Մեկնաբանություն

18.12.2020 16:10


«Սգո երթը»՝ փաշինյանի կողմից հաշվարկված սադրա՛նք

«Սգո երթը»՝ փաշինյանի կողմից հաշվարկված սադրա՛նք

Ուժեղացված պահպանությամբ մի թաքստոցից մյուս թաքստոցը մեկ ամիս վազվզելուց և հրահրիչ հայտարարություններով լայվեր անելուց և հարցազրույցներ տալուց հետո, նիկոլ փաշինյանը «հանկարծ» հիշեց, որ ողբերգություն է տեղի ունեցել: Այսինքն՝ ի՛նչ է նշանակում՝ «տեղի է ունեցել»: Ի՛նքն է այդ արյունահեղ ողբերգության հիմնական հեղինակներից մեկը, եթե ոչ՝ հիմնականը, իսկ կոնկրետ մեր երկրի դեպքում՝ թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն, ավելի ճիշտ՝ պատասխանատվության ու դատաստանի ենթակա թիվ 1 անձը:

Եվ ահա, իր արկածախնդիր քաղաքականության, եթե չասվի՝ հաշվարկված պարտության արձանագրման 40-րդ օրվա վրա որոշեց պաշտոնապես սուգ հայտարարել: Դեկտեմբերի 19-ին լրանում է նոյեմբերի 9-ի քառասունքը:

Եռօրյա սգի մասին պաշտոնական հայտարարությունից բացի, նիկոլ փաշինյանը հանդես եկավ նաև դեկտեմբերի 19-ին դեպի «Եռաբլուր» պանթեոն սգո երթ անցկացնելու նախաձեռնությամբ:

Այդ վերջինն արդեն լիովին հավասարակշռությունից հանեց առանց այն էլ լարված ու ծանր հոգեվիճակում գտնվող հազարավոր հայրենակիցների, առաջին հերթին՝ պատերազմում զոհվածների բազմաթիվ մայրերի, ծնողների, հարազատների: Շատերը պարզ և հստակ հայտարարեցին, որ անթույլատրելի և անընդունելի է նման մեկի՝ երկիրը պատերազմի տարած և այդ պատերազմից առաջ ու ընթացքում ընդունած խայտառակ սխալ, եթե ոչ դավաճանական որոշումներով Արցախը, Հայաստանը, Հայոց բանակը աղետի մատնած, հանրագումարում՝ թշնամու հետ նվաստացուցիչ և կործանարար համաձայնագիր, գործնականում՝ անվերապահ կապիտուլյացիայի ակտ ստորագրած նիկոլ փաշինյանի մասնակցությունը հիշատակի նման արարողության կամ երթի:

Շատերը հայտարարել են, որ ոչ միայն անընդունելի է նիկոլ փաշինյանի մասնակցությունը նման արարողությանը, այլև անթույլատրելի է, որ նրա նման մեկը ոտք դնի «Եռաբլուր» պանթեոն՝ այդպիսով անարգելով մեր հազարավոր զոհերի հիշատակն ու անհարգալից վերաբերմունք ցուցադրելով մեր զոհված զինվորների ծնողների ու հարազատների վշտի հանդեպ: Կան բազմաթիվ հայրենակիցներ, որ սոցցանցային հարթակներում միավորվելով՝ մտադիր են ոչ մի կերպ թույլ չտալ դրա մուտքը «Եռաբլուր» պանթեոն:

Հասկանո՞ւմ է այդ ամենը նիկոլ փաշինյանը: Անկասկած, ոչ միայն հասկանում է, այլև որոշակի տեղեկացված է թե՛ այդ տրամադրություններից, թե՛ վերը նշված վիճակներից: Բայց, դատելով այն լուրերից, որ մարզպետներին ու աղետաբեր իշխանության այլ կամակատարների հանձնարարված է «մարդաքանակ» ապահովել դեկտեմբերի 19-ի համար, փաշինյանը մտադիր է նաև անձամբ մասնակցել իր նախաձեռնած երթին:

Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ նիկոլ փաշինյանի կողմից հաշվարկված սադրանք: Գաղտնիք չէ, որ նիկոլ փաշինյանի ընթացիկ նպատակային կետերից մեկը ներքին բախումներ, ըստ հնարավորության՝ արյունահեղություն հրահրելն է: Այդ նպատակին էին միտված ինչպես անձամբ իր, այնպես էլ իր վարձկանների բացեիբաց հայտարարությունները՝ «վնգստացողների հարցերը լուծելու», նրա հեռացման պահանջ ներկայացնողներին ֆիզիկապես վերացնելու, սպառնալու հայտարարությունները:

Հիմա, որևէ սրբություն չունեցող, ծայրահեղ անպատասխանատու և ավանտյուրիստ այդ անձնավորությունը ցանկանում է իր նպատակներին ծառայեցնել մեր հազարավոր հայրենակիցների ու մեր վիշտը: Ավելին, նա փորձելու է նման սադրանքով գնալ բախումների և արյունահեղության:

Եվ, 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգությունը վկա, դա նիկոլ փաշինյանի մոտ ստացվում է: Միակ բանը, ինչ նա իսկապես կարողանում է վարպետորեն անել, դա հասարակության ներսում մարդկանց իրար դեմ հանելն է, սև-սպիտակելը, ըստ հնարավորության՝ ընդհարման տանելն ու արյունահեղությունը:

«Անարյուն հեղաշրջմամբ» իշխանության եկածը ամենից արյունահեղ և արյունռուշտ անձն է, որ դրանով արդեն իսկ մտել է մեր պատմության մեջ, որպես ռեալ ողբերգություն ու չարիք:

Հիմա, ինչպես դժվար չէ կռահել, նիկոլ փաշինյանին նոր բախում ու արյուն է պետք: Ի լրումն ամենի, այս պահին նման սադրանքը նրան անհրաժեշտ է Սյունիքի գերիշխող դիրքերը թշնամուն հանձնելը այլոց, կոնկրետ՝ իր հեռացումը պահանջողների վրա բարդելու համար: Դա նրա մշտադիվական ոխակալ մղումն է՝ հնարավորինս շատ վատություն անել հայությանը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը