Քաղաքական

16.12.2020 09:42


«Մենք անվտանգությունն ենք կորցնում, հասկանո՞ւմ եք»․ Կապան համայնքի ղեկավար

«Մենք անվտանգությունն ենք կորցնում, հասկանո՞ւմ եք»․ Կապան համայնքի ղեկավար

Սիսիանի խոշորացված Կապան համայնքի մի շարք գյուղեր, նոր իրողություններով պայմանավորված, դարձել են Ադրբեջանին սահմանակից: Դրանք ենք՝ Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայր, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ: Նրանց թվում է նաև Կապան քաղաքը: Պատերազմից հետո ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ, որոնք հանգիստ չեն տալիս բնակիչներին, սակայն բոլորն այսօր միայն մեկ կարևոր հարցի պատասխան են ուզում ստանալ՝ ինչպե՞ս է լուծվելու իրենց անվտանգության խնդիրը: Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ անվտանգության հարցը դարձել է թիվ մեկ խնդիր: Խոսքն այս պահին որևէ միջադեպով չէ պայմանավորված, այլ բնակիչների մտահոգությունը կապված է սահմանագծումների ապագա գործընթացի հետ:

«Մենք անվտանգությունն ենք կորցնում, հասկանո՞ւմ եք: Նոր դրանից հետո նյութական հարցերն են: Այո, կրճատվել են մեր հնարավորությունները՝ արոտավայրեր, վարելահողեր, անտառներ: Գյուղատնտեսության հետ կապված մեծ վնասներ են լինելու, բայց հիմա մեզ համար առաջնահերթ է բնակիչների անվտանգությունը պահելը, մնացած սոցիալական, տնտեսական հարցերը այս փուլում երկրորդական են»,-ասաց համայնքի ղեկավարն՝ ընդգծելով, որ ներկայում անվտանգության հարցերի ապահովման գործն արդյունավետ կազմակերպելու համար կամավորականներ են ներգրավվել:

Գևորգ Փարսյանը նկատեց, որ դեռ իրենց հատվածում սահմանազատման որևէ աշխատանք չի իրականացվել, սակայն սահմանների հստակեցման հարցում անորոշությունը շատ է, թե ինքը, թե բնակչությունը չգիտեն՝ ինչ է սպասվում:

«Եթե սահմանային բնագիծը ԽՍՀՄ-ի սահմանային գծերին համապատասխան լինի, ապա այդ դեպքում լուրջ անվտանգության հարց է առաջանալու: Եթե Տավուշի դեպքում գյուղերը որոշակի չափով հեռու են սահմանից, ապա Կապան քաղաքի դեպքում խոսքը 1 կմ-ի մասին է»,-ասաց Գևորգ Փարսյանը:

Համայնքի ղեկավարը նկատեց, որ նոր իրողություններով պայմանավորված՝ շատ բաներից բնակիչները զրկվել են, տնտեսական հնարավորությունները կրճատվել են: Անհրաժեշտություն է առաջանում սահմանային համայնքներում նոր ծրագրի իրականացման, որպեսզի տեղացիները կարողանան իրենց հմտությունները զարգացնել, իրենց գտնել նոր իրողություններում: Տնտեսական, սոցիալական խնդիրները կան, համայնքի ղեկավարը դրանք թվարկում է, սակայն հավատացնում է ու մեկ անգամ ևս ընդգծում՝ անվտանգությունն առաջնային է:

Այս խորագրի վերջին նյութերը