Մեկնաբանություն

19.12.2020 11:00


Դե ինչ, նիկոլա-ալիևասեր բնակչազանգվածը կարող է ցնծալ. համատեղ ուժերով վերացված է Հայաստան պետությունը

Դե ինչ, նիկոլա-ալիևասեր բնակչազանգվածը կարող է ցնծալ. համատեղ ուժերով վերացված է Հայաստան պետությունը

Այո, նիկոլապաշտ, նույնն է, թե՝ ալիևասեր բնակչազանգվածը կարող է ցնծալ: «Վայ, մենակ նախկինները չգան», «յեյեսուն տայի ամեն ինչ թալանացին, կերան», «ինչ լավ ա, Ղարաբաղը տվին, էլ մեր էրեխեքն էնտեղ չեն գնա» և նմանօրինակ տխմար նեյնիմներով գոյություն շարունակող, աջ ականջով պետականաքանդ «Ազատությանը» հպված, մյուս ունկով՝ իր կուռքի լայվերին, համատեղ ուժերով հասան Հայաստան կոչվող մեր երբեմնի պետության վերացմանը: Մեծ հաշվով՝ հասան: Մնացել է մեկ-երկու ձևաթղթի լրացում, ինչն արդեն այնքան էլ էական չէ:

Այնպես որ, նիկոլի կռապաշտները կարող են աշխուժորեն «Նոր տարվա առուտուր» անել, ավելի ճիշտ՝ ավելի մեծ թափով այն շարունակել... Մտեք ցանկացած սուպերմարկետ, հիացեք «նախատոնական առևտրով»: Ինչևէ:

Եթե նոյեմբերի 9-ին հաջորդած մեկ ամսվա ընթացքում տեղին և հիմնավորված էր գնահատականը կամ բնորոշումը, որ Հայաստանում անիշխանություն է, ֆունկցիոնալ առումով չկա իշխանություն, ապա դեկտեմբերի 16-17-ից արդեն, ցավոք, կարելի է ասել, որ չկա պետականություն, չկա պետություն՝ որպես այդպիսին:

Բացատրենք: Հակահայ ալիևի կրքոտ պաշտպանության տակ առնված փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին նույն ալիևի առաջ գետնատարած փռվելուց հետո, կապիտուլյացիայի ակտ ստորագրելուն հաջորդած ժամանակահատվածում Հայաստանում իշխանություն չկար ու չկա:

Այդ նոմինալ կամ ձևական իշխանությունն զբաղված էր միայն ինքնակենսապահովման գործողություններով, մասնավորապես՝ նիկոլ փաշինյանի մարմնի անվտանգությունն ապահովելով, փաշինյանի հանցավոր վարչախմբի կազմի ամբողջականությունը հնարավորինս պահպանելով, որի շրջանակներում, ի դեպ, վերջերս լուրեր տարածվեցին, որ անգամ գաղտնի պարգևավճարներ են տրվել:

Մնացած բոլոր հարցերը թողնված էին և թողնված են բախտի քմահաճույքին: Իսկ մնացած բոլոր հարցերի շարքում էին գերի ընկած մեր զինվորականներին վերադարձնելու խնդիրները, անհայտ կորածների խնդիրները, սահմանամերձ դարձած Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի համայնքների ու սահմանների պաշտպանության խնդիրները: Բոլոր այդ հարցերով զբաղվում էին տարբեր անհատներ, ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավարությունը, սահմանամերձ համայնքների բնակչությունը: Ով ասես, միայն՝ ո՛չ իշխանությունը:

Պետական կառույցներից միայն Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն է աշխատել, բայց ՄԻՊ-ը որքան էլ պետական կառույց է, այն օրգանական ոչ մի կապ չունի փաշինյանական իշխանության կամ քաղաքական իշխանություն ասվածի հետ (դա այդպես էլ մտածված է տվյալ կառույցի համար, բայց չշեղվենք):

Հիմա այն մասին, թե ինչու ենք առկա վիճակը բնորոշում որպես պետականության, պետության վերացում:

Առհասարակ, որևէ պետության գոյությունն իմաստավորող կարևոր հատկանիշներից մեկը իր սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովումն է, որին աղերսվում է մեկ այլ կարևոր հատկանիշ՝ տվյալ պետության բոլոր քաղաքացիների կյանքի և անվտանգության ապահովումը: Այդ խնդիրները լուծելու համար պետությունները ունենում են որոշակի գործիքակազմ՝ զինված ուժեր, հատուկ ծառայություններ, ոստիկանություն, նաև՝ միջազգային պայմանագրեր, դրանցով նախատեսված մեխանիզմներ և այլն: Մի խոսքով:

Ի՞նչ ենք տեսնում վերջին օրերին: Տեսնում ենք նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ու դրան հաջորդած փաշինյանական անիշխանության և հանցավոր անգործության ուղղակի հետևանքները. Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքներ վերևից իջեցված հրամանով զիջվում են բացեիբաց Հայաստանն ու հայությանը վերացնելու նպատակ հետապնդող թշնամուն: Բանակային ենթակայության ստորաբաժանումները հետ են քաշվում, սահմանամերձ ու նշված զիջման հետևանքով ուղղակիորեն թշնամական կրակային խոցման տիրույթում հայտնված բնակավայրերն ու բնակիչները մնում են բախտի քմահաճույքին: Ի լրումն, ոչ միայն չի ապահովվում, այլև հավելյալ վտանգվում է ՀՀ քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը:

Հարց. կա՞ պետություն և պետականություն: Կա՞ պետական ամենակարևոր կառույցներից մեկը, որ կոչվում է՝ բանակ:

Սյունիքում այս պահին իսկ ծավալվող դրամատիկ ու ողբերգական իրադարձությունները նշված հարցերը դարձնում են հռետորական:

Օրակարգում մնում է միայն մեկ հարց. դեռ մինչև ո՞ր պահն է հանդուրժվելու նիկոլ փաշինյան կոչվող չարիքի պաշտոնավարումը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը