Մեկնաբանություն

10.05.2011 19:18


Անարժանապատիվ գործարք

Անարժանապատիվ գործարք

2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը միտումնավոր վարկաբեկում էր պետական կառույցները և կառավարման համակարգը ներկայացնում որպես ավազակապետություն, իսկ նախագահի ինստիտուտը՝ համեմատում մոնղոլ–թաթարական տիպի խառնամբոխի հետ։

Նկատենք, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ հարաբերություններ էին տիրում պետական ինստիտուտներում, չէր կարելի այդ ինստիտուտները և հատկապես նախագահի ինստիտուտը պիտակավորել ու համեմատել մոնղոլ–թաթարների հետ, մանավանդ երբ ինքդ մի ժամանակ նախագահ ես եղել։ Բայց Տեր–Պետրոսյանին նման «մանր» հարցերը չէին հետաքրքրում և նա միայն «հայաստանցի–ղարաբաղցի», «հերոսներ–տականքներ», «հայեր–մոնղոլներ» բևեռացման միջոցով էր պատկերացնում իր հաղթելու հնարավորությունը։

Ընտրություններն ավարտվեցին ու Տեր–Պետրոսյանը չկարողացավ հայտնվել Բաղրամյան 26–ում, իսկ այժմ արդեն նա փորձում է «երկխոսության» կիսաբաց դռնով ներս մտնել ու դառնալ «Եղիազար Այնթապցու», այն է ՝ Սերժ Սարգսյանի «միաբանը»։

Հիմա ՀԱԿ առաջնորդն արդեն «մոռացել» է «մոնղոլ–թաթարների», ավազակապետության ու այլ նման փիս որակումների մասին ու պատրաստակամություն է հայտնում ստեղծել իր երազած երկիրը, երբ իշխանությունն ու ինքը «բաց երկխոսում են»։ Այդ դեպքում հարց է առաջանում. բա ու՞ր մնացին այդ հայհոյանքները, ու՞ր մնաց ավազակապետությունը և ու՞ր մնացին տականքները։

Պարզվում է Տեր–Պետրոսյանը կոմպլեքսներ չունի և կարող է «բաց երկխոսել» նաև իր սիրած «մոնղոլ–թաթարների» հետ՝ հանուն մի քանի մանդատի և հանուն իր անձնական վախի հաղթահարման։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ արժանապատվության իսպառ բացակայություն, էլ չխոսած հարցի քաղաքական կողմի մասին։

Արժանապատվության հետ, փաստորեն, խնդիրներ ունի նաև Սերժ Սարգսյանը, ով հանուն իր աթոռի պահպանման գնում է իրեն մոնղոլ–թաթարների հետ համեմատած մեկի հետ «երկխոսության»՝ «մոռանալով, որ այդ մեկին անվանել է «Ղարաբաղ ծախող»։

Դատելով Սարգսյանի անցյալից ու ներկայից՝ կարելի է ասել, որ նմանատիպ «երկխոսությունները» նրա ամենասիրած զբաղմունքն է։ Նայեք թե ովքեր են այսօր համախմբված նրա շուրջը և կհամոզվեք դրանում։ Սարգսյանի այժմյան թիմակիցներն են մարդիկ, ովքեր ժամանակին իրեն հայհոյել են, մեղադրել են սպանության պատվեր տալու և այլ սարսափելի մեղքերի մեջ, բայց այսօր ՀՀԿ «ճկուն» ղեկավարը նրանց ամենամոտ գործընկերն է։ Այնպես որ, Սարգսյանին այժմ որևէ հոգեբանական դժվարություն չի ներկայացնում համագործակցել նաև «միաբանների» հետ։ Կարելի է ասել, որ կողմերը միմյանց արժանի են։ Ե՛վ «Եղիազարը», և՛ «միաբանը» մտածողության նույն տիրույթն ու նույն արժեհամակարգն են  ներկայացնում և հասկանալի է, որ նրանց գործարքին ոչինչ չի կարող խանգարել։ Պարզապես մի հարց է մնում. բա ի՞նչ են անելու նրանք մարտի 1–ի զոհերի, վիրավորների ու նրանց հարազատների հետ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը