Քաղաքական

16.12.2020 13:10


Բերձորի ենթաշրջանի Հին Շեն գյուղի տարածքում կոնկրետ մեր զորահավաքային խմբերից մեկի հետ կապը մոտ երկու օր է՝ ընդհատվել է. Շիրակի մարզպետարան

Բերձորի ենթաշրջանի Հին Շեն գյուղի տարածքում կոնկրետ մեր զորահավաքային խմբերից մեկի հետ կապը մոտ երկու օր է՝ ընդհատվել է. Շիրակի մարզպետարան

Բերձորի ենթաշրջանի Հին Շեն գյուղի տարածքում կոնկրետ մեր զորահավաքային խմբերից մեկի հետ կապը մոտ երկու օր է՝ ընդհատվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրին Շիրակի մարզպետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից:

«Այդ կապը ընդհատվելուց հետո տեղում իրավիճակին ծանոթանալու, անմիջական տեղեկատվություն ստանալու համար դեռ երկուշաբթի օրվանից Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մեկնել է այնտեղ: Այս գիշեր մարզպետը հետ է եկել: Արցախում մարզպետին ասել են՝ Հին Շենում, հարակից վայրերում կա լարվածություն, բայց մեկ խմբի հետ է, որ կոնկրետ կապ չկա, մնացածի հետ կապ կա, ուղղակի դեռ լարվածություն կա և կոնկրետ վստահեցվել է, որ ռուսական կողմի հետ հիմա աշխատանքներ են իրականացվում տվյալ տարածաշրջանի ճանապարհները ապաշրջափակելու համար և մարտական հերթապահություն իրականացնողների հետ լիարժեք կապն ապահովելու համար»,-ասացին Շիրակի մարզպետարանից և հավելեցին, թե այսքանն են իրենց ունեցած կոնկրետ տվյալները:

Հարցին՝ մամուլում լուրեր են շրջանառվում, թե Շիրակի մարզի համայնքների ղեկավարներ, համայնքի ղեկավարի տեղակալներ և այլ պաշտոնյաներ են գերեվարվել, որքանո՞վ են ճիշտ շրջանառվող լուրերը, ասացին, թե մեկ-երկու նման պաշտոնյայի անուն գիտեն, բայց չեն հրապարակում, որ չթիրախավորվեն այդ մարդիկ: «Թիրախավորում ենք, երբ նշում ենք համայնքի ղեկավար է, մենք անուններ այս պահին տալու իրավունք չունենք և նպատակահարմարություն չենք գտնում»,-ասացին մարզպետարանից:

Ճշտող հարցին՝ թիվ կարո՞ղ են ասել, քանի՞ հոգու մասին է խոսքը, պատասխանեցին. «Չեմ կարող ասել, չենք կարող հրապարակել, Շիրակի մարզպետարանը չունի թիվը և իրավունք էլ չունենք այդ տեղեկատվությունը փոխանցելու»:

Այս խորագրի վերջին նյութերը