Քաղաքական

23.12.2020 21:41


Էդուարդ Աղաջանյանը «թռե՞լ է» բանակից. կարևոր փաստեր

Էդուարդ Աղաջանյանը «թռե՞լ է» բանակից. կարևոր փաստեր

yerkir.am-ը գրում է․ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի՝ ՀՀ կառավարության կայքէջում զետեղված կենսագրականի հպանցիկ զննումն անգամ տեղիք է տալիս մի շարք կասկածանքների, որոնց հենքի վրա օրեր առաջ ձևակերպեցինք հետևյալ հարցադրումները՝

  • Էդուարդ Աղաջանյանի 18 տարին լրացել է 2006 թ. օգոստոսի 29-ին: Կենսագրականում նշված է, որ 2012 թ. ավարտել է Մոնակոյի միջազգային համալսարանի բակալավրիատը: Ենթադրելի է, որ բակալավրիատում ուսուցումը տևել է առավելագույնը 4 տարի: Այսինքն՝ Էդ. Աղաջանյանը ընդունվել է ոչ շուտ, քան 2008 թ.: Մեր հարցադրումը հետևյալն է՝ ի՞նչ հիմքով է զորակոչից տարկետում տրվել Էդ. Աղաջանյանին 2006-2008 թթ.:
  • Էդ. Աղաջանյանի կենսագրականում նշված է, որ 2016 թ. ավարտել է Մոնակոյի միջազգային համալսարանի մագիստրատուրան: Հայտնի է, որ աշխարհի բոլոր համալսարաններում մագիստրոսական ծրագիրն իրականացվում է առավելագույնը 2 տարում: Ենթադրելի է, որ Էդ. Աղաջանյանը հիշյալ համալսարանի մագիստրատուրա է ընդունվել 2014 թ.: Մեր հարցադրումը հետևյալն է՝ ի՞նչ հիմքով է զորակոչից տարկետում տրվել Էդ. Աղաջանյանին 2012-2014 թթ.:
  • Էդ. Աղաջանյանի կենսագրականում նշված է, որ 2016 թ. սովորել է INSEEC London համալսարանի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետում: Մեր հարցադրումը հետևյալն է՝ ի՞նչ ծրագրով է եղել նրա ուսումնառությունը այս բուհում, որքա՞ն է այն տևել, ավարտե՞լ է արդյոք այն և ստացել ավարտական վկայական:
  • Հայտնի է, որ 2009-2018 թթ. պետության կողմից զորակոչի տարկետման իրավունք էր տրամադրվում «Լույս» հիմնադրամի միջնորդությամբ՝ աշխարհի 10-40 լավագույն կամ առաջատար համալսարաններում սովորող հայ ուսանողներին: Արդյո՞ք Մոնակոյի միջազգային համալսարանը այս ժամանակահատվածում ընդգրկված է եղել լավագույն համալսարանների նշյալ ցանկում:
  • Ինչո՞ւ Էդ. Աղաջանյանի կենսագրականում նշված չէ, որ նա աշխատել է Երևանի փաբերից մեկում՝ որպես երաժշտավար («դիջեյ»), արդյո՞ք նա եղել է գրանցված աշխատող և արդյո՞ք կատարել է հարկային պարտավորությունները:

Սույն հարցադրումներով գրավոր հարցում ենք ուղարկել նաև ՀՀ կառավարության աշխատակազմին, ԿԳՄՍՆ և ՊՆ: Ստացված պատասխանները բավականին ուշագրավ են:

Վարչապետի աշխատակազմը վերոնշյալ հարցադրումներից որևէ մեկի մասով չի տրամադրել տեղեկություններ՝ պատճառաբանելով, թե դրանք անձնական տվյալներ բացահայտելու բովանդակություն են պարունակում, և տվյալ դեպքում չկա Էդ. Աղաջանյանի գրավոր համաձայնությունը: Ի դեպ, աշխատակազմը լիովին իրավացի է. մեր խնդիրն է բացահայտել Էդ. Աղաջանյանի կենսագրության մութ և կասկածելի դրվագները, որոնք թաքցվել են հասարակությունից:

Խիստ ուշագրավ է ԿԳՄՍՆ-ի պատասխանը, ըստ որի՝ Էդ. Աղաջանյանին ՀՀ կառավարությունը 2008 թ. փետրվարի 7-ի N 129-Ն որոշմամբ տրամադրել է տարկետում՝ մինչև 2012 թ. գարնանային զորակոչը: Սրանով, փաստորեն, լիովին հաստատվեց հարցապնդումներում արված մեր ենթադրությունը, ըստ որի՝ Էդ. Աղաջանյանը տարկետում է ստացել և սովորել 2008-2012 թ.: 2006-2008 թթ. Էդ. Աղաջանյանին տարկետում տալու մասին ոչ մի խոսք չկա ԿԳՄՍՆ-ի գրավոր պատասխանի մեջ:

Ուշագրավությամբ չի զիջում նաև ՀՀ ՊՆ-ի գրավոր պատասխանը, ըստ որի՝ Էդ. Աղաջանյանին, ոչ ավելի, ոչ պակաս, տարկետման իրավունք է տրվել երեք անգամ՝ 2006, 2008 և 2012 թվականներին: Նախարարության հաղորդած մանրամասներից պարզվում է, որ 2006 թ. աշնանային զորակոչին Էդ. Աղաջանյանին, որպես բուհի ուսանող, տարկետման իրավունք է տրվել մինչև 2009 թ. ամառային զորակոչը, ապա 07.02.2008 թ. ՀՀ Կառավարության թիվ 129 որոշմամբ տրվել է տարկետում մինչև 15.06.2012 թ.: Նույն թվականի ամառային զորակոչի ընթացքում Էդ. Աղաջանյանին արդեն 3-րդ անգամ է տրվել տարկետման իրավունք՝ մինչ 2015 թ. ամառային զորակոչը, որից հետո նա 09.07.2015 թ. հաշվառվել է ՀՀ ԶՈւ պահեստազորում:

Պետական գերատեսչությունների պատասխաններն ավելացրին հարցադրումների թիվը: Այսպես.

  1. Ո՞ր բուհում է սովորել Էդ. Աղաջանյանը 2006-2008 թթ., որը, ըստ ենթադրության, կիսատ է թողել (տարկետումը տրված էր մինչև 2009 թվականը. ուսումնառությունը, հավանաբար, տևելու էր 3 տարի) և 2008-ից ուսումը շարունակել այլ բուհում: Ինչո՞ւ այս մասին տեղեկություն չի նշված նրա կենսագրականում:
  2. Արդյո՞ք 2012-2016 թթ. (4 տարի) Էդ. Աղաջանյանը սովորել է Մոնակոյի միջազգային համալսարանի մագիստրատուրայում: 4 տարի մագիստրատուրա՞: Չափազանց կասկածելի է, եթե ոչ՝ անհնար: Մեր հարցապնդումը կրկնում ենք՝ ո՞ր բուհում է սովորել Էդ. Աղաջանյանը 2012-ից առնվազն 2014 թվականներին, ինչի համար է նրան մինչ 2015 թվականը տրվել տարկետում՝ արդեն երրորդ անգամ:

Քանի դեռ Էդ. Աղաջանյանը հրապարակավ չի հայտարարել, թե որ բուհերում է սովորել 2006-2008 և 2012-2014 թվականներին, մինչ այժմ առկա փաստերի համադրումը մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ Էդ. Աղաջանյանին տարկետման իրավունքը՝ երեք անգամ անընդմեջ, տրվել է կասկածելի հանգամանքներում, և այդ միջոցով նա պարզապես «թռել է» բանակից՝ խուսափելով հայրենիքին ծառայելու՝ իր պարտականություններից:

Վահե Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը