Լրահոս

14.04.2009 11:53


ՀԱԿ-ի նամակը Գագիկ Բեգլարյանին

Արդեն չորրորդ օրն է, ինչ Երևան քաղաքի կենտրոնում տեղի են ունենում աղաղակող ապօրինություններ։ Երեկոյան ժամը 18-ից սկսած ոստիկանական ստորաբաժանումները՝ մինչև մի քանի հարյուր մարդ, զինված ռետինե մահակներով, փակում են Հյուսիսային պողոտան, ոչ միայն արգելում խաղաղ քաղաքացիներին այնտև գտնվել կամ զբոսնել, այլև նրանց խմբերվ, ուժի գործադրմամբ քշում են փողոցներով իրենց ցանկացած ուղղությամբ՝ բաժանում ավելի մանր խմբերի, փորձում մտցնել շենքերի բակերը, դիմում սադրանքների, կոպտում, վիրավորում։ Ուժ է գործադրվում նաև կանանց ու անչափահասների նկատմամբ։ Եվ դա ամեն օր տևում է 2-3 ժամ։ Այդ օրերի ընթացքում ավելի քան մեկուկես տասնյակ մարդ նաև ապօրինաբար «բերման են ենթարկվել» ու պահվել Կենտրոնի ոստիկանական բաժանմունքում։

 

Դուք այսօր էլ Երևանի գործող քաղաքապետն եք և պատասխանատու այստեղ կատարվող ամեն ինչի համար։ Հյուսիսային պողոտան մտահղացվել է որպես երևանցիների զբոսնելու վայր, որը արդեն մեկ տարուց ավել մարդիկ դարձրել են սիրելի զբոսավայր։ Դուք տեղյակ ե՞ք արդյոք, որ մարդկանց կոպտորեն ու ապօրինաբար զրկում են ազատ տեղաշարժվելու և իրենց սիրելի զբոսավայրում զբոսնելու իրավունքից։

 

Դուք հայտ եք ներկայացրել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում դառնալ ընտրված քաղաքապետ. գուցե Դուք հենց այդպես, որպես ոստիկանական քաղա՞ք եք պատկերացնում Երևանի ներքին կյանքը և առայժմ դա փորձարկում եք Հյուսիսային պողոտայում ու հարակից փողոցներո՞ւմ։

 

Տեղեկացնում ենք, որ ապրիլի 14-ին, երեքշաբթի օրը մարդիկ նորից գնալու են Հյուսիսային պողոտա ու պահանջում ենք, որպես Երևանի գործող քաղաքապետ, ապահովել նրանց՝ այդտեղ զբոսնելու ու ազատ տեղաշարժվելու տարրական իրավունքը։

Հույս ունենք՝ մեր հարցերին կպատասխանեք նաև հրապարակավ։

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

 

Այս խորագրի վերջին նյութերը