Կարծիք

20.12.2020 14:41


Ապրել մինչև նոյեմբերի 11

Ապրել մինչև նոյեմբերի 11
Դուք երևի չեք նկատել, բայց օրացույցը կանգ է առել նոյեմբերի 10-ի վրա: Նոյեմբերի 9-ին ինչպես հիշում եք 44 օր խաբելուց հետո մեզ գաղտնի դավաճանեցին: Կապիտուլյացիային հաջորդեց նոյեմբերի 10-ը՝ որը կարծես պետք է տար շատ հարցերի պատասխաններ ու շատ խնդիրների լուծումներ, կապիտուլացված ու բոլոր առումներով տապալված վարչապետը պետք է հրաժարական տար, դիմելով ժողովրդին ներողություն խնդրեր, ասեր, որ փորձել է անել առավելագույնը, սակայն չի ստացվել և հիմա ամեն ինչ կանի, որ հաջորդ կառավարությունը հաջողվի ու երկիրը ոտքի կանգնի...
Բայց դա չեղավ, փոխարենը եղավ կառավարության շենքի գրավում, հրաժարականի փոխարեն քաղաքացու վրեժի մասին հայտարարություն, կորած դուխի և ժամացույց...
Ու հետո նորից եկավ նոյեմբերի 10-ը: Պետությունը պետք էր ծնկի եկած վիճակից ոտքի կանգնեցնել, բայց դրա համար օդի պես անհրաժեշտ էր, որ ծնկի բերողները հեռանան ու հնարավորություն տան գոնե ինչ-որ բան փրկել, բայց դա չեղավ:
Ու հետո նորից եկավ նոյեմբերի 10-ը, մարդիկ հասկացան, որ պետք է ակնարկել վարչապետին, որ նրա մնալը քայքայում է պետականությունը և դա արեցին: Տարբեր մարդիկ սկսեցին հայտարարել այդ մասին, բայց ոչինչ չփոխվեց:
Ու հետո նորից եկավ նոյեմբերի 10-ը: Քաղաքացիները սկսեցին երթեր և ցույցեր անել... Ոչինչ չփոխվեց:
Ու հետո նորից եկավ նոյեմբերի 10-ը, մշակութային, գործարար, գիտական, կրոնական էլիտան հայտարարեց որ անհնար է փրկել պետությունը, քանի այն կործանողը դեռ իշխանության ղեկին է... ոչինչ չփոխվեց:
Ու հետո նորից եկավ նոյեմբերի 10-ը: Մարդիկ սկսեցին փողոցներ փակել...
Ու հետո նորից եկավ նոյեմբերի 10-ը: Մարդիկ սկսեցին արժանապատվության երթեր անել:
Ու հետո նորից եկավ նոյեմբերի 10-ը: ՀՀ պատմության բոլոր 4 նախագահները պահանջեցին կապիտուլյանտ դավաճանից չկործանել պետությունը և հեռանալով հնարավորություն տալ մեր երկրին ոտքի կանգնելու...
Ու հետո նորից եկավ նոյեմբերի 10-ը...
Նոյեմբերի 10-ը հայկական օրացույցի միակ օրն է: Օրացույցը առաջ չի գնում Հայաստանի համար, սակայն օրացույցը սրնթաց առաջ է գնում հարևան երկրների համար: Օրինակ Ադրբեջանում այսօր արդեն դեկտեմբերի 20-ն է: Ադրբեջանը այսօր էլի հողեր վերցրեց իր կողմից կապուտալացված երկրից, գերիներ վերցրեց, սպանեց... բայց Հայաստանում կյանքը կանգնել է:
Դուք նկատե՞լ եք, որ նույնիսկ Նոյեմբերի 10-ից 40 օր անց կապիտուլյանտ իշխանությունը թաքուն է պահում զոհերի, թիվը: Նոյեմբերի 10-ից 40 օր անց թաքուն է պահում գերիների թիվը: Նոյեմբերի 10-ից 40 օր անց թաքուն է պահվում վիրավորների թիվը: Նոյեմբերի 10-ից 40 օր անց թաքուն է պահվում անհետ կորածների թիվը:
Դուք նկատե՞լ եք, որ նոյեմբերի 10-ից 40 օր անց Հայաստանում որևէ մեկը հստակ տեղյակ չի թե կոնկրետ որտե՞ղ է ՀՀ սահմանը:
Դուք նկատե՞լ եք, որ նոյեմբերի 10-ից 40 օր անց մենք չենք կարողանում փրկել ՀՀ տնտեսությունը...
Որովհետև Հայաստանում օրացույցը կանգնել է այդ չարաբաստիկ օրվա վրա: Մենք ամեն օր ապրում ենք նույն անիծված օրը՝ նոյեմբերի 10:
Ու քանի դեռ չենք հեռացրել դավաճան կապիտուլյանտին, մենք կմնանք օրացույցի նույն օրվա գերին ու պատանդը: Մենք կլինենք այն գերիները որոնց ստիպում են իրենց կամքին հակառակ գոռալ «կարաբախ ազերբաջան»: Այո, մեզ Փաշինյանը ամեն Աստծո նոյեմբերի 10-ին պարտադրում է գոռալ «կարաբախ ազերբաջան»:
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը