Մեկնաբանություն

16.12.2020 00:26


Ինչո՞ւ է «բոբիկացել» Արամ Զ. Սարգսյանը, որ ինքնամոռաց պաշտպանում է նիկոլին

Ինչո՞ւ է «բոբիկացել» Արամ Զ. Սարգսյանը, որ ինքնամոռաց պաշտպանում է նիկոլին

Դժվար է ասել՝ նիկոլ փաշինյանի նախաձեռնած սգո երթին նրան աջ ու ահյակ կողմերից թևանցուկ կմասնակցե՞ն «Ելք»-ի իր ոչ այնքան վաղուցվա դաշնակիցներ Արամ Զ. Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը:

Առհասարակ, դժվար է ասել՝ փաշինյանի նախաձեռնած այդ երթին իրենից, ՔՊ-ից (քանդել պետությունը), ԻՔ-ից (իսպառ քանդել), անվտանգության մի քանի տասնյակ ու ոստիկանության մի քանի հարյուր ծառայողներից բացի է՞լ ովքեր կմասնակցեն: Ովքե՞ր կցանկանան, թեկուզ մի կարճ ժամանակահատված քայլել մեկի հետ ու մեկի առաջարկով, ով արագացված մոտեցրեց պատերազմը, վայրիվերո մոտեցումներով տապալեց բանակցային գործընթացը, Հայաստանը զրկեց դաշնակիցներից, խարխլեց Հայոց բանակը, զորքին չապահովեց անհրաժեշտ սպառազինությամբ, աննպաստ իրավիճակում համառորեն ու տակուգլուխ հրամաններ արձակելով շարունակեց պատերազմը՝ դառնալով հազարավոր զինվորականների զոհվելու պատճառ: Ի լրումն, ով դրեց ու ժողովրդի թիկունքում կապիտուլյացիայի ակտ ստորագրեց, ով թշնամուն հանձնեց Արցախը և դեռ շարունակում է հանձնել, ով ըստ էության, կտոր-կտոր ՀՀ-ից է սահմանամերձ տարածքներ հանձնում՝ արդեն մեկ ամսից ավելի:

Ո՞վ կցանկանա քայլել հարյուր հազարավոր հայերի կողմից հողատու, դավաճան, կապիտուլյանտ, ազգադավ բնորոշվող մեկի կողքով ու նրա հետ:

Էդմոն Մարուքյանը և Արամ Զ. Սարգսյանը երևի կցանկանան: Համենայն դեպս «Ելք» դաշինքում փաշինյանի նախկին դաշնակիցները հիմա յուրովի են սատարում նիկոլ փաշինյանին, այսպես ասած՝ «տակից»:

Դե, Մարուքյանի դեպքը «կլասսիկ» ծանր է: Ասենք, Արամ Զ. Սարգսյանի դեպքն էլ: Այն օրը ՆԱ-1 («նիկոլի անձնական», նախկին Հ1) հեռուստաընկերությանն էր հարցազրույց տալիս: Էկզոտիկ բաներ էր ասում Վազգեն Սարգսյանի եղբայրը: Ի դեպ, հետաքրքիր է, նիկոլ փաշինյանը Արամ Սարգսյանին գոնե բացատրե՞լ է, թե ինչպես եղավ, որ իր եղբոր փառահեղ հուշարձանը, որ այս դեպքում ավելին էր, քան պարզապես կոթողը, գերի թողվեց թշնամուն հանձնած Շուշիում:

Չնայած ո՞ւմ ի՛նչ ենք հարցնում: Մարդը հարցազրույց է տալիս ու հենց սկզբում «բլթացնում» է, թե՝ այսօր Հայաստանում չկա մի գործիչ կամ մի մարդ, ով ալիևի հետ բանակցի տարածքները ճշտելու կամ նմանօրինակ այլ հարցերի շուրջ, ապա հավելում է՝ եթե կա նման մարդ, թող... ալիևն ասի: Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք, Արամ Զ. Սարգսյանի ընկալմամբ՝ ալիևը պիտի ասի, թե՝ Հայաստանում ով կա, ում հետ ինքը կբանակցեր:

Դա իբր քիչ է, նույն հարցազրույցի ընթացքում, որ ինքնին «գլուխգործոց» էր, Արամ Սարգսյանը կարծիք է հայտնում, թե փաշինյանի հրաժարականի կամ հեռանալու հետ կապված պահանջները, փոփոխությունների պահանջները որ դրվում են... արտաքին-քաղաքական խնդիրների հետ կապված են դրվում:

Լո՞ւրջ:

Իսկապե՞ս ազգային արժանապատվության ու դրանից բխող պահանջը կամ հրամայականը «արտաքին-քաղաքական խնդիր» են: Գուցե Արցախի բեկորների պաշտպանության ու արցախցիների անվտանգության ապահովման անհրաժեշտությո՞ւնն է արտաքին-քաղաքական խնդիր: Իսկ միգուցե Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի, առհասարակ՝ անվտանգության և ամբողջականության պաշտպանությո՞ւնն է արտաքին-քաղաքական խնդիր:

Թե՞ փաշինյանի կողմից կործանված բանակի վերականգնումն է արտաքին-քաղաքական հարց, դեռ չենք խոսում տնտեսության վիճակի մասին...

Չնայած, Արամ Զ. Սարգսյանի համար երևի ամեն ինչ ուղղակի աննման է: Հակառակ դեպքում ինքն այդքան «ծեխնիչնի» չէր փորձի պաշտպանել նիկոլ փաշինյանին:

Նա, նկատի ունենք Արամ Սարգսյանին, հիշել է, որ Սահմանադրություն էլ կա: Երկուսուկես տարի բոլորը համերաշխ մոռացել էին այդ փաստաթղթի մասին: Հիմա «հանկարծ» հիշել են:

Ի դեպ, գիտե՞ք, թե Արամ Սարգսյանի կարծիքով ադրբեջանաթուրքական զորքերը ինչո՞ւ չգրոհեցին Ստեփանակերտը կամ ինչո՞ւ չմտան Ստեփանակերտ: Եթե հարցազրույցը չեք լսել, չեք էլ կռահի: Արամ Սարգսյանի կարծիքով, ուրեմն, դա տեղի չունեցավ, որովհետև, եթե ալիևը նման բան աներ, դա կդիտվեր որպես «բռնի տեղահանություն», ինչը միջազգային հանրությունը չէր հանդուրժի, միջազգային հանրության ռեակցիան այլ կլիներ...

Նույնիսկ հարցազրույց վարողի աչքերը մի պահ ելան ճակատին:

Չէ, դուք հասկանո՞ւմ եք, Հադրութն ու Հադրութի ամբողջ շրջանը թշնամու կողմից գրավելը «բռնի տեղահանություն» չէ, Շուշին գրավելը կամ հանձնելը «բռնի տեղահանություն» չէ, Քարվաճառը, Բերձորը, Քաշաթաղը հանձնելը, ըստ որում, կռվով պաշտպանելուց հետո հանձնելը և հայության՝ հաշված ժամերի պայմանով արագ-արագ գաղթելը «բռնի տեղահանություն» չէ: Իսկ այ, որ Ստեփանակերտի վրա գրոհեին, ըստ Արամ Սարգսյանի՝ «բռնի տեղահանություն» կլիներ:

Իսկը տեղին է հիշել ժողովրդական մի խոսք, որոշակի անձանց գլխին ձյուն տեղալու վերաբերյալ:

Ի դեպ, Քարվաճառի կամ Բերձորի մասին: Արամ Զ. Սարգսյանը խոսքի մեջ նշեց, թե իրականում «բուն Արցախի տարածքից» առանձնապես մեծ կորուստներ չեն եղել (ըստ երևույթին, նկատի ուներ նախկին ԼՂԻՄ տարածքը): Բացի այն, որ դա այդպես չէ, քանի որ չես կարող Հադրութի ամբողջ շրջանը կամ Շուշիի շրջանը համարես... այնպես, էլի, աննշան կորուստ: Բայց բացի այն, որ ձևակերպումն ինքնին անհաջող է, ավերող ու մահացու է ընկալման կերպը:

Լավ, ինչո՞ւ է այսքան «բոբիկացել» Արամ Զ. Սարգսյանը: Նա, երբ նշում է կամ մեջբերում իր եղբոր՝ Վազգեն Սարգսյանի այս կամ այն միտքը, գոնե մի պահ պատկերացնո՞ւմ է, թե ինչ կլիներ իր հետ, եթե Վազգեն Սարգսյանը, օրինակ երեկվա նրա ասածները լսեր կամ ինչ-որ հրաշքով տեսներ, թե եղբայրը ո՛ւմ է փորձում պաշտպանել:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը