Քաղաքական

18.12.2020 14:58


«Ադրբեջանի հետ սահմանը գյուղից 1 կմ հեռավորության վրա է, հետևաբար՝ հարց է առաջանում՝ էլ ո՞ւր հետ նահանջեն». Դավիթ Բեկ համայնքի ղեկավար

«Ադրբեջանի հետ սահմանը գյուղից 1 կմ հեռավորության վրա է, հետևաբար՝ հարց է առաջանում՝ էլ ո՞ւր հետ նահանջեն». Դավիթ Բեկ համայնքի ղեկավար

Երեկվանից լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի 12 գյուղեր, Կապան քաղաքով, հանձնվելու է թշնամուն, այլ խոսքով՝ Ադրբեջանն այդ գյուղերի տարածքների մեծ մասն օգտագործելու է, որպեսզի ցամաքային ճանապարհով անարգել Ադրբեջանից հասնի Նախիջևան։

Դրանք են Կաղնուտ, Դավիթ Բեկ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Ճակատեն, Շիկահող, Ներքին հանդ, Ծավ, Գեղանուշ գյուղերն ու Կապան քաղաքը։

168.am–ի հետ զրույցում Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանն ասաց, որ երկու ամիս է՝ գյուղում մարդիկ իրենց զենքը վայր չեն դրել և չեն էլ պատրաստվում վայր դնել։

«Մենք գտնվում ենք պետական սահմանում՝ հետ նահանջելու տեղ չունենք։ Չեմ կարող ասել, որ գյուղում տրամադրությունները նորմալ է, նորմալ չի կարող լինել՝ անհանգստություն կա։ Այդ խոսակցությունները, թե մեր գյուղը պետք է հանձնվի թշնամուն՝ չկա նման բան։ Շուռնուխի ճանապարհի տակի հատվածը 90-ականներին ամբողջովին ադրբեջանցիների տրամադրության տակ էր, ինչ ուզում՝ անում էին, եթե հիմա էլ տվեցին, ուրեմն խնդիրներ կառաջանան, չէ՞ որ այնտեղ մարդ է ապրում։ Վերջին անգամ Սյունիքն այսպիսի անհանգիստ օրեր էր ապրում 90-ականներին»,-նշեց Բենիամին Պողոսյանը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի հետ սահմանը գյուղից 1 կմ հեռավորության վրա է, հետևաբար՝ հարց է առաջանում՝ էլ ո՞ւր հետ նահանջեն։

«Թշնամին մեր սահմանը 90-ականներին փորձել է խախտել, չի ստացվել ու չի էլ ստացվելու։ Եթե այդ ճանապարհը բացեն՝ ոչ միայն մեր գյուղի, այլև ամբողջ Սյունիքի ու Հայաստանի համար վտանգավոր է լինելու, ինչո՞վ են երաշխավորում, որ անվտանգ կլինի, թշնամին ամեն վայրկյան կարող է մի ապուշություն անել»,-հավելեց նա։

Նա նաև ընդգծեց, որ Դավիթ Բեկ համայնքից հավանաբար կլինեն մարդիկ, որոնք կմիանան Կապան-Երևան մայրուղին փակած սյունեցիների բողոքի ակցիային, սակայն գյուղի մեծ մասը զենքը ձեռքին դիրքերում է։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագով Սյունիքով բացվում է ճանապարհ, որն Ադրբեջանը կապելու է Նախիջևանի հետ։ Համաձայնագրում մասնավորապես նշված է՝ պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը