեկի հատվածում, Կենտրոնական ու Ներքին Հանդի հատվածում, եղան զոհեր, բայց մի մետր անգամ հետ չնահանջեցին՝ պահպանելով այդ բնագծերը:

«Նոյեմբերի 9-ին, ինչպես գիտենք, ընդունվեց այդ համաձայնագիրը, որտեղ հստակ առաջին կետով ասվում էր՝ ՀՀ և Ադրբեջանի զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ այդ պահին կանգնած են: Մենք, բնականաբար, մնացինք կանգնած այդ դիրքերում: Շատ անսպասելիորեն դեկտեմբերի 17-ին ստացանք հրաման ՊՆ-ից, որ ձեր զբաղեցրած բնագծերը թողեք, դիրքերը թողեք և անցեք արդեն ՀՀ սահմանների վրա: Դա իրականում մեր համար՝ կոնկրետ կապանցիներիս համար, շատ լուրջ խնդիրներ է առաջացրել»,–ասաց նա։

Քաղաքապետի խոսքով`մարդիկ ոչ թե խուճապի մեջ են, այլ անհանգիստ են, որովհետև ոչ ոք չգիտի՝ ապագայում ինչ է լինելու։ Ինքը` որպես համայնքի ղեկավար, վստահ է, պետք է անել ամեն ինչ ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը