Քաղաքական

24.12.2020 15:58


«Գյուղից նույնիսկ մի երեխա դուրս չի եկել․․․ իշխանությունները զորքը հանեցին ու մեզ թողեցին մենակ, մենք տղաներով 21 կիլոմետր սահման ենք պահել». Որոտանի գյուղապետ

«Գյուղից նույնիսկ մի երեխա դուրս չի եկել․․․ իշխանությունները զորքը հանեցին ու մեզ թողեցին մենակ, մենք տղաներով 21 կիլոմետր սահման ենք պահել». Որոտանի գյուղապետ

Սյունիքի մարզի Գորիսի շրջանի Որոտան համայնքում անորոշ իրավիճակ է, գյուղացիները գյուղապետի հետ միասին բանակցում են մե՛կ ռուսների, մե՛կ՝ ադրբեջանցիների հետ՝ գյուղի մի շարք տներ պահպանելու համար։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է՝ Պաշտպանության նախարարության և Նիկոլ Փաշինյանի հորդորով Սյունիքի մարզում հայկական զորքերը դուրս են հանվել իրենց զբաղեցրած դիրքերից, ինչպես տեղի բնակիչներն ու դիրքապահներն են պնդում՝ բոլոր շահեկան դիրքերը հանձնվել են թշնամուն։ Ավելին՝ թշնամին դիրքերը տեղակայել է բնակավայրերին շատ մոտ, որի արդյունքում բազմաթիվ համայնքներում բնակիչներին կոչ են անում լքել իրենց տները, քանի որ դրանք մնացել են թշնամու տարածքում։

Որոտանում 12 տուն մնալու է թշնամուն։

168.am-ի հետ զրույցում Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանն ասաց, որ ինքն ու բնակիչները մարտական են տրամադրված։

«Գյուղից նույնիսկ մի երեխա դուրս չի եկել, ու դուրս չենք գալու։ Մենք ո՛չ Հայաստանի թուրքերից, ո՛չ էլ իրական թուրքերից չենք վախենում։ Իշխանությունները զորքը հանեցին ու մեզ թողեցին մենակ, մենք տղաներով 21 կիլոմետր սահման ենք պահել։ Մենք արդեն ասել ենք, որ, եթե մենակ ենք մնալու, ուրեմն՝ մնալու ենք մեր տներում ու դուրս չենք գալու, ի՞նչ պետք է անեն, սպանելո՞ւ են, թող սպանեն»,-ասաց Սուրեն Օհանջանյանը։

Նա տեղեկացրեց, որ գյուղում մարդկանց ասում են՝ գնացեք ձեր իրերը հավաքեք ու դո՛ւրս եկեք տներից, քանի որ դրանք անցնելու են թշնամուն, ռուս սահմանապահներն էլ ոչինչ չեն կարողանում անել, քանի որ ադրբեջանցիները զենք ու զրահով գալիս, կանգնում՝ ասում են, թե այդ տարածքներն իրենցն են։

«Մարդիկ իրենց հողի մեջ տներ են սարքել, հիմա իրենց սեփականությունը հանձնում են թշնամուն, բայց ոչ իրենց կամքով»,-ասաց նա։

Սուրեն Օհանջանյանն անդրադարձավ նաև Սյունիքի մարզից ընտրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հայտարարությանը, որ՝ «եթե կան այլ պետության տարածքներ, որոնք վարելահողեր են, և Որոտանի բնակիչները դրանք օգտագործում են, ապա դա չի նշանակում, որ դա Որոտան համայնքի հողակտոր է։ Իսկ այն տարածքը, որը Սյունիքինն է, վստահաբար ասում եմ՝ այն մնալու է Սյունիքին, Սյունիքը մի այդքան դրեք ու վերցրեք, սյունեցին անվտանգ է»։

«Ես դրան ի՞նչ ասեմ, Կարեն Համբարձումյանն իրավիճակին չի տիրապետում, դրա համար ոչինչ թող չխոսի։ Իսկ եթե ուզում է իմանա՝ ինչ է կատարվում այստեղ, որ գա Սյունիք, եթե պատմություն չգիտի՝ թող գիրքը բացի՝ կարդա, քարտեզներին ծանոթանա, սրանք մեր վարչական տարածքներն են, ոչ թե քարտեզները գողանան–տանեն ու հայտարարեն, թե դրանք Լաչինի գրավված տարածքներն են, ախր նա շատ փոքր է, որ նման բան ասի, նա փոքր երեխա է եղել, որ մարդիկ այս տարածքում մեծացել են»,-հավելեց նա։

Սուրեն Օհանջանյանը նաև շեշտեց, որ այն դիրքերը, որոնք զիջել են թշնամուն, նույնիսկ 90-ականներին թշնամու ոտքն այդ դիրքերին չի հասել։

«Եթե իրենց ուզածն այն է, որ մենք գյուղից դուրս գանք՝ դուրս չենք գալու։ Այս ամենի վերջի մասին պետք է Նիկոլ Փաշինյանն ու Պաշտպանության նախարարն ասեն, թող գան թուրքին ապացուցեն, որ ներխուժել են մեր տարածք, եթե իրենք քարտեզներ չունեն, մենք քարտեզներ կտանք։ Հիմա թշնամին գյուղից 1-10 մետր հեռավորության վրա է»,-եզրափակեց Սուրեն Օհանջանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը