Քաղաքական

23.12.2020 13:59


«Հողը գնում է այս իշխանությունների ոտքերի տակից. ընդդիմության հնարավորությունների պատուհանը բավականին լայն է». Коммерсантъ-ի անդրադարձը՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակին

«Հողը գնում է այս իշխանությունների ոտքերի տակից. ընդդիմության հնարավորությունների պատուհանը բավականին լայն է». Коммерсантъ-ի անդրադարձը՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակին

«Կոմերսանտ» պարբերականի թղթակից Կիրիլ Կրիվոշեևը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում, հոդված է հրապարակել երկրում ներքաղաքական իրավիճակի, ընդդիմության՝ օր օրի ավելի մեծ թափ ստացող բողոքի ակցիաների մասին:

«Հայաստանի ընդդիմությունը երեքշաբթի օրը փորձ արեց բողոքի ակցիան նոր մակարդակի հասցնել: Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանի հակառակորդները սահմանափակվում էին խաղաղ երթերով, ապա այժմ նրանք սկսել են անժամկետ հանրահավաք և մտադիր են այն իրականացնել մինչև հաղթական ավարտ: Վրաններ են տեղադրվել մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում»,-գրել է թղթակիցը:

Վերջինս հետևել է Երևանում կայացած հանրահավաքին և զրուցել դրա մասնակիցների հետ: Բողոքի ակցիաները տարածում են գտել նաև Հայաստանի մարզերում:

«Հայ ընդդիմադիրները պահեցին բողոքների նոր ալիք սկսելու մասին իրենց խոստումը՝ երեքշաբթի՝ դեկտեմբերի 22-ից: Նրանց կարծիքով, դա պետք է վերածվի համապետական անժամկետ գործադուլի, որը կհանգեցնի ներկայիս կառավարության հրաժարականին, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը: Երևանի կենտրոնում ՝ Հանրապետության հրապարակում, վրաններ են տեղադրվել: Երեքշաբթի առավոտյան դրանք քանակով այնքան էլ շատ չէին ՝ ընդամենը չորսը: Ոստիկանությունը փորձեց միջամտել, բայց, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, հետ կանգնեց, երբ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորները միջամտեցին: Այն ղեկավարում է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը ՝ Գագիկ Ծառուկյանը, որին այս տարի իշխանությունները փորձեցին ձերբակալել:

Ավելի ուշ ցուցարարները փոխզիջման գնացին ոստիկանության հետ և վրանները ճանապարհի երթևեկելի հատվածից տեղափոխեցին մայթ:

Վրաններից մեկում բոլոր ցանկացողներին տաք թեյ ու սուրճ բաժանեցին, որը շատ կարևոր էր, քանի որ Երևանում ջերմաստիճանը հիմա մոտ է զրո աստիճանին: Չգիտես ինչու, ամենազանգվածային ակցիան առավոտյան էր: Հավաքի մասնակիցները «Կոմերսանտ»-ին վստահեցնում էին, որ այդ ժամանակ հրապարակում 15-20 հազար մարդ կար հավաքված: Հետո մասնակիցների զգալի մասը ցրվեց: Երեկոյան հրապարակը կրկին մարդաշատ դարձավ:

Բողոքի նոր ալիքի խթանը ՀՀ վարչապետի չափազանց ոչ պոպուլյար գործողություններն էին: Հիշեցնենք, որ կիրակի օրը, նա զոհված զինվորների շատ հարազատների կամքին հակառակ, այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, իսկ երկուշաբթի օրը մեկնել է Սյունիքի մարզ, որտեղ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի հետ նոր սահմանազատման ուղղությամբ: Այնտեղ ցուցարարները փակել էին հանրապետության հարավ տանող ճանապարհը, որի պատճառով էլ պաշտոնական ավտոշարասյունը ստիպված վերադարձել էր Երևան:

Երկուշաբթի օրվա դեպքերը ապացուցեցին, որ իշխանություններն իրականում պատրաստ չեն կոշտ գործողությունների: Սա նշանակում է, որ ընդդիմության հնարավորությունների պատուհանը բավականին լայն է:

Ակնհայտորեն վախենալով նոր բողոքի ակցիաներից՝ երեքշաբթի օրը դատարանն ազատ արձակեց Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որը, ըստ էության, խափանեց Նիկոլ Փաշինյանի այցը տարածաշրջան` ժողովրդական դիմադրության կոչերով:

«Դատարանը որոշեց, որ Առուշանյանը ձերբակալվել է ապօրինի: Նա ազատ է արձակվել»,-լրագրողներին հակիրճ ասաց քաղաքական գործչի փաստաբան Արմեն Մելքոնյանը:

Նշենք՝ Առուշ Առուշանյանը ձերբակալվել էր՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:

Ընդդիմության համար ևս մեկ ոգևորիչ լուր էր ուժային կառույցների հայտնի պաշտոնյաների հրաժարականները: Նրանց թվում է նաև Երևանի ոստիկանության հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանը, որը ղեկավարում էր «կարմիր բերետավորներին»՝ հատուկ ստորաբաժանում, որը զբաղվում է հանրահավաքները ցրելով:

Բողոքի ակցիաների ինքնահռչակ «մամուլի քարտուղարի» դերում շարունակում է մնալ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը: Հենց նա երեքշաբթի հայտարարեց միավորված ընդդիմության գործողություններին առնչվող բոլոր որոշումների մասին, որը հայտնի է «Հայրենիքի փրկության շարժում» անունով:

«Մարդկանց մի մասը մնում է այստեղ՝ Հանրապետության հրապարակում, մյուս մասը շրջապատում է կառավարության շենքերը և գլխավոր դատախազությունը: Մենք չենք մտնում շենքեր, բայց կարող ենք վերցնել ցանկացած շենք, երբ ցանկանանք: Կառավարության բոլոր որոշումներն այժմ անօրինական են: Մենք պետք է Փաշինյանից ազատենք ամբողջ պետական համակարգը»,-հորդորեց նա:

Բացի այդ, Իշխան Սաղաթելյանը կոչ արեց իշխող ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքին ընդդիմության հետ երկխոսության մեջ մտնել մինչև տեղական ժամանակով ժամը 18:00-ն: Բայց այս ժամկետը լրացել է, և իշխող դաշինքից ոչ մի պատգամավոր չի ներկայացել:

Այժմ, ըստ Սաղաթելյանի, Հայաստանի քաղաքացիները պետք է «ճնշում գործադրեն» պատգամավորների վրա, որպեսզի նրանք, այնուամենայնիվ, գումարեն խորհրդարանի նիստ ու պաշտոնանկ անեն Փաշինյանին:

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ այս ճանապարհը գրեթե միակն է:

Խոսեց նաև Վազգեն Մանուկյանը, որն ընդդիմության կողմից առաջադրվել է որպես անցումային շրջանի վարչապետի թեկնածու:

«Ես բանակին և ոստիկանությանը կոչ եմ անում անմիջապես միանալ ժողովրդին: Յուրաքանչյուր ժամը կարևոր է: Մենք կորցնում ենք մեր հայրենիքը»,-ասաց նա:

Ակցիայի մասնակիցները, որոնց հետ «Կոմերսանտ»-ը հասցրեց խոսել, դրական կարծիք ունեն Վազգեն Մանուկյանի մասին:

«Ես վստահությամբ եմ նրան վերաբերվում: Ես հասկանում եմ, որ նա միայնակ չէ, և իսկապես ուզում եմ հավատալ, որ բոլոր նրանք, ովքեր շրջապատում են Մանուկյանին, առաջին հերթին մտածում են մեր երկրի բարեկեցության մասին: Նոր իշխանություններից ակնկալում եմ, որ նրանք Հայաստանը ոտքի կանգնեցնեն և ինչու չէ՝ նաև ռազմական վրեժխնդրություն ապահովեն: Վստահ եմ, որ մեր բանակը ուժեղ է: Մեզ ավելի փորձված ու արհեստավարժ հրամանատար է պետք»,-«Կոմերսանտ»-ի հետ զրույցում ասել է Անի անունով մի աղջիկ:

Ակցիայի մեկ այլ մասնակից՝ Ռոբերտը, դեռ երկարաժամկետ նպատակներ չի դրել:

«Բանակում իսկապես համակարգային խնդիրներ կային, բայց Փաշինյանը, որպես պետության ղեկավար, ցույց տվեց իր լիակատար անգործունակությունը ռազմական գործողությունների բոլոր փուլերում: Սա նրան զրկում է այն իրավունքից, որով նա կարող է շարունակել ղեկավարել երկիրը: Կա նաև հետագա բանակցությունների հարցը Ղարաբաղի, սահմանների, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ձևաչափի շուրջ: Փաշինյանի անգործունակության լույսի ներքո ես չեմ կարող նրան վստահել այս խնդիրները լուծելու համար»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցը:

Ռոբերտն, այնուամենայնիվ, «դեռ չի մտածել այն մասին, թե ապագա իշխանություններն ինչ ծրագիր պետք է իրականացնեն»:

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանեց իր դեմ իրականացվող բողոքի ցույցերը առավոտյան, բայց դա միանգամայն սպասելի էր: Նա հայտարարեց, որ այն, ինչ տեղի է ունենում, 2018-ի «թավշյա հեղափոխության» հետևանքով տապալված Հայաստանի հին էլիտաների վրեժն է:

«Եվ դա ոչ միայն քաղաքական «էլիտայի», այլև բոլոր նրանց մասին է, ովքեր արտոնություններ ունեին մինչև 2018 թվականը, իսկ 2018 թվականից հետո՝ ոչ»,-գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ՝ ակնարկելով նախորդ իշխանություններին մոտ կանգնած գործարարներին:

«Ամեն դեպքում, ժողովուրդը կասի վերջին խոսքը, քանի որ եթե ժողովուրդը ասի իր խոսքը, «էլիտաները» ոչ մի բան չեն կարողանա անել»,-բազմաբովանդակ ավելացրել է Փաշինյանը:

Երևանից բացի՝ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Հայաստանի տարբեր մարզերում: Ինչպես մայրաքաղաքում հավաքվածներին տեղեկացրեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ցուցարարներին հաջողվել է փակել Երևան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան և Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջևանում տեղակայված մայրուղիները:

«Իջևանցի ցուցարարները պահանջում են իրենց համաքաղաքացու հրաժարականը: Հողը բառացիորեն գնում է այս իշխանությունների ոտքերի տակից»,-հավելեց ընդդիմադիրը:

Ամփոփելով հոդվածը՝ պարբերականը մեջբերում է Իշխան Սաղաթելյանի խոսքերը, ըստ որի՝ չորեքշաբթի առավոտյան զանգվածային բողոքի ցույցերը և գործադուլները կշարունակվեն Հայաստանի ամբողջ տարածքում:

«Ժամը 16:00-ին տեղի կունենա մեծ ցույց, և մենք բոլորս միասին կացնենք ավելի կտրուկ ու վճռական գործողությունների»,-ասաց նա»:

Այս խորագրի վերջին նյութերը