Մեկնաբանություն

24.12.2020 16:50


Հայաստանը պատանդ վերցրած փաշինյանը շարունակում է ծաղրել բոլորին. Որոտանի կեսը «ադրբեջան է, և վե՛րջ»

Հայաստանը պատանդ վերցրած փաշինյանը շարունակում է ծաղրել բոլորին. Որոտանի կեսը «ադրբեջան է, և վե՛րջ»

Հայաստանի կառավարության հոյակերտ շենքում նստած անհասկանալի կարգավիճակ ունեցող մի խումբ անձինք, որոնք իրենք իրենց դեռ ՀՀ կառավարություն են անվանում, այսօր նորից այնտեղ էին հավաքվել: Ինչ-որ նիստ էին անում: Նստապետը՝ ի դեմս վարչաՂետ նիկոլ փաշինյանի, որ «ՀՀ վարչապետ» նշումով վկայական ունի, ինչ-որ բաներ ասաց, ի պաշտպանություն՝ իր «կիրթ ու կառուցողական» վերելակընկեր ալիևի և նրա շահերի:

Սա, այս դեպքում նկատի ունենք փաշինյանին, երկար-բարակ հիմնավորում էր, թե ինչ լա՜վ, ինչ ընտի՜ր, ինչ աննմա՜ն բան է Հայաստանը կտոր-կտոր թշնամուն հանձնելը:

Չէ, իսկապես, սա ուղղակիորեն ծաղրում է բոլորին: Իրավիճակում, երբ թշնամին անարգել ու ցուցադրական լկտիությամբ մտնում է Սյունքի մարզի հայկական գյուղեր, օրինակ, Որոտան և ասում՝ «էս սարն իմն է, էս ծառն իմն է», կոնկրետ՝ այս 12 կամ 14 տունը հլա շուտ տվեք մեզ ու ցվրվեք ստուց կամ նման մի բան, նիկոլ փաշինյանը նաղլ է կարդում, թե բա. «Մենք ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում...»:

Ու ասում է, թե՝ երկու բնակավայր կա՝ Շուռնուխն ու Որոտանը, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր...

Հասկանո՞ւմ եք, սույն թյուրիմացությունը անվտանգության երաշխիքներ է ավելացնում... նորանոր բնակավայրեր տալով թշնամուն: Անվտանգություն է ավելացնում և սյունեցիներին, Սյունիքում մեր հայրենակիցների անցուդարձը անարգել թիրախավորելու, կրակի տակ պահելու համար ձեռնտու բարձունքներ է նվեր անում թշնամուն:

Բա դա ծաղր չէ, ի՞նչ է:

Ու նիկոլ փաշինյանն ասում է, թե՝ «այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»: Սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր հատկապես այդ արտահայտությանն արձագանքեցին՝ նիկոլ փաշինյանին մանրակրկիտ բացատրելով, թե ինչ անի այդ «ցավոտ իրավիճակները» ու հատկապես որտեղ մտցնի: Բավականին կրեատիվ դիտարկումներ էլ կային այդ շարքում, բայց մեր տեսանկյունից՝ դժվար իրագործելի, որովհետև նիկոլ փաշինյանը տնով-տեղով մեկ՝ «ցավոտ իրավիճակ» է, եթե չասվի՝ ցավոտ ու արյունոտ, աղետաբեր իրականություն:

Ու սա, կրկին նկատի ունենք փաշինյանին, ասում է, ուշադրություն. «ՀՀ միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել ու չի կարող լինել, բայց սա չի նշանակում, որ այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա ու սահմանների դելիմիտացիա»:

Բա որ սա սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա չէ (այսինքն՝ նման բան չի արվել, ոչ մի սահմանազատում ու սահմանանշում չկա), ավելին՝ ստորագրածդ կապիտուլյացիոն համաձայնագրում այս տարածքների մասին ընդհանրապես խոսք չկա, դու ինչի՞ հիման վրա ես հրամայում ինքնապաշտպանության ջոկատներին հետ քաշվել, ինչի՞ հիման վրա ես մեր հայրենիքը տալիս թուրքին, ո՞նց ես որոշում, որ Որոտան գյուղի 12 տուն ադրբեջանական տարածքում է:

Թե բա՝ «որոշակի նրբություններ կան»...

Որ այդպես է, մի նրբություն էլ ես հարցադրեմ. կարո՞ղ է քո գեների կեսը «ադրբեջանական» է: Դա «ցավոտ իրավիճակ» է, բայց կարո՞ղ է՝ ոչ էլ կեսը:

Ի դեպ, հիշո՞ւմ եք, մեկը կար, ասում էր, որ ինքն Արցախի համար ու Արցախի փոխարեն բանակցելու մանդատ չունի: Չուներ, բայց հանգիստ, առանց «օֆ» քաշելու, գրչի մեկ շարժումով Արցախը հանձնեց թուրքին:

Մեկը կար, որ հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»: Հիմա նա ասում է, որ Գորիսի շրջանի եզրային Տեղ գյուղից այն կողմ՝ ադրբեջանական տարածք է: Բոլոր այդ «մեկը կար»-ը նույն զրոն է՝ նիկոլ փաշինյանը:

Մնում է հուսալ, որ նա որևէ տեղ չի ասի, որ Սյունիքը Հայաստան է, և վերջ: Չնայած, Սյունիքը, մեծ հաշվով, փաշինյանը հանձնել է: Համենայն դեպս, արել և անում է ամեն ինչ, որպեսզի սյունեցիները լինեն ադրբեջանական նշանառության ու կրակի տակ, որ Սյունիքում ուղղակի անհնար լինի ապրել:

Ու հետո, սա այսօր ասում է, թե Հայաստանի կառավարությունը, օրինակ, Որոտանում՝ իր կողմից ալիևին ծննդյան տոնի նվեր արած 12 տների տանտերերին կփոխհատուցի: Դե փոխհատուցիր: Տո՛ւր այդ մարդկանց տուն ու հող: Երևանո՞ւմ է փոխհատուցելու: Հա, ու նայեք, որ հանկարծ փոխհատուցելիք տարածքը «թուրքի մայլում» չլինի, որ դրանք չգան մեկ էլ՝ փաշինյանի հետ պայմանավորված, այդ փոխհատուցված տներից հանեն:

Իսկ Արցախի՝ ավելի քան 100 բնակավայրերի համար ո՞վ է փոխհատուցելու, որտե՞ղ, ինչո՞վ: Օրինակ, հադրութցիներին ու Հադրութի շրջանի գյուղերի բնակչությանը: Կամ՝ շուշեցիներին: Շատ հետաքրքիր է, թե ինչով է պատրաստվում փաշինյանը փոխհատուցել, օրինակ, Քաշաթաղում, Քարվաճառում ազատագրումից հետո, անցած տասնամյակներում բնավորված մեր հայրենակիցներին: Նրանք, ի դեպ, հիմնականում Հայաստանի տարբեր բնակավայրերից գնացած, այժմ տնազրկված, հայրենազրկված մարդիկ են:

Առհասարակ, Հայրենիքի մի էական մասի կորուստը հնարավո՞ր է փոխհատուցել: Փողի բազա՞ր ես անում, փաշինյան: Ինչպես միշտ, ի դեպ:

Դժվար է ասել, թե տնազրկվող որոտանցիներին փաշինյանի կառավարությունն ինչով կփոխհատուցի, բայց փաշինյանն ու նրա կառավարիչները, նրա քայլակիցները արել են բաներ, որոնց համար, որպես կանոն ու անխուսափելիորեն, հատուցում են կյանքով, հատուցում են մշտապես նզովքով հիշվելով, ըստ որում, հատուցում են ոչ միայն իրենք, այլև՝ իրենց ժառանգները:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը