Մեկնաբանություն

15.12.2020 14:05


Օպերացիա... «միլիցա-պեպելնիցա», ձեր սառչելը նիկոլի կենդանական վախից ա

Օպերացիա... «միլիցա-պեպելնիցա», ձեր սառչելը նիկոլի կենդանական վախից ա

Մեր ժողովրդական իմաստությունները խիտ են ու տարողունակ՝ ի հակադրություն ներկայիս իմաստազուրկ և վերացած պահվածքի: Երևի պատիվ, ազգային արժանապատվություն ասվածները մեր ժողովուրդը խոր անցյալում է թողել, իսկ ինքնապահպանման բնազդն էլ, վուվուզելի ոռնոցների ներքո, ոչ վաղ անցյալում է թաղել: Ինչևէ:

Երբեմնի իմաստության խտացված այսպիսի ձևակերպումներ կան. «Գող՝ սիրտը դող», «Երկու վախը մի մահ ա»: Հիմա սրանն է: Կռահեցիք, իհարկե, որ նկատի ունենք նիկոլ փաշինյանին:

Շաբաթ-կիրակի, ըստ որում՝ գիշերով, էլի բոլորին խառնեց իրար. է՛լ ոստիկանության եղած-չեղած անձնակազմը բերել ու կառավարական ամառանոցների համալիրի մոտ շարել, է՛լ աած-մաած, է՛լ (ան)պաշտպանության նախարարություն, չհաշված՝ «վեռտալյոտը», որին գրական հայերեն ուղղաթիռ են ասում: Դե, դա էլ փողոցի մեջտեղն իջեցնել էր տվել, որ երևի չժանգոտի:

Մինչդեռ ինքն արդեն լրիվ ժանգոտած է, քիչ չի, մի բան էլ իր ժանգը շուրջբոլորն է տարածում, և այդ սատանայական «կոռոզիան» ուտում է մեր Հայրենիքի վերջին բեկորները, ցավոք՝ բառի ամենաուղիղ իմաստով:

Մինչ այդ, նույնպես բառի ամենաուղիղ իմաստով, վախը կերել է նիկոլ փաշինյան կոչվածին: Նա, կարող եք չկասկածել, վախի, ավելին՝ կենդանական վախի անզուսպ նոպաներ է ունենում, իսկ վերջին շրջանում ընդհանրապես համակողմանի ու իր ամեն ինչը պարալիզացնող պանիկայի, եթե կուզեք՝ կաթվածահարող խուճապի տևական ազդեցության տակ է:

Չարաղետ նիկոլ փաշինյանը, անտարակույս, հստակ գիտակցում է, թե ինչ է արել, ինչ կարգի աններելի ու ահավոր ոճրագործույթուն է կատարել: Նա՝ որպես իր իսկ ասած՝ շնաբարո դուրսպրծուկ, հստակորեն հաշիվ է տալիս ինքն իրեն, որ նման ոճիրների համար ոչ միայն դարերով ու երբևէ ներում չի լինում, այլև ներկա ժամանակում էլ կարող են իրեն բզիկ-բզիկ անել պարզապես:

Վախենում է, ու այդ վախերն անհաղթահարելի են: Արհեստական «խթանիչներն» էլ չեն օգնում, ինչ ուզում է լինի՝ դեղ, թե որևէ ոգելից հեղուկ: Դրանք ընդամենը ընդգծում ու ավելի են խորացնում պարանոիդալ շեղումներն ու դրանց ժառանգական հակումները:

Որպես ուղիղ հետևանք, հազարավոր ոստիկաններ, ձմեռային գիշերները լուսացնում են կառավարական առանձնատների համալիրը կամ կառավարության շենքը շրջապատած: Մայրաքաղաքը մղձավանջային հերթական գիշերն է լուսացնում...

Մի խոսքով՝ օպերացիա «Ы», իսկ այս դեպքում՝ օպերացիա «միլիցա-պեպելնիցա»:

Ի դեպ, «միլիցաներիդ» անկապ սառչելը ձեր նիկոլ փաշինյանի կենդանական վախի՛ց ա: Իմացեք դա: Հասկանալի է, որ միլիցաներիդ մի զգալի մասը և ձեր միլիցապետը խզել եք հայ ժողովրդի ու պետականության հետ երբևէ ունեցած բոլոր կապերը, բայց դուք էլ, որպես «օրգանիստներ» իմացած եղեք, թե ինչ կարգի օրգանիզմի պաշտպանությանն եք լծվել: Ի դեպ, դա էլ չի ներվելու: Դավաճանին պաշտպանողները նրանից ավելի լավը չեն:

Մյուս կողմից, ավելի ճիշտ՝ գիշերային հարայ-հրոցից բացի ու դրան զուգահեռ, ակտիվորեն սկսեցին խոսակցություններ ու լուրեր շրջանառվել, թե նեռի դեսպանորդը հրաժարական է տալիս, հրաժարականի ուղերձ է պատրաստում ու նման բաներ: Բնականաբար, ոչ մի նման բան էլ տեղի չունեցավ: Ավելին, կարելի է գրեթե չկասկածել, որ «հրաժարականի ուղերձ պատրաստելու», «հրաժարական տալու հարցը» ՔՊ խամաճիկների հետ գիշերվա կեսին քննարկելու ու նման լուրերի տարածման սկզբնաղբյուրները նույն կառավարական առանձնատանը կամ փաշինյանի աշխատասենյակում ու մերձակայքում են: Ինչո՞ւ:

Տիրապետելով մանիպուլյատիվ ապատեղեկատվության որոշ հնարքների ու նաև ունենալով ահռելի փորձ այդ «բնագավառում», նիկոլ փաշինյանը դիմում է նման «քայլերի»: Մասնավորապես, իրավիճակում, երբ գնալով թափ է հավաքում նրա հեռացման և երկիրը նիկոլա-աննայական չարիքից փրկելու նպատակով ծավալվող պայքարը, փաշինյանն ու փաշինյանական շրջանակները հրաժարականի նախապատրաստության մասին «կտեր» են նետում:

Դա պահի տակ գործող ու մեկանգամյա հնարք է, իհարկե: Այսինքն, կոնկրետ տվյալ պահին այն կարող է գործել, փոքր-ինչ հանդարտեցնել տրամադրություններն ու մասամբ թոթափել լարվածությունը, քանի որ ձևավորվում է կարճաժամկետ սպասողական վիճակ, մարդիկ սպասում են, որ հեսա-հեսա, առաջիկա 1-2 ժամին հրաժարականի մասին կհայտարարվի: Մինչդեռ ոչինչ էլ, բնականաբար, չի հայտարարվում, փոխարենը տեղեկանում ենք երկրի այս կամ այն հատվածում ևս ադրբեջանաթուրքական զինյալների առաջխաղացման կամ դիրքավորվելու մասին: Ի լրումն, նիկոլ փաշինյանը մի քանի օրով էլ է երկարաձգում իր անիծյալ պաշտոնավարումը:

Երկարաձգում է: Բայց դրա հետ մեկտեղ այն անխուսափելիորեն մոտեցնում է նաև շատ ավելի անկանխատեսելի ընթացքով ու դրսևորումներով, բայց ենթադրելի դաժան վերջաբանի:

Արցախը կործանած ու, այդպիսով նաև Հայաստանի կործանման ռեալ պայմաններ ապահոված նիկոլ փաշինյանը առնվազն արդեն 1 ամիս ու 5 օր է, ինչ ամեն օր ապացուցում է, որ իրեն ժամ առաջ իշխանությունից հեռացնելն ու մեկուսացնելը կենսական անհրաժեշտություն են: Իշխանության ղեկին նիկոլ փաշինյանի անցկացրած ամեն մի օրը Հայաստանի ապագայից գողացված առնվազն 1 տարի է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը