Քաղաքական

17.12.2020 12:49


Գործող կառավարությունն ամեն բան անում է, որ մարդկանց տանի քաղաքացիական բախման․ Մեսրոպ Մանուկյան(տեսանյութ)

Գործող կառավարությունն ամեն բան անում է, որ մարդկանց տանի քաղաքացիական բախման․ Մեսրոպ Մանուկյան(տեսանյութ)

Անհետ կորածներին գտնելու համար չկատարվող որոնողական աշխատանքների ետևում, հնարավոր է, կանգած է սրբապղծություն, քանի որ նրանց ընտանիքներին պետք է վճարվի միանվագ 10 միլիոն դրամ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի է 17-ին, նշեց, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Հիմնադրամում իմ գործունության առաջին օրվանից մեկ նպատակ եմ հետապնդել ՝ լինել զոհված, հաշվանդամ դարձած, անհետ կորած զինծառայողների ընտանիքների կողքին, իսկ ես այսօր տեսնում եմ, որ հիմնադրամում այդ գումարները չկան։ Անհետ կորածների որոնողական աշխատանքներ չկատարելու վերաբերյալ ես չեմ ուզում տեսնել վերջին սրբապիղծ քայլը։ Որովհետև ամեն անհետ կորածի կարգավիճակի դիմաց 10 միլիոն դրամ միանվագ և ամեն ամիս նվազագույնը 200 հազար դրամ պետք է վճարի կառավարությունը։ Բայց դրա փոխարեն կառավարության անդամները նիստի ժամանակ հիմնադրամի անունն անգամ ճիշտ չէին կարողանում արտաբերել։ Հաշմանդամներին հատուկ կարգավիճակ տվեք, միանվագ գումար տրամադրեք, որը կծառայի նրանց առողջության վերականգնման համար։ Նվազագույնը 1500 զոհ ունենք, ինչո՞վ եք զբաղված, որ մինչև այս մարդկանց գումարները չեք տվել»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը։

Մեսրոպ Մանուկյանի կանխատեսմամբ՝ 2021 թվականի հունվարից երկու փուլով թանկանալու է էլեկտրաէներգիան։ Առաջին փուլը կառավարության հանցավոր անգործության հետևանքով է, երկրորդը՝ դրամի արժեզրկման։

«Վստահ եմ, որ հունվարի 1-ից էլեկտրաէներգիան 2-3 դրամով կթանկանա։ Երկու փուլով է թանկանալու։ Առաջին փուլը գործող կառավարության հանցավոր անգործության պատճառով է, որովհետև ատոմակայանը վերազինելու համար հրաժարվեցին ռուսական վարկից։ Երկրորդ փուլում էլեկտրաէներգիան թանկանալու է դրամի արժեզրկման պատճառով։ Այսինքն՝ լույսը թանկանալու է երկու անգամ, թանկանալու է գազը՝ իրեն հաջորդող հետևանքներով։ Հաջորդիվ բիզնեսմենը մտածելու իր ապրանքն ավելի թանկ վաճառելու մասին։ Ընդունենք, որ դոլարը թանկացել է 10 %-ով, բայց ապրանքները՝ կարագը, շաքարավազը, ալյուրը, ձուն, թանկացել են 10% -ից ավել։ Եվ այս ամենի հետ մարդկանց աշխատավարձը նույնն է։ ՏՄՊՊՀ-ն ինչո՞վ է զբաղված։ Որ ասում ես սուտ, նույն պահին կառավարությունն է աչքիդ առաջ գալիս»,-նշեց Մանուկյանը։

Ըստ Մեսրոպ Մանուկյանի՝ կոռուպցիա եղել է միշտ, սակայն, ի տարբերության, այսօրվա, տարիներ առաջ եղել են նվազագույն զոհեր և տնտեսական աճ։

«Միակ բաները, որոնք ասելը լավ է ստացվում գործող կառավարության մոտ, կոռուպցիա և նախկին բառերն են։ Ուրիշ բան չունեն ասելու։ Կոռուպցիան շատ վատ բան է, բայց այսօր այն բնորոշում է ձեզ։ Այո, կոռուպցիա նախկինում եղել է։ 2002-ից 2007 թվակականներին համաշխարահային բանկը Հայաստանին կովկասյան վագր էր կոչում տնտեսական զարգացման տեմպերի համար։ Որպես հիմնադրամի հոգեբարձուների անդամ կարող եմ ասել, որ 1998 թվականներից 2008 թվականներին ամենաքիչ զոհերն ենք ունեցել։ Եթե ունեինք կոռուպցիա, ունեինք տնտեսական աճ և ամենաքիչ զոհերը ու այսօր օդի մեջ ունենք կոռուպցիա ասվածը, ո՞րն ենք մենք ուզում։ Ըստ օդում կախված լուրերի, ինչպես մեր վարչապետն է սիրում ասել, բոլոր կոռուպցիոն սկանդալները պտտվում են վարչապետաշունչ շրջանակաների շուրջը։ Որովհետև, ում նայում ես կամ վարչապետի մոտիկ պատգամավոր է կամ աներձագ ու հորողբոր տղա։ Առաջ կառավարության ամենաբաղձալի երեկոն, որ գարեջրի շուրջը հավաքվելն էր, իսկ այսօր նրանք Սարյան փողոցի վրա գինի են խմում։ Այս ամենը կոռուպցիա է»,-ընդգծեց Մեսրոպ Մանուկյանը։

Մեսրոպ Մանուկյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է խաղաղ ճանապարհով հրաժարական տա, սակայն իշխող ուժն ամեն բան անում է քաղաքացիական բախում ստեղծելու համար։

«Քանի որ գործող իշխանությունը սոսնձված է իր աթոռներին, աղիողորմ լաց է լինում, միանշանակ պետք է պիտակավորի ընդդիմադիրներին։ Կարծում եմ՝ ընդդիմադիրները ճիշտ մարտավարություն են ընտրել, քանի որ Երևանում չպետք է արյուն թափվի։ Սակայն գործող կառավարությունն ամեն բան անում է, որ տանի մարդկանց տանի քաղաքացիական բախման։ Խաղաղ ճանապարհով Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, 1 տարի անց պետք է լինեն նոր խորհրդարանական ընտրություններ»,- ավելացրեց Մեսրոպ Մանուկյանը։

Աղբյուրը՝ ankakh.com

Այս խորագրի վերջին նյութերը