Քաղաքական

23.12.2020 15:32


Սիսիանն ունի 30 486 բնակիչ, որից վարչապետի հետ հանդիպմանը ներկա է եղել առավելագույնը 400-ը՝ 1,5 տոկոս․ Սիսիանի քաղաքապետ (տեսանյութ)

Սիսիանն ունի 30 486 բնակիչ, որից վարչապետի հետ հանդիպմանը ներկա է եղել առավելագույնը 400-ը՝ 1,5 տոկոս․ Սիսիանի քաղաքապետ (տեսանյութ)

Ես այստեղ եմ, որ ասեմ՝ անարդարություն է տեղի ունենում մեր երկրում։ Այսօր Քաջարանի քաղաքապետը գտնվում է Քննչական կոմիտեում, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ժամը 5-ին ներս կհրավիրվի։ Առուշանյանի գործը, որ այսօր պետք է քննվի, հարուցվել է դեռևս 2 տարի առաջ։ Ես՝ որպես Սիսիան համայնքի ղեկավար, կողմնակից եմ արդարությանը, եթե Առուշանյանը հանցանք էր գործել, պետք է երկու տարի առաջ կալանավորվեր։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը։

«Մանվել Փարամազյանին առնչվող, մեծ աղմուկ հանած գործն էլ եղել էր 6 ամիս առաջ, նա այդ ժամանակ վկայի կարգավիճակ էլ չի ունեցել, իսկ այսօր արդեն մեղադրանք է առաջադրվել»,-նշեց նա։

Սիսիանի քաղաքապետն ընդգծեց՝ Սյունիքի 7 համայնքների ղեկավարներով հայտարարություն են արել, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։

«Երբ Փաշինյանը եկավ Սյունիք, կարող էինք փակել հենց Սիսիանի մուտքը, որ նա չմտներ, բայց միտումնավոր թողել ենք, որ մտնի։ Հիմա, որ բոլորը հիացած են այդ հանդիպումից, նկարները կան, կարող եք հաշվել՝ քանի հոգի են եղել։ Եղել է 280 հոգի, որից 80-ը՝ վարչապետի անվտանգությունը, բայց վարչապետին զեկուցած տվյալներով՝ 400 մարդ է եղել։ Հաշվենք՝ այդպես է, Սիսիանն ունի 30 486 բնակիչ, 24 000 ընտրող, որից վարչապետի հանդիպմանը ներկա են եղել 400-ը՝ 1,5 տոկոս։ Եթե վարչապետի համար 1,5 տոկոսը ողջունելի է, մենք էլ ենք ողջունում։ Ես՝ որպես համայնքի ղեկավար, եթե իմանայի՝ այդքան քիչ մարդ է գալու, իմ համակիրներին կհրավիրեի այնտեղ, որ գոնե 2 տոկոս լիներ»,-ասաց նա։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Սիսիանից բացի Սյունիքի մյուս քաղաքներ չի գնացել, քանի որ սգի օրեր էին, և չի ցանկացել բախումներ հրահրել, Սիսիանի քաղաքապետն ասաց․ «Նա չի գնացել, քանի որ ոստիկանությանը հրաման է տվել բացել ճանապարհը, բայց ոստիկանները հրաժարվել են»,-ասաց Սարգսյանը։

Նա նկատեց՝ Սիսիանը գյուղատնտեսական շրջան է, բնակիչները Գորիսի տարածքում հողեր են մշակում, Գորիսի մայրուղին դիտարկվելու է թշնամու կողմից, և գարնանը, երբ աշխատանքներն սկսվեն, բնակիչները չեն կարողանալու այդ հողերն օգտագործել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը