Քաղաքական

17.12.2020 17:44


Պայմանավորվել ենք, որ կողմերը կանգ են առնում այն դիրքերում, որի ժամանակ մենք ստորագրել ենք հայտարարությունը, և հենց այնտեղ էլ պետք է բոլորը կանգ առնեն․ Պուտին

Պայմանավորվել ենք, որ կողմերը կանգ են առնում այն դիրքերում, որի ժամանակ մենք ստորագրել ենք հայտարարությունը, և հենց այնտեղ էլ պետք է բոլորը կանգ առնեն․ Պուտին

«Ինքնին Հայաստանը ԼՂ-ի անկախությունը չի ճանաչել՝ հաշվի առնելով այդ հանգամանքը, ինքնին ԼՂ-ն միջազգային իրավական տեսանկյունից ևս Ադրբեջան է»,-այս մասին քիչ առաջ իր ամենամյա մեծ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտությանը, Թուրքիայի դերակատարությանն ու ՌԴ շահերին ռեգիոնում։

Հարցին, թե ինչո՞ւ հակամարտությունը բռնկվեց հենց այս փուլում, Պուտինը պատասխանեց, որ իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, այդ լարվածությունը ձգվել է երկար տարիներ։ «Չեմ կարծում, որ դա տեղի ունեցավ դրսի միջամտությամբ։ Բազմաթիվ փոխհրաձգություններ են եղել, լարումներ, բախումներ, վերջնարդյունքում դա վերաճեց հակամարտության։ ՌԴ դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ առանց որևէ արդյունահեղության պետք է գանք պայմանավորվածությունների, այդպիսին էր մեր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբում, որի համանախագահ է ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Մենք մշտապես՝ երկար տարիներ, ելնում էինք նրանից, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն Ղարաբաղի շուրջ յոթ պահվող տարածքները, և ինքնին ԼՂ կարգավիճակը պետք է անփոփոխ մնա, այսինքն՝ պետք է փոխանցվի ապագային այդ հարցը, պետք է ֆիքսվի ստատուս-քվոն ԼՂ-ում, բայց անպայման ստեղծելով շփման հնարավորություններ ԼՂ-ի և Հայաստանի միջև, որի համար ենթադրվում էր ձևավորել, այսպես կոչված, Լաչինի միջանցքը, այսինքն՝ դա կապի միջանցք է Հայաստանի ու ԼՂ-ի միջև, ինչո՞ւ Լաչին, քանի որ դա այն շրջանն է, որով անցնում է այդ միջանցքը, դա այդ շրջանի անվանումն է։ Սա է, որևէ բարդ բան չկա»,-ասաց Պուտինը։

Խոսելով պատերազմի ընթացքում Թուրքիայի որդեգրած դիրքորոշման մասին ՝ Պուտինն ասաց, որ Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է նրա վրա, որը հրապարակայնորեն հայտարարված է, որ Թուրքիան, ինչպես իրենք են կարծում, պաշտպանել է Ադրբեջանի արդար գործը, հենց տարածքների վերադարձը, որոնք օկուպացվել էին ռազմական բախումների հետևանքով 1990-ական թթ․։

«Միջազգային իրավական տեսանկյունից այդ բոլոր տարածքները հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասը։ Կրկնեմ ևս մեկ անգամ՝ ինքնին Հայաստանը ԼՂ-ի անկախությունը չի ճանաչել՝ հաշվի առնելով այդ հանգամանքը, ինքնին ԼՂ-ն միջազգային իրավական տեսանկյունից ևս Ադրբեջան է։ Բայց իրավիճակն իմ կարծիքով՝ ավելի բարդ է, քան պարզ նորմատիվային պոստուլատները, այդ թվում՝ միջազգային իրավական։ էթնիկական հակամարտության արմատները սկսվեց Սումգայիթից, ապա տեղափոխվեց ԼՂ, այստեղ յուրաքանչյուր կողմ իր ճշմարտությունն ունի, և ԼՂ հայերը այն ժամանակ տարածք են վերցրել, որպեսզի պաշտպանեն սեփական կյանքն ու արժանապատվությունը»,-ասաց Պուտինը։

Սակայն նա ընդգծեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ պայմանավորվել են, որ ռազմական գործողությունները դադարում են։ «Եվ այստեղ շատ կարևոր բան, պայմանավորվել ենք, որ կողմերը կանգ են առնում այն դիրքերում, որի ժամանակ մենք ստորագրել ենք այդ եռակողմ հայտարարությունը։ Հենց այնտեղ էլ պետք է բոլորը կանգ առնեն։ Այս կապակցությամբ մի շարք տեխնիկական հարցեր են առաջանում, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ»,-ասաց Պուտինը։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը