Քաղաքական

15.12.2020 20:04


«Տոնոյանն ասաց՝ պետք չի, մենք ունենք ամեն ինչ, ամեն ինչի մասնագետներն էլ ունենք»․ Միքայել Հարությունյան

«Տոնոյանն ասաց՝ պետք չի, մենք ունենք ամեն ինչ, ամեն ինչի մասնագետներն էլ ունենք»․ Միքայել Հարությունյան

168.am-ը կապ է հաստատել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի հետ և փորձել պարզել՝ ի՞նչ է նա մտածում պատերազմի ելքի մասին, դրա հետևանքների, և թե ինչ միջոցներ է նա ձեռնարկել Արցախ մեկնելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

Գեներալը մեր հարցադրումներին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ պատերազմի օրերին՝ հոկտեմբեր ամսվա սկզբին, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել գալ Հայաստան, Արցախ և նրա կողքին լինել՝ իր մասնագիտական փորձով, Տոնոյանն ասել է՝ հաղթելու ենք, դրա կարիքը չկա:

Հիշեցնենք, որ դեռ սեպտեմբերի 29-ինՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ դիմել է Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, որպեսզի իրեն հնարավորություն տան գալ Հայաստան և մեկնել Արցախ, սակայն պատասխան չի ստացել:

Ավելին, Միքայել Հարությունյանն իմանալով, որ Արցախում ռուսական արտադրության տեխնիկա կա, որը մասնագետների բացակայության պատճառով չեն կարողանում օգտագործել, առաջարկել է համապատասխան մասնագետներ ուղարկել, սակայն այս առաջարկը ևս մերժվել է:

«Ռուսական տեխնիկա կար, որը չէին կարողանում օգտագործել, քանի որ մասնագետ չկար: Այդ համապատասխան մասնագետները մենք ունեինք, և ես ասացի՝ գիտեմ, որ այսպիսի խնդիրներ կան, ես պատրաստ եմ օգնել մասնագետներով, որ գան և՛ սովորեցնեն, և՛ այլ հարցերում օգտակար լինեն: Տոնոյանն ասաց՝ պետք չի, մենք ունենք ամեն ինչ, ամեն ինչի մասնագետներն էլ ունենք: Եվ այսպես խոսակցությունն ավարտվեց: Բայց գիտեմ, որ այդ տեխնիկան չի օգտագործվել՝ մասնագետներ չլինելու պատճառով»,-նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:

Ի դեպ, գեներալ Հարությունյանը Դավիթ Տոնոյանին առաջարկել է նաև, քանի որ ՀՀ ղեկավարությունը հնարավորություն չի ստեղծում, որ գա Հայաստան, ինքը պատրաստ է ՌԴ-ում օգտակար լինել:

«Ասել եմ՝ նշեք կոնկրետ խնդիրներ, և ես կփորձեմ դրանք հենց ՌԴ-ում լուծել, բայց ոչ մի պատասխան չեմ ստացել, ոչ մի խնդրի մասին ինձ չեն ասել»,-ասաց Հարությունյանը:

Այս խորագրի վերջին նյութերը