Քաղաքական

16.12.2020 17:36


Գիտությունների ակադեմիայում Վազգեն Մանուկանի հետ քննարկվել են Հայաստանի նոր մարտահրավերների հաղթահարման ուղիները

Գիտությունների ակադեմիայում Վազգեն Մանուկանի հետ քննարկվել են Հայաստանի նոր մարտահրավերների հաղթահարման ուղիները

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի է ունեցել հանդիպում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ:

Քննարկվել են Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիները: Քննարկվել են անվտանգության ապահովման, Արցախի կարգավիճակի հստակեցման, բանակի վերականգնման, ազգային արժեքների նշանակության բարձրացման, կրթության որակի բարձրացման հարցերը: Ընդգծվել է Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում Արցախի խնդրի շուրջ բանակցությունների վերսկսումը:

Վազգեն Մանուկյանը կարևորել է լեգիտիմ իշխանափոխության իրականացումը: «Առաջին տարում պետք է դրվի Հայաստանի ապագա ընթացքը, ինչպես պետք է մենք ունենանք ազգային ժողովրդավարական, լավ պաշտպանված, այս տարածաշրջանում դերակատարություն ունեցող երկիր»,-ասել է նա:

ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը կարևորել է գիտության դերը երկիրը ծանր իրավիճակից դուրս բերելու հարցում: Նա նշել է, որ գիտության զարգացման համար անհրաժեշտ են պետական աջակցություն և ֆինանսական ներդրումներ, ինչն, ըստ էության, չնչին է եղել Խորհրդային Միության փլուզումից հետո:

«Անգամ այդ սուղ միջոցներով էլ Հայաստանի գիտությունն ունի ձեռքբերումներ և առաջատար է Կովկասի երկրների շարքում: Մեր երկրի զարգացումը, ժողովրդի, պետության զարգացումը հնարավոր չէ առանց գիտության: Այսօրվա գիտությունը ենթադրում է մեծ խմբերի՝ գիտական կառույցների ներուժի համադրում, որ ստանան լուրջ արդյունքներ»,-ասել է ՀՀ ԳԱԱ նախագահը:

Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Լենսեր Աղալովյանը, Յուրի Սուվարյանը, Էդուարդ Ղազարյանը, Աշոտ Սաղյանը, Գագիկ Ղազինյանը, Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արսեն Հախումյանը, ՀՀ ԳԱԱ Սփյուռքի բաժնի ղեկավար Վանյա Բարսեղյանը:

Այս խորագրի վերջին նյութերը