Դուք երկրին ու պետությանն եք ծառայում, ոչ թե՝ պարտված ու մեզ բոլորիս դավաճանած իշխանությանը
Այսօր կարմիրբերետավորներն անասելի բիրտությամբ ու քողարկված հարվածներով, բառիս բուն իմաստով գողանում էին Մելիք-Ադամյան խաչմերուկում անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող մեր երիտասարդներին ու խոթում մեքենաները:
Երբ աչքիս առաջ հերթական զոհին հինգ-վեց հոգով շրջապատեցին, թևերը դաժանորեն ոլորելով, գլխին բութ ու ծանր հարվածելով առևանգեցին, ճչոցով բղավեցի.
-Այ..., ինչո՞ւ ես այդքան բիրտ ուժ գործադրում, հարվածում տղայի գլխին, այս տղան օրեր առաջ է առաջնագծից վիրավոր վերադարձել:
Ջոկատից մեկը պատասխանեց,
-Մենք էլ ենք 44 օր Ղարաբաղ էլե:
Այս օրերին ինձ հանդիպած գրեթե բոլոր ոստիկանները միաբերան նույն բանն են ասում:
Չգիտեմ... ուզում եմ հավատալ:
Բայց պատերազմով անցած մարդն այդ պատերազմում իրեն նվաստացրածին, խաղաղ կյանքում իրենից մահակ ու կամակատար դարձրածին այդպիսի կրքով, ապակե անհաղորդ հայացքով չի պաշտպանի:
Համ էլ պատերազմով անցածը նույն պատերազմով անցած, մահվան աչքերի մեջ նայած հայ երիտասարդին հակառակորդի ու զոհի հայացքով չի նայի:
Տղե՜ք, կարմիր բերետավոր տղեք, ես ձեր աչքերում կորցրած երկրի ցավ չտեսա, ես ձեր աչքերում վիրավոր հայրենիքի զգացում չտեսա, ես ձեր աչքերում ապագայի տագնապ չտեսա, ես ձեր աչքերում մարդեղենություն չտեսա:
Տղեք, դուք երկրին ու պետությանն եք ծառայում/այն էլ մեր հարկերով/, ոչ թե՝ պարտված ու մեզ բոլորիս դավաճանած իշխանությանը:
Հ.Գ. Եթե էդ կրքով թուրքի դեմ կռվեիք /եթե իրապես կռվել եք/ գուցե հաղթեինք...
Դուք երկրին ու պետությանն եք ծառայում, ոչ թե՝ պարտված ու մեզ բոլորիս դավաճանած իշխանությանը