Քաղաքական

13.12.2020 18:32


Մի խումբ մարդիկ արգելել են Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանին մուտք գործել եկեղեցի՝ հայհոյելով և հրմշտելով նրան․ պատճառը եղել է քահանայի մասնակցությունը Երևանում տեղի ունեցած դեկտեմբեր 5-ի հանրահավաքին

Մի խումբ մարդիկ արգելել են Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանին մուտք գործել եկեղեցի՝ հայհոյելով և հրմշտելով նրան․ պատճառը եղել է քահանայի մասնակցությունը Երևանում տեղի ունեցած դեկտեմբեր 5-ի հանրահավաքին

Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց Թեմը հայտարարություն է տարածել.

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ

Խիստ մտահոգված ենք Գեղարքունյաց թեմի Մարտունի համայնքում տեղի ունեցած միջադեպով։
Տարվույս դեկտեմբեր 11-ին Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչներ արգելել են հոգևոր հովիվ Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանին մուտք գործել եկեղեցի՝ փակելով եկեղեցու դուռը, հայհոյելով և հրմշտելով քահանային։ Պատճառը, ինչպես նրանք են պնդել, եղել է քահանայի մասնակցությունը Երևանում տեղի ունեցած դեկտեմբեր 5-ի հանրահավաքին, քարոզներում նրա կողմից «քաղաքական հայտարարություններ» հնչեցնելը և այլ դժգոհություններ։

Միջադեպից անմիջապես հետո առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանն այցելել է Մարտունի համայնք՝ Սբ. Աստվածածին եկեղեցի, հանդիպել քահանայից դժգոհող անձանց հետ՝ հորդորելով զերծ մնալ անհանդուրժողականությունից և հայհոյանքներից և առաջնորդվել քրիստոնեական սիրով և գիտակցությամբ, որպեսզի խաղաղ մթնոլորտի մեջ լուծում տրվի առաջացած խնդրին։ Հայր Սուրբը անընդունելի է համարել տեղի ունեցած միջադեպը՝ եկեղեցու դուռը փակելը և քահանայի հասցեին վիրավորանքներ ու հայհոյանքներ հնչեցնելը։

Ի շարունակություն այդ հանդիպման՝ առաջնորդական տեղապահը կիրակի՝ 13.12.2020թ. Սուրբ Պատարագ է մատուցել Մարտունու Սբ. Աստվածածին եկեղեցում և հավարտ Սուրբ Պատարագի կրկին հանդիպել քահանայից դժգոհ անձանց հետ՝ նշելով, որ խնդիրը պետք է լուծել սիրո և խաղաղության մթնոլորտի մեջ՝ համաձայն եկեղեցական կարգուկանոնի։

Ըստ այդմ, եթե որևէ համայնքում եկեղեցականի հանդեպ առկա է դժգոհություն, առավել ևս քաղաքականությամբ զբաղվելու մեղադրանք, ապա համայնքի բնակիչների կողմից գրավոր, փաստարկված, բողոք է ուղղվում թեմակալ առաջնորդին, ով հարցը ներկայացնում է եկեղեցական համապատասխան կարգապահական ատյանին (Հայ եկեղեցու կարգապահական հանձնախումբ)։ Հանձնախմբի կողմից հարցի քննությունից հետո հրապարակվում է որոշումը, որով քահանայի հանդեպ մեղադրանքները հերքվում կամ հաստատվում են։ Մեղադրանքի հաստատումից հետո է միայն քահանան ենթարկվում կարգապահական տույժի։ Մեր եկեղեցին առաջնորդվում է իր կարգուկանոնով և ոչ թե փողոցային դատաստաններով և այլ մոտեցումներով։

Նկատի ունենալով հայաստանյան ներքաղաքական և հետպատերազմական լարված իրավիճակը, ուզում ենք հավատալ, որ վերոհիշյալ միջադեպը կազմակերպված և ուղղորդված չէ հակաեկեղեցական կամ այլ ուժերի կողմից։

Վերստին հորդորում ենք քահանայից դժգոհող Մարտունի համայնքի բնակիչներին սիրո և հանդուրժողականության մթնոլորտի մեջ համախմբվելու եկեղեցու շուրջ՝ դրսևորելով հարգանք և քրիստոնեական գիտակցություն՝ չխաթարելու համար համայնքային խաղաղ կյանքը։

Այսօր առավել քան երբևէ մեր ժողովրդին անհրաժեշտ է միաբան լինել, միմյանց հանդեպ փոխադարձ հարգանքով և սիրով, հանդուրժել այլակարծությունը, որպեսզի Տիրոջ օգնականությամբ և օրհնությամբ, համերաշխ մթնոլորտի մեջ, հնարավոր լինի հաղթահարել ազգային մեր կյանքի այս դժվարին իրավիճակը։

ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
13.12.2020»:

Այս խորագրի վերջին նյութերը