Քաղաքական

19.12.2020 14:30


Հայկական բանակը չի պարտվել, պարտվել են անհատներ, որոնք ցանկություն են ունեցել պարտվել․ չեմ զարմանա, որ վաղը Տավուշում, Գերղարքունիքում թշնամին ասի՝ այս գյուղը մերն է, պետք է դուրս գաք․ ազատամարտիկ

Հայկական բանակը չի պարտվել, պարտվել են անհատներ, որոնք ցանկություն են ունեցել պարտվել․ չեմ զարմանա, որ վաղը Տավուշում, Գերղարքունիքում թշնամին ասի՝ այս գյուղը մերն է, պետք է դուրս գաք․ ազատամարտիկ

Բացթողումները շատ են, երկու բառով ասելու չէ, բացթողումները և՛ հրամանատարության կողմից են եղել, և՛ ընդհանուր երկրի ղեկավարության կողմից։ Այս մասին Եռաբլուրում Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» ղեկավար Գրիգոր Գրիգորյանը։

«Տարիներով եկած բացթողումներ են։ Հայ զինվորը, հայկական բանակը չի պարտվել, պարտվել են անհատներ, որոնք ցանկություն են ունեցել պարտվել, և մեզ դրդել են, որ այսօր հայտնվենք այս իրավիճակում, որ մեր երկրից բոլորը խոսեն, որ մենք պարտվել ենք։ Բայց մենք պարտվել ենք ճակատամարտը, պատերազմը չենք պարտվել»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե հայտարարությունը ստորագրվեց, որ պատերազմը կանգնեցվի, բայց Սյունիքի սահմաններին լարված իրավիճակ է, այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելը։ «Սխալը գալիս է նրանից, որ մենք 1994-ին չենք պահանջել նույն կապիտուլյացիոն պայմանագիրը, մենք պետք է ստորագրել տայինք՝ Ղարաբաղի ճանաչումով։ Ինչ մենք չենք արել, հիմա իրենք անում են»,-ասաց Գրիգորյանը։

Նա ընդգծեց՝ մենք այսօր դեռևս տեղեկացված չենք՝ այդ թղթում ինչ կետեր կան։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք մտածում է, որ փաստաթուղթը հավելված ունի, Գրիգորյանն արձագանքեց՝ այո։

«Ես չեմ զարմանա, որ վաղը Տավուշի մարզում՝ Նոյեմբերյանի հատվածում, Իջևանի հատվածում, Գերղարքունիքի մարզում սկսեն նմանատիպ հարցեր՝ գան ասեն, որ այս գյուղը մերն է, պետք է դուրս գաք։ Իմ կարծիքով՝ սա ինչ-որ ծրագիր է, որը նաև հենց այս իրավիճակում պառակտում է մտցնում ժողովրդի մեջ, որ իրենց ծրագիրը հասցնեն ավարտին, վերջնակետին։ Ծրագիրն ով պլանավորել է, այդ ծրագիրը շարունակվում է»,-ասաց նա։

Գրիգորյանը նշեց՝ շատերը հայտարարում են, թե փաստաթուղթ ստորագրելով՝ Նիկոլ Փաշինյանը դավաճանություն է գործել, մինչդեռ, նրա կարծիքով, միայն փաստաթուղթը չէ։ «Մեր երկրի ղեկավարը դավաճանություն գործել է մինչև այդ թուղթը ստորագրելը, մինչև պատերազմը սկսկելը, ամբողջ պատերազմի ընթացքում և այդ թղթի ստորագրմամբ, հրաժարական չտալով։ Դա այն մարդկանց ցանկությունն է, որ տարիներ շարունակ իրենց ղեկավարել և ֆինանսավորել են»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ քաղաքացիները, ազատամարտիկները Եռաբլուրում են, որ խոչընդոտեն Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։

Այս խորագրի վերջին նյութերը