Քաղաքական

09.05.2011 17:22


Գիզիրյանն անդրադարձել է իրեն և Արթուր Բաղդասարյանին վերաբերող լուրերին

Գիզիրյանն անդրադարձել է իրեն և Արթուր Բաղդասարյանին վերաբերող լուրերին

Այսօր Գյումրիում, մասնակցելով մայիսի 9-ի տոնակատարություններին, ի պատասխան լրագրողների հարցապնդումներին, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն անդրադարձել է վերջին շրջանում իր անվան հետ կապված երկու աղմկահարույց դեպքերին:

Շիրակի մարզպետը նախ կտրականապես հերքել է օրերս մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե ինքը հարսանիքի ժամանակ վիճել է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի հետ։

«Ասեմ, որ բոլորը լսեն, միանշանակ այդպիսի բան չի եղել: Դա իրականությանը չի համապատասխանում: Ես ու Արթուր Բաղդասարյանը իրար գիտենք երկար տարիներ եւ 20 տարեկան չենք, որ հարսանիքում վիճաբանություն սարքենք: Ես չգիտեմ, թե դա որտեղից է դուրս եկել: Էլ չեմ ուզում դրա մասին խոսալ, իրականությանը չի համապատասխանում»,– ասել է Շիրակի մարզպետը:

Ինչ վերաբերում է իր եղբոր որդիների հետ կատարված միջադեպի որոշ դրվագներին, ապա Աշոտ Գիզիրյանը դրանք բամբասանք է որակել, իսկ դեպքը՝ մանր խուլիգանություն.

«Ես ձեզ ուզում եմ ասել, որ պետք չի հենվել այնպիս բանի վրա, որը բամբասանք է: Այդ ինչ-որ գրված է (կրակոցներ, վիրավորներ) իրականությանը չի համապատասխանում: Այլ հարց է, թե նմանատիպ միջադեպ եղե՞լ է, թե չէ: Այո, եղել է: Ես միշտ ասել եմ, որ ցանկացած մարդ, կապ չունի, թե դա կլինի Գիզիրյանի եղբոր տղան, թե սովորական քաղաքացի, պետք է կարողանա իրա արարքի համար պատասխան տալ: Հատկապես, եթե նրա արարքի մեջ կա հանցակազմի հատկանիշներ: Ուղակի, հիշում եք Սովետական Միության ժամանակ սենց բան կար՝ «Մանր խուլիգանության հատկանիշներ»: Հաշվի առնելով, որ Գիզիրյանի եղբոր տղան է, մի քիչ սենց հնչեղություն է ստացել: Էսքան բան:

Եվս մեկ անգամ բոլորիդ շնորհավորում եմ եւ ես ասել եմ, որ ոչ մի անգամ, ոչ մի բան թաքցնելու չունեմ, որովհետեւ ոչ մի բան տակից չեմ անում: Դուք ինձ պաշտպանեք, ես էլ Ձեզ»,- հայտարարել է Աշոտ Գիզիրյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը